ՍԵՐԺԱՆՏ ԱՐԱՄԱՅԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Արամը բոլորի սիրելին էր, երկար սպասվածը: Երբ Գուրգենի կինը՝ Ռուզաննան, երրորդ աղջիկն ունեցավ, սկեսրայրը՝ Արամայիսը, խռովեց բոլորից: Բա ի՞նչ աներ: Նա այսքան ժամանակ թույլ չի տվել իր անունը մյուս թոռներին դնել: Հենց Գուրգենի տղան է իր անունը կրելու: Չէ՛, չի՛ խոսելու տղայի ու հարսի հետ այնքան ժամանակ, մինչև որդի ունենան:
Պատկերացնո՞ւմ եք Արամայիս պապի ուրախությունն ու հպարտությունը, երբ 1997 թ. իր անունը կրող թոռնիկ ունեցավ վերջապես: Երբ Արամը դարձավ երեք տարեկան, պապը հրաժեշտ տվեց այս կյանքին: Ոսկե գանգուրներով փոքրիկը քույրերի՝ Տաթևի, Գոհարի, Գայանեի պաշտելին, հիացմունք ու զվարճանք էր պարգևում բոլորին: Քույրիկներն սպասում էին, որ ծնողները տանից գնան, որպեսզի Արամն ամբողջովին իրենց «տրամադրության» տակ լինի: Արագ-արագ նոր շորեր էին հագցնում փոքրիկին, հանում էին բակ՝ ծաղիկների մեջ լուսանկարելու: Չարաճճի փոքրիկը սիրում էր ջուրը մտնել, բայց օճառ չէր սիրում: Օճառոտ-օճառոտ փորձում էր ջրից փախչել: Հետաքրքրասեր էր, փոքր տարիքից՝ աննկարագրելի աշխատասեր: Յոթ տարեկան էր, բարեկամի տնից մանգաղը վերցրել ծառերի տակի խոտն էր քաղել…
Դաս սովորելուն դժվար էր տրամադրվում. «Սոված եմ, ուտեմ՝ հետո, մի քիչ խաղամ՝ հետո, փորս է ցավում, հոգնած եմ», հետո էլ ավելացնում էր. «Գիտեմ, էլ ինչո՞ւ նորից սովորեմ»:
Կենսուրախ էր, հումորով, անչափ ակտիվ, ճկուն մտածողությամբ, մաթեմատիկական կարողություններով։ Հաճախում էր կարատեի, լողի խմբակներ:
2015 թ. ավարտեց Կապսի միջնակարգ դպրոցն ու ընդունվեց ՇՊՀ-ի նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության բաժին: Նվիրված, պարտաճանաչ ուսանող էր՝ հարգված, սիրված դասախոսների և համակուրսեցիների կողմից: Գյումրին շատ սիրեց: Ժամանակի մեծ մասն անցկացնում էր քաղաքում։ Բայց երբ իմանար, որ մեկն իր օգնության կարիքն ունի, դառնում էր «գյուղի խաս տղա»: Կնստեր «Վիլիսն» ու կշտապեր այնտեղ, ուր իր կարիքը կար: Կարճ ժամանակում կավարտեր գործը ու նորից քաղաք կգնար:
Կապսի անտառը յուրահատուկ տեղ է, Արամայիսն էլ բնության խենթ սիրահար էր. Մի փոքր անձրև տեղար, կշտապեր սունկ հավաքելու: Արևոտ օրերին անտառի տաղավարներից մեկում նա իր ընկերների հետ մշտապես տեղ էր զբաղեցնում: Սիրում էին տղաներով Սրբի սար բարձրանալ: Սարի գագաթի մատուռում մոմեր էին վառում, հիանում էին բնության գեղեցիկ տեսարաններով, կատակում էին, զվարճանում, սառն աղբյուրի մոտ հաց էին ուտում, ծարավները հագեցնում անապակ ջրով: Երջանկությունը հորդում էր երիտասարդների սրտերից: Արամն առաջինն էր բարձրանում սարի գագաթ: Իսկ Վարդավառնե՜րը… Ջրում ու ջրվում էին անվերջ։ Նրանց ծիծաղը տարածվում էր հեռու-հեռուներ… Ասես լեռները, ձորերն ու դաշտերը նույնպես հրճվանք էին ապրում երիտասարդների ներկայությունից…
…2019 թ. Արամը մեկնեց զինվորական ծառայության: Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում վեցամսյա զինպատրաստություն անցավ: Զորամասում մնալու առաջարկից հրաժարվեց: Կրտսեր սերժանտի կոչումով՝ որպես տանկի հրամանատար, ծառայությունը շարունակեց Կովսականի զորամասում, որտեղ էլ հանդիպեց մանկության ընկերոջը՝ Արմենին: Հիշեցին, թե Սևանում Արամը ոնց էր խեղդվելուց փրկել Արմենին:
«Ես քեզ միշտ փրկելու եմ, ախպե՛րս»,- վստահեցրեց Արամը:
Զորամասում ծանոթացավ Գաբոյան Վասպուրի հետ: Շատ շուտ մտերմացան: Հարազատ եղբոր պես էին: Արամը «Բանակի գերազանցիկ» էր, սիրված ու կարգապահ զինվոր, խստապահանջ սերժանտ, յուրահատուկ մարդ ու անձնվեր բանակային ընկեր: Ծառայության տասնհինգերորդ ամսում սկսվեց Արցախյան պատերազմը: Հենց առաջին օրից նրանց զորամասն ընդգրկվեց մարտական գործողությունների մեջ: Այս ստորաբաժանմանն էր վստահված ՊԲ-ի հարավարևելյան թևի պաշտպանությունը:
«Ի՞նչ պիտի լինի այս պատերազմի վերջը»,- հեռախոսով Արամին հարցնում է գյուղի ընկերը:
«Հո՛վ ջան, որ ես հետ գամ, ուրեմն՝ հաղթել ենք»,- պատասխանում է Արամը:
Առաջնագծում, թեժ մարտերի մեջ, Արամն անվերապահորեն կատարել է ցանկացած առաջադրանք: Մարտերի ժամանակ բազմաթիվ սխրանքների, հերոսական դրվագների մասնակից է եղել: Ջրականի մարտերի ժամանակ, կորցնելով տանկը, հայտնվել է շրջապատման մեջ: Դժվարությամբ դուրս գալով շրջապատումից՝ Վասպուրի և մյուս զինակից ընկերների հետ ինքնակազմակերպվել են ու շարունակել մարտը, միևնույն ժամանակ, մարտադաշտից դուրս են բերել տասնյակ վիրավոր զինվորների, հասցրել հիվանդանոց տեղափոխող մեքենաներ՝ փրկելով նրանց կյանքը: Մեր տղաները կռվել են «ոչ մի քայլ ետ» սկզբունքով: Ծնողների զանգերին չեն պատասխանել…
Կորուստներ՝ թանկ, վիշտ՝ անտանելի ծանր-ծանր: Բայց տղաները կռվել են մինչև վերջ: Թշնամին օգտագործել է արգելված զինատեսակներ, կրակե հեղեղ է թափել, սակայն մեր առյուծները չեն նահանջել ու իրենց կռիվը տվել են մինչև վերջին փամփուշտը:
«Արմե՛ն, հերթը մեզ էլ կհասնի, մենք էլ կընկնենք»,- առաջին անգամ կանխազգացումը բարձրաձայնել է Արամայիսը:
Տասնութ օր տղաները կռվեցին անձնվիրաբար՝ հանուն Հայրենիքի, հանուն իրենց սուրբ օջախի: Հոկտեմբերի 15-ին՝ հենց իր ծննդյան օրը, սառեցին նաև Արամ Մուրադյանի կյանքի չապրած գարունները: Արամը հերոսաբար զոհվեց իր ընկերների հետ՝ մինչև վերջին պահը մնալով մարտական դիրքերում:
…Քույրը՝ Տաթևը, հոկտեմբերի 14-ին զանգում է եղբորը.
«Արա՛մ ջան, գիշեր-ցերեկ աղոթում ենք քեզ համար»:
Իրավիճակը ծանր էր, ասելիքը՝ շատ, բայց բառերը չէին գալիս: Արամը ոչինչ չի ասում, միայն՝ դե, լավ, վե՛րջ»:
Տիկին Ռուզաննան դեպքից մի քանի ժամ առաջ խոսում է Արամի հետ, շնորհավորում ծնունդը:
«Արամ ջա՛ն, որ հնարավոր լինի, հեռախոսը տուր Արմենին, թող տուն զանգի»:
«Մա՛ ջան, Արմենը լավ է, վերևում կապ չկա: Ա՛յ, հենց հիմա Արմենին եմ տեսնում հեռվից: Ահա՛, մոտենում է, հիմա հեռախոսը իրեն կտամ»:
«Հա՛, ցա՛վդ տանեմ, տո՛ւր, թող ինքն էլ տնեցիների հետ խոսի: Մոր սիրտ է, չի դիմանա»:
…Հետո ո՛չ մի լուր, ո՛չ մի տեղեկություն Արամից: Արմենը որքան էլ փնտրեց, չկարողացավ գտնել ընկերոջը: Իմացավ՝ Արամն անհետ կորած է: Չհավատաց. «Վիրավորված, մի հիվանդանոցում պառկած կլինի»: Սկսեցին որոնումները: Հայրը Վասպուրի հոր՝ Գառնիկ Գաբոյանի ու այլ հարազատների հետ լուսանկարներն առած՝ հարցուփորձ էին անում: Հարթագյուղից մի տղա ճանաչեց Արամին:
«Ես իր հետ կռվի դաշտում չեմ եղել, բայց տեսել եմ Խնձորեսկի հիվանդանոցում վիրավորների տեղափոխելիս»: Չհավատացին, բայց տղան պնդեց. «Ինքն է, մեջքից վիրավոր զինվոր էր բերել: Հոսպիտալում տեղ չկար, վրանի մեջ տեղափոխեցին, որ գոնե առաջին օգնություն ստանար: Չեմ շփոթում: Արամը հիշվող դեմք ունի և տանկիստի շորերով էր»:
Պարզվեց, որ Արամենք առավոտյան վիրավորների են տեղափոխել Խնձորեսկ ու կրկին վերադարձել մարտադաշտ: Երկար, տանջալից որոնումներից հետո՝ դեկտեմբերի 18-ին, գտնում են մարտադաշտում զոհված Արամին, Վասպուրին և իրենց զինակից տղաներին…
Կապս գյուղի փողոցներից մեկն այժմ կրում է Արամայիս Մուրադյանի անունը: Նրա հոր՝ Գուրգենի ֆինանսավորմամբ և ընկերների անմիջական մասնակցությամբ Կապսի անտառում, ուր այցելուների պակաս չկա, կառուցվեց մի գեղեցիկ տաղավար՝ Արամայիսի անունով: Շուտով հուշաղբյուր ևս կկառուցվի…
Սերժանտ Արամ Մուրադյանը հետմահու արժանացել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալի:
ՀՐԱՆՈՒՇ
ք. Գյումրի
Խորագիր՝ #38 (1409) 29.09.2021 – 5.10.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում