Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԽԱՂԱՂ» ԿՈՂՄԸ



 

ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԽԱՂԱՂ» ԿՈՂՄԸՊԱՏԵՐԱԶՄԻ «ԽԱՂԱՂ» ԿՈՂՄԸՍեպտեմբերի 27-ին ՀՀ Նկարիչների միությունում տեղի ունեցավ Միքայել Նազարենկոյի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմության ցուցադրությունը, որը հեղինակը նվիրել է 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցներին ու անմահացած հերոսներին:

44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով` ստեղծել է «1080 ԺԱՄ» փաստագրական սքանչելի ցուցադրությունը, որտեղ ներկայացված են հեղինակի լավագույն 55 լուսանկարները:

-Այս լուսանկարները ներկայացնում են պատերազմի խաղաղ կողմը. կարծում եմ` անգամ ամենադաժան բանի մեջ չնչին խաղաղություն կա, և ես փորձել եմ ներկայացնել դա: Ցուցադրված  լուսանկարներում մենք կարող ենք տեսնել կռվող զինվորի, զինծառայողի առօրյան, մի պահ զգալ այն լարված վիճակը, որը նրանք ապրել են այդ հանգստի շատ կարճ րոպեների ընթացքում, նաեւ նրանց, որոնց համար, գուցե, նախկինում չեն եղել այդպիսի իրավիճակներ, բայց ստիպված սովորել են ու այնտեղ սկսել ապրել այլ առօրյայով` ապրելով ու ապրեցնելով, ապրելով ու փորձելով կատարել իրենց առաքելությունը,- այսպես ներկայացրեց իր աշխատանքները լուսանկարիչը:

Լինելով պատերազմական իրադարձությունների կիզակետում՝ Միքայելը տեսել է կյանքի ամենադաժան կողմը, եւ այսօր հեշտ չէ նայել ցուցադրվող լուսանկարներին.

-Սա մի մեծ վերք է, մի մեծ ցավ բոլորիս համար… Սակայն այս ամենին զուգահեռ կյանքը շարունակվում է, ու մենք պետք է մեր ցավի հետ մեկտեղ փորձենք ապրել հավատով ու առաջ գնալ: Ինձ համար շատ ծանր է, բոլորիս համար է այս թեման ծանր, բայց ասում են` լացը լաց է բերում. պիտի շարժվենք առաջ,- ասաց հեղինակը:

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց նաեւ «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ժամանակ, հենց առաջնագծում։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Խորագիր՝ #38 (1409) 29.09.2021 – 5.10.2021, Բանակ և հասարակություն


30/09/2021