Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԱՐԾՎՈՒՀԻՆ



«Առանց թռիչքի իմ կյանքը չեմ պատկերացնում»,- ասում է 39-ամյա Քրիստինա Իլիկչյանը, որ 14 տարեկանից զբաղվում է պարաշյուտային սպորտով: Սկզբում պարաշյուտով թռչելը սիրած զբաղմունք էր, հետո դարձավ մասնագիտություն. «Ես երբեք չէի մտածում, որ այս ամենը կարող է մի օր լրջանալ ու բացի հոբբիից դառնալ իմ հիմնական աշխատանքը, եւ որ այս մասնագիտությամբ կծառայեմ բանակում»:

Դեռ 18 տարեկան չկար, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, և սկսվեցին ծանր տարիները: Այդ ընթացքում պայթեց նաև Ղարաբաղյան պատերազմը. «Պետք էր մի տեղ աշխատել, ու այնպես ստացվեց` ընդունվեցի զորամաս: 1992 թվականն էր: Մեր բանակը նոր էր ձևավորվում: Պարաշյուտադեսանտային ծառայությունում կադրերի պակաս կար: Ես էլ քանի որ այդ գործից հասկանում էի, ընդունվեցի: Աշխատում էի որպես հրահանգիչ»: Արածի արժեքը ոչ միայն նրա, այլև մեր բանակի ղեկավարության համար էր ակնառու ու անչափ կարևոր: Քրիստինա Իլիկչյանին վստահվեց ղեկավարել որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայությունը, իսկ 2009-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից արժանացավ «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալի:

Կապիտան Իլիկչյանի հիմնական պարտականությունը օդաչուներին և տարբեր ստորաբաժանումների զինծառայողներին թռիչքի նախապատրաստելն է` տեսականից մինչև գործնական. «Մենք այնպես ենք զինծառայողներին սովորեցնում, որ գիշերն էլ քնից արթնացնեն ու հարցնեն` թռիչքի ժամանակ օդում ի՞նչ պետք է անել, ասեն: Ամեն ինչ պետք է իմանան ու լավ իմանան, քանի որ օդում հրահանգիչը իրենց կողքին չէ, և յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել»: Քրիստինան ասում է՝ անչափ կարևոր է մինչև թռիչքը զինվորների հետ ճիշտ հոգեբանական աշխատանք տանել, որ վերևում՝ ուղղաթիռի մեջ, կարողանան հաղթահարել վախն ու անպայման թռչեն. «Թռիչքից հետո նրանք այնքան են փոխվում: Նրանց աչքերը մի ուրիշ ձևով են փայլում: Այդ աչքերը տեսնելու համար արժե չարչարվել»:

«Я ПАДАЮ, РАЗ. Я ПАДАЮ, ДВА. Я ПАДАЮ, ТРИ»

Քրիստինայի աչքերը նույնչափ արտասովոր էին փայլում ուղիղ 25 տարի առաջ` 1986 թվականի մարտի 29-ին, երբ դեռ 7-րդ դասարանցի Քրիստինան առաջին անգամ պետք է թռչեր. «Եկանք Արզնի: Դեռ գետնին ձյուն կար: Պարաշյուտները հագանք ու նստեցինք ուղղաթիռ: Բարձրացանք 1000 մետր»: Մինչ օդ բարձրանալը դպրոցականները երեք ամիս պարապել էին, թե օդում ինչ պետք է անեն, որ ապահով գետնին հասնեն. «Մինչ ուղղաթիռ նստելը մեզ նաև ասել էին, որ օդում կհաշվեք` ÿ տՈՊՈ՚, ՐՈջ. շ տՈՊՈ՚, ՊՉՈ. շ տՈՊՈ՚, ՑՐՌ, ապա օղակը կքաշեք»: Ստացվում է այնպես, որ խմբից երկրորդը պետք է թռչեր Քրիստինան. «Ինձնից առաջ մի հաղթանդամ, կերած-խմած տղա էր: Մտածում էինք, որ հաստատ չի վախենա: Բայց հանկարծ այդ տղան դռան արանքում քարացավ ու ասաց` չեմ թռչի: Կանգնել է ու չի շարժվում: Մեկ էլ էն տեսնենք, որ նրան այնպես խփեցին, որ շամպայնի խցանի պես դուրս թռավ: Էդ ժամանակ մտքումս ասեցի՝ Քրիստինա, դու ինքդ պետք է թռչես, որ քեզ էլ էդպես «չօգնեն»»: Քրիստինան առաջին թռիչքի ժամանակ չի վախեցել ու աչքերը չի փակել: Հակառակը, փորձել է երկնքից ուսումնասիրել, թե ինչ կա ներքևում. «Կարծես կինոյի դանդաղեցրած կադրեր լինեն աչքիդ առջև բացվող պատկերները: Մինչև փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է քեզ հետ կատարվում, արդեն հասնում ես գետնին: Իսկ, այ, երկրորդ անգամ արդեն վախ կա, քանի որ գիտես, թե ինչ է լինելու»:

Առաջին թռիչքից մեկ տարի անց Քրիստինան համալրում է նորաստեղծ պարաշյուտային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որի ավագ մարզիչն էր Թևոս Իլիկչյանը. «Թիմի կազմում տասը հոգի էինք՝ հինգ աղջիկ, հինգ տղա: Մի քանի ամիս պարապելուց հետո սկսեցինք մասնակցել տարբեր՝ համամիութենական և միջազգային մրցումների»: Քրիստինան հիշում է, որ իրենց ամենակարևոր ելույթը եղել է 90-ականների սկզբին, երբ միջազգային մրցմանը ներկայացրել են անկախ Հայաստանի Հանրապետությունը և զբաղեցրել երրորդ պատվավոր տեղը՝ իրենցից հետ թողնելով Վրաստանին և Ադրբեջանին:

«ԵՍ ՉԷԻ ՈՒԶԵՆԱ, ՈՐ ԻՆՁ ԱՍԵՆ` ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՍ ՆՄԱՆ»

Զբաղվելով պարաշյուտային սպորտով՝ Քրիստինան գտավ ոչ միայն իրեն հոգեհարազատ մասնագիտություն, այլև իր կյանքի ընկերոջը: Սկզբում իրար հետ շփվում էին որպես մարզիչ և մարզիկ: Հետո իրար ճանաչեցին ու համակրեցին թռիչքների ընթացքում՝ օդում, ապա երկնային սերը դարձավ երկրային ու շարունակվում է մինչ օրս: Սիրո առաջին խոստովանությունը լսել է երկրի վրա, իսկ առաջին սիրո համբույրը՝ ստացել երկնքում. «Կա մի վարժություն, երբ օդում գալիս, զույգերով միանում ենք իրար, այդ ժամանակ էլ անակնկալ համբուրեց»: Քրիստինան վստահեցրեց, որ ինչքան էլ իր մասնագիտությունը համարվի տղամարդկային ու առօրյայում ավելի հաճախ շփվի ուժեղ սեռի հետ, միևնույն է, կյանքում ոչ մի վայրկյան չի դադարել իրեն կին զգալ. «Ինչ մասնագիտություն էլ ունենաս, նախևառաջ կին ես: Գուցե մի փոքր ավելի ուժեղ, քան մյուս կանայք: Ես չէի ուզենա, որ ինձ ասեին` տղամարդու նման ես: (ծիծաղում է): Սակայն չեմ կարող նաև չնշել, որ բանակում զինվորի աչքում դու պետք է նույնքան ուժեղ ու ամուր լինես, որքան տղամարդ զինվորականը, կամ, գոնե, ցույց տաս, որ այդպիսին ես»:

Քրիստինա Իլիկչյանն ու իր ամուսինը՝ ՀՀ զինված ուժերի ավիացիայի ծառայության պետ, գնդապետ Թ. Իլիկչյանը ղեկավարում են նաև Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիան: «Մեզ մոտ շատ են եղել դեպքեր, երբ եկել են մի անգամ թռչելու, սակայն սիրահարվել են ու դարձել լավ պարաշյուտիստներ»: 1800 թռիչք կատարած Քրիստինան հավաստիացնում է. ավելի հեշտ է թռչել, քան նայել, թե ինչպես են թռչում իր սաները. «Երբ դու ես օդում, պատասխանատու ես միայն ինքդ քեզ համար, երբ զինվորն է օդում, պատասխանատու ես նրա համար, նրա հարազատների առաջ: Անհանգստությունը, լարվածությունը մեծ է, բայց սիրում եմ մասնագիտությունս, զինվորներին: Հպարտ եմ, որ չեմ սխալվել ու հիմա ծառայում եմ հայկական բանակում»:

ՏԱՐՈՆ ԿՈԽԼԻԿՅԱՆ
շարքային

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/12/2011