Ո՞ՐՆ Է ՀԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Հայոց միասնական հայրենիքի բաժանման հետևանքով առաջացան Արևելյան և Արևմտյան Հայաստանները: Երկար դարերի ընթացքում հայության այս երկու հատվածներն ապրեցին տարբեր հասարակարգերում, տարբեր քաղաքակրթությունների ազդեցության ներքո: Ժամանակի ընթացքում արդեն տրոհված հայության տարբեր հատվածները հիմնականում արտաքին ազդեցության և ինքնակազմակերպման ներքին հզոր լծակների բացակայության պատճառով ձեռք բերեցին ազգային երազանքի իրականացման մասին տարբեր պատկերացումներ, տարբեր գաղափարախոսություններ ու անգամ տարբեր լեզուներով սկսեցին խոսել:
Ի դեպ` հայոց լեզուն, որը հայի ինքնության պահպանման ամենահզոր գործոնն է, երկու մասի բաժանելը հայակործան քայլ էր: Այսօր հրատապ է միասնական հայերենի, հայերեն միասնական ուղղագրության խնդիրը: Ակնհայտ է, որ երկու տարբեր ուղղագրությունները չեն նպաստում համայն հայության հոգևոր միավորմանը: Ավելին, այսօր ազգային մշակութային ժառանգությունը կոմունիկացիաների զարգացման ներկայիս մակարդակին (համացանց, սոցիալական ցանցեր) համապատասխան ձևով հասանելի դարձնելու համար միասնական ուղղագրություն չունենալը միայն վնաս է տալիս: Լեզվաբանները բանավիճում են, թե որ ուղղագրությունն է ավելի ճիշտ և դա իրենց` մասնագետների գործն է, սակայն անվիճելի է, որ ուղղագրությունը պետք է լինի միասնական` մեկը, թեկուզև դրա համար հարկ լինի ստեղծել նորը:
Սա դեռ չարյաց փոքրագույնն է: Մեզ համար ավելի ծանր հետևանքներ է ունեցել հայության գաղափարական բաժանումը հատկապես հայրենիքի ազատագրության հարցի շուրջ, երբ հայության երկու հատվածների պատկերացումները դրա մասին ավելի անհամատեղելի էին դառնում` նույնիսկ բախումնածին լինելու աստիճան: Հանգամանք, որ օգտագործում էին հայության դարավոր թշնամիները կամ տվյալ պահին հայության երազանքի իրականացման հակառակորդները: Նրանք մեզ բաժանում էին ոչ միայն աշխարհագրական առումով, ոչ միայն լեզվով, այլև գործով, մտքով, դավանանքով, ի վերջո` հոգով: Օտարների նպատակը հայերին այնպես բաժանելն էր, որ միավորվել այլևս անհնար լինի, քանի որ դեռ հնուց հայտնի էր, որ`
«Հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց կարելի է միայն պառակտել»:
Դարեհ Ա
Այնուամենայնիվ, երբ հայությանը հաջողվեց թեկուզ պատմական հայրենիքի մի փոքր հատվածի վրա ստեղծել պետականություն, այդ տարաձայնությունները չվերացան, ընդհակառակը` ավելի խորացան: Ցավալի է, որ նույնիսկ մեր ազգային մեծերը, ինչպիսիք էին Անդրանիկը, Պողոս Նուբարը և այլք, խորը տարաձայնություններ ունեին: Հիշենք Փարիզի վեհաժողովը, երբ մեր երկու պատվիրակությունների անհամաձայնությունն ու խարդավանքները ի վերջո, հանգեցրին այն բանին, որ հայոց ազգային երազանքը օտարները բարեհաջող թաղեցին: «Արևելահայ» ու «արևմտահայ» էին «խաղում» նույնիսկ Հայաստանի Առաջին Հանրապետության որոշ չինովնիկներ, և այդ տարբերակումը գոյություն ուներ նաև կենցաղային մակարդակում:
Այսօր վերջապես մեր ժողովուրդն անկախ է ու հաղթանակած, սակայն գոյություն ունեն հայկական երկու պետություններ, և ոչ թե մեկը` միասնականը: Իհարկե, շատերն այն կարծիքին են, որ դա քաղաքական անհրաժեշտության թելադրանք է և ժամանակավոր երևույթ, և որ ապագայում Հայաստանի և ԼՂՀ միավորումն անխուսափելի է: Կարծում եմ, որ սա լավատեսական կարծիք է, որը կարող է արդարացվել այն դեպքում, երբ երկու հայկական պետությունները խիստ կապված լինեն միմյանց հետ, իրենց հիմնական խնդիրները համատեղ լուծեն, և չլինի գրեթե ոչ մի տարբերություն պետական կառավարման համակարգերի, տնտեսության, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում:
Անշուշտ, շատ բան է արվել, որ սա դառնա իրականություն, բայց դեռևս կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարոտ են: Գաղտնիք չէ, որ ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ հասարակության որոշակի խավի շրջանում համառորեն չի վերանում «հայաստանցի-ղարաբաղցի» տարբերակումը, որը ազգային մտածողության մեջ սերմանվում է «դրսից» և հակահայկական ներքին ուժերի կողմից: Ցավոք, սա միակ խնդիրը չէ. մեր երկու պետությունները դեռ ճանապարհ ունեն անցնելու` միաձույլ ու միակամ հասարակություն դառնալու համար: Որպես ասվածի վկայություն` բերեմ միայն մի փաստ. 2010թ. հոկտեմբերին «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության հարցումների համաձայն` ՀՀ ԼՂՀ սոցիալ-քաղաքական կյանքով բոլորովին չի հետաքրքրվում կամ խիստ նվազ է հետաքրքրվում հարցվածների 35%-ը, իսկ ԼՂՀ-ում ՀՀ-ի սոցիալ-քաղաքական կյանքով հետաքրքրվում է հարցվածների 14%-ը: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր հասարակություններն օտարված են միմյանցից և վտանգի պահին միմյանց նեցուկ չեն լինի: Քավ լիցի: Բայց որ խնդիր կա, կարծում եմ, ակնհայտ է, և որ դրանով հետաքրքրվում են նաև մեր «եվրոպական բարեկամները», դա էլ է ակնհայտ:
Ազգային միասնության հասնելու համար պետք է նախևառաջ միասնական նպատակ: Հայերը պետք է ընդհանուր երազանք ունենան: Երազանք, որի իրականացման համար չխնայեն ոչ միայն իրենց կյանքը, այլև իրենց զավակի կյանքը: Երազանք, որը ոչ թե թաքցնեն, այլ հպարտությամբ ու հանդիսավորությամբ փոխանցեն որդուն: Երազանք, որից հեռու մնալով` հայն անիծի իր իսկ մահը, ողբա այդ երազանքը անկատար թողնելու համար:
Ազգերի պատմության մեջ ամենադժվար ժամանակները չկողմնորոշվելու, անորոշության ժամանակներն են, երբ ազգը միգուցե գիտակցում է, թե ինչ չի ուզում, սակայն բոլորովին չգիտի, թե ի՞նչ է ուզում կամ միասնական չէ այդ հարցում: Ես կարծում եմ, որ այսօր մեր ժողովրդի համար անորոշության այդպիսի մի ժամանակաշրջան է: Մեզ Գաղափար է պետք, ազգային գաղափար:
Վերոնշյալ հիմնախնդիրներն առաջացել են հարյուրամյակների ընթացքում, սակայն մենք դրանք վերացնելու համար նույնքան ժամանակ չունենք: Կա վտանգ, որ ուշանալով մենք կարող ենք հայտնվել պատմության հետնաբեմում:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ