Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՐՑԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ



Օրերս Տիգրան Մեծի, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանների եւ Փոքր Մհեր կրթահամալիրի սաները մասնակցեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպած Հայոց պատմության թեմայով մրցույթ-ստուգատեսին: Մասնակիցները հյուրընկալվել էին Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում: Ստուգատեսի հարցաշարը վերաբերում էր Հայոց պատմության ամենանշանավոր, արժանահիշատակ էջերին՝ Հայկ Նահապետից մինչեւ Արցախյան պատերազմ:

Մասնակիցների գիտելիքները գնահատում էին ժյուրիի անդամները՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը, ՀՀ ՊՆ Սարդարապատի հուշահամալիրի, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Մեխակ Հակոբյանը, հայոց պատմության ուսուցիչ, երիտասարդ պատմաբան Վարդան Քերոբյանը, իսկ ժյուրիի նախագահն էր ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը:

Մրցույթը սկսվեց տնային առաջադրանքից: Թիմերի ներկայացուցիչները ժյուրիի դատին հանձնեցին իրենց շարադրությունները՝ «Պետական, քաղաքական ո՞ր գործչին կուզեի նմանվել» թեմայով: Հետաքրքիր եւ ինքնատիպ էին բոլոր շարադրությունները, բայց ժյուրին նախապատվությունը տվեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի թիմին: Ֆ.Պողոսյանը բացատրեց՝ իրենք ուշադրություն են դարձրել ոչ միայն բովանդակությանը, այլեւ խոսքին տիրապետելու ունակությանը. «Դուք ապագա զինվորականներ եք, ձեր խոսքը պետք է լինի խրոխտ եւ համոզիչ»:

Մրցույթի երկրորդ, երրորդ եւ չորրորդ փուլերում թիմերը պատասխանեցին հայոց պատմությանը վերաբերող երկուական հարցի: 30 վայրկյան մտածելուց հետո թիմը ներկայացնում էր պատասխանը, որը հաճախ գերազանցում էր նախատեսված երկու րոպե տեւողությունը: Գերազանց պատրաստվածություն, հստակ պատասխաններ, առույգ տոնայնություն. այսպես վարժարանի սաները իրենց դրսեւորեցին հարց ու պատասխանի ժամանակ: Մրցույթ-ստուգատեսի եզրափակիչ՝ 5-րդ փուլում թիմի ավագները պատասխանեցին բլից հարցերի: Այս փուլում եւս իր գիտելիքներով եւ պատասխանների հստակությամբ ժյուրիին զարմացրեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի թիմի ավագ Հակոբ Հակոբյանը:

Համառ ու լարված պայքարն ընդմիջվում էր մասնակից վարժարանների մրցույթից դուրս պատրաստած գեղարվեստական համարներով: Տղաները պարում էին, երգում, արտասանում, նվագում:

Ժյուրին ամփոփեց հինգ փուլերի արդյունքները. գրանցած ոչ դյուրին հաղթանակների շնորհիվ առաջին պատվավոր տեղին արժանացավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերում էին համապատասխանաբար «Տիգրան Մեծ» եւ «Փոքր Մհեր» ռազմակրթական հաստատությունների թիմերը:

Հաղթող թիմի ավագ Հակոբ Հակոբյանը նշեց, որ Հայոց պատմության իմացությունը մեծերի կյանքին եւ նրանց թողած ժառանգությանը հաղորդակցվելու հնարավորություն է. «Մեր պատմությունը հայրենասիրության, անձնուրաց պայքարի եւ ազգային արժանապատվության անսպառ աղբյուր է»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Ազգային բանակ


14/12/2011