«…ՆՐԱՆ ՎԻՃԱԿՎԱԾ Է ԿՐԵԼՈՒ ԱՄԵՆԱԾԱՆՐ ԽԱՉԸ»
Ավարտվեց ՀՀ ժողովրդական դերասանուհի ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ երկրային ուղին: Ստորև ներկայացվող զրույցը 5 տարվա վաղեմություն ունի ու դերասանուհու ծննդյան 75-ամյակի առիթով է:
-Սիրելի՛ տիկին Ավետիսյան, «Հայ զինվորի» անունից ընդունեք մեր սերը, խոնարհումը, բարեմաղթանքները, մեր երախտագիտությունը այն հրաշալի պահերի համար, որ ապրել ենք Մայր թատրոնի բեմում Ձեր խաղը դիտելիս, Ձեր անզուգական ասմունքը լսելիս: Ապրեք երկար, առողջ ու երջանիկ:
-Դերասանի համար հանդիսատեսի սիրուց թանկ ու ներշնչող վարձատրություն չկա: Իսկ «Հայ զինվորի» անունից հնչած մաղթանքը առանձնահատուկ խորհուրդ ունի. ես մեծ սեր ու ակնածանք ունեմ հայրենիքի պաշտպանի` հայ սպայի ու զինվորի հանդեպ: Բեմական ամենագեղեցիկ պահերը հենց զորամասերում եմ ապրել, ամենաթանկագին ծափերը զինվորից եմ ստացել…
Դժբախտաբար, մեր ժողովուրդը կրկին անցավ պատերազմի կրակների ու ցավի միջով, երիտասարդ, գեղեցիկ, փթթուն կյանքեր զոհաբերվեցին հայրենիքի ազատագրության համար: Մանուկներ որբացան, ժպիտներ մարեցին… Ես այնքան հուսով էի, որ մեր ժողովուրդը էլ արտասուք չի թափի զոհված զինվորի շիրիմի վրա` ու ահա… նոր պատերազմը: Սիրտս մղկտում է` ինչ լուսավոր աչքեր փակվեցին, ինչ խիզախ սրտեր սառեցին, մեր` հայրենիք ունենալու երջանկության համար: Ես չեմ ուզում, որ հայ ժողովուրդը ևս մեկ պատերազմի սերունդ ունենա:
-Ձեր խոսքերը լսելիս հիշեցի, որ 1941-ին եք ծնվել, ու Դուք նույնպես պատերազմի սերունդ եք:
-Եթե ես նկարիչ լինեի ու ցանկանայի պատերազմ նկարել, կպատկերեի կայարանում պատերազմից տուն դարձող զինվորների մեջ հորը փնտրող փոքրիկ աղջկան:
-Ո՞վ է այդ աղջիկը:
-Ես: Հայրս կռիվ էր գնացել: Ու ես համոզված էի, որ նա վերադառնալու է հաղթանակած: Ամեն օր գլխապատառ վազում էի կայարան ու սրտատրոփ հորս էի փնտրում: Իսկ հայրս չկար ու չկար: Չորս տարեկան էի: Պատերազմի սերունդն արագ է մեծանում, շուտ է հասունանում: Մայրս մեր բազմազավակ ընտանիքի հոգսը իր փխրուն ուսերին առավ ու տարավ արժանապատվորեն, հպարտ, հայ կնոջը վայել առաքինությամբ ու վայելուչ: Իմ հրաշալի մայրը…
-Հայ առաքինի, պարկեշտ, ուժեղ մայրերն են մեր ազգի բարոյականության գենը կրողները: Դուք նկատե՞լ եք` անհայր մեծացած երեխաները օտարների սիրո կարիքը ավելի շատ են զգում:
-Այդպես է: Ու իմ մանկության գույները կխամրեին, եթե չլիներ մեր հարևանների, ուսուցիչների, ընկերներիս սերը զոհված զինվորի ընտանիքի հանդեպ: Երբ ես դպրոցական էի, Հայաստանի սոցապ նախարարը Մացակ Պապյանն էր` մի հրաշալի, մի ազնվագույն մարդ…
-Դուք հիշում եք` ով է եղել Հայաստանի սոցապ նախարարը 65 տարի առա՞ջ…
-Ինչպե՛ս չհիշեմ, երբ նա Նոր տարուն և մնացած տոներին գեղեցիկ, գույնզգույն նվերներ էր ուղարկում ինձ` զոհվածի զավակիս: Ինչպե՞ս չհիշեմ այն մարդկանց, ովքեր ինձ «շուշա տիկնիկ» էին ասում ու սիրում էին: Սիրում էին նաև հորս փոխարեն: Այդ սերը մեղմում էր որբությանս ցավը:
-Մի տեսակ` ցավ ու ամոթ զգացի. արդյոք մենք այդպես սիրեցի՞նք մեր ազատագրական պատերազմում զոհվածների փոքրիկներին` սիրեցի՞նք նրանց հայրերի փոխարեն… Մի օր նրանք կասե՞ն, որ մենք սիրել ենք իրենց և մեղմել ենք որբության ցավը:
…Լավ, եկեք խոսենք մեկ այլ` ոչ պակաս հրաշալի ու առինքնող սիրուց` Ձեր և Յուրի Ամիրյանի սիրո պատմությունից: Ձեր ամուր, հավատարիմ միությունը իսկական հայ ընտանիքի խորհրդանիշ է:
-Յուրին հիասքանչ էր, երբ առաջին անգամ տեսա նրան թատերական ինստիտուտում ընդունելության քննությունների ժամանակ: Գեղեցիկ կապույտ աչքեր ուներ, խորաթափանց հայացք, շեշտված, գեղեցիկ դիմագծեր… Հետո ավելի շատ սիրեցի, երբ ճանաչեցի նրա ազնիվ, շիտակ, արժանապատիվ հոգին, իսկական տղամարդ էր, խրոխտ, սկզբունքային: Չգիտեր` քծնելն ինչ է, ատելն ինչ է: Ես անսահման սիրում էի Յուրիին:
-Յուրին, ինչպես բոլոր տաղանդավոր դերասանները, շուք ու փայլ էր տալիս իր կերտած կերպարներին: Այդ տարիների մտավորական սերունդը շատ տաղանդավոր էր, բայց ամենակարևորը այդ սերնդի մարդկային որակն էր` խելացի, զարգացած, ազնվակերտ, շիտակ, ըմբոստ ու արվեստի մեծ նվիրյալ: Այս տանը, որտեղ հյուրընկալել եմ Ձեզ, հանճարների շունչը կա: Մենք արվեստագետ ընկերներով սիրում էինք իրար, միմյանց կողքին լինելու պահանջ էինք զգում: Հավաքվում էինք` Մհեր Մկրտչյանը, Սիլվա Կապուտիկյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Վարդան Աճեմյանը, Վլադիմիր Մսրյանը, գրողներ, երաժիշտներ, դերասաններ… ո՞ւմ ասեմ, ո՛ւմ թողնեմ, ու զրուցում էինք հայրենիքի, արվեստի, մարդկային հարաբերությունների ու հավերժական թեմաների մասին:
-Ասում են` Դուք «յուրացրել եք» համաշխարհային ու ժամանակակից դասական գրողների ամբողջ ժառանգությունը:
-Ոչ միայն արվեստ ստեղծելու, այլև արվեստ հասկանալու համար պետք է ծանոթ լինես համաշխարհային մշակույթին, կարդացած լինես համաշխարհային գրականությունը, շփված լինես մեծերի ստեղծած արժեքների հետ` երաժշտության, դրամատուրգիայի, պոեզիայի, գրականության ասպարեզում: Մտավորականի կոչումը մեդալ չէ, որ կախես կրծքիդ, մտածողություն է, վարք է, բարոյականություն է, տաղանդ է… Օրերս ցավով լսեցի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի մահվան բոթը: Նա մտավորական էր` իր գրական ժառանգությամբ, իր անմնացորդ նվիրվածությամբ արվեստին, իր ազնվությամբ, քամիներից չերերալու առաքինությամբ: Ո՞վ է փոխարինելու նրան, ո՛վ է փոխարինելու նրանց, ովքեր հայրենիքի հանդեպ սիրո ու բարձր արվեստի նշաձողն էին պահում իրենց արվեստով, մարդկային նկարագրով:
Մտավորականն է կերտում Հայաստանի ապագան, ոչ թե քաղաքական գործիչը, մտավորականն է կերտում հասարակության ու երկրի բարոյականությունը: Մտավորական չունեցանք, ոչինչ չենք ունենա:
-Շա՞տ է փոխվել թատրոնի հանդիսատեսը… Գիտեք` ինչո՞ւ եմ հարցնում. Ձեր պատասխանից կարող ենք դատել մեր ընթացքի մասին առհասարակ:
-Փոխվել է: Հիմա քիչ են թատրոնի նվիրյալները դահլիճում:
-Որովհետև քիչ են թատրոնի նվիրյալները բեմում:
-Ժարգոնի ու սերիալների հերոսների «գեղագիտությամբ» սնված հանդիսատեսը չի կարող նման լինել մեր հիասքանչ բարբառների համուհոտով, սունդուկյանական կերպարներով, համաշխարհային դասականների գործերով դաստիարակված հանդիսատեսին:
-Բա ի՞նչ անենք, ինչպե՞ս գտնենք ճիշտ հունը…
-Վերադարձնենք հայ արվեստին իր երբեմնի փառքը, վերադարձնենք մտավորական բառին իր երբեմնի կշիռը: Չխեղճացնենք մտավորականին կենցաղային խնդիրներով, թողնենք, որ նա ուժեղ լինի:
-Պե՛տք է, որ ինչ-որ մեկը մատը մեր ցավի վրա դնի ու ցույց տա մեր սխալները: Մե՛զ է պետք: Երկրի՛ն է պետք:
-Պետք է ունենալ այնպիսի մտավորականություն, որը կգար ու կկանգներ ոստիկանների ու ցուցարարների արանքում՝ վստահ, որ ե՛ւ ոստիկանը, ե՛ւ ցուցարարը կլսեն իր խոսքը, որովհետև ինքն ազգային արժեք է:
-Իսկ զինվորականությո՞ւնը…
-Զինվորականությո՞ւնը… նրան վիճակված է կրելու ամենածանր խաչը: Նրա պարտությունից հետո մենք ո՛չ մտավորականություն կունենանք, ո՛չ հանդիսատես… Ուրեմն`
-Սեղմիր ատամդ, դու ամենքի պես
Բացեիբաց լալու իրավունք չունես:
Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ,
Զենքերդ տալու իրավունք չունես,
Դու, հա՛յ գեներալ, ինչ էլ որ լինի`
Վերջին զինվորդ էլ ընկնի հուսահատ,
Քո ժողովրդի հավերժությանը
Չհավատալու իրավունք չունես:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #39 (1410) 6.10.2021 – 12.10.2021, Հոգևոր-մշակութային