«ՆՐԱՆՔ ԱՐԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ…»
Գևորգ Նիկողոսյանը միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարան: Երկրորդ կուրսից տարկետում է վերցրել և զորակոչվել բանակ։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը չբոլորած՝ իր դիմումի համաձայն և վերադաս հրամանատարության միջնորդությամբ Գևորգը քննություններ է հանձնել և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Բարձր առաջադիմությամբ ավարտելով հրետանային բաժինը, լեյտենանտ Նիկողոսյանը ծառայության է նշանակվել առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում՝ որպես հրետանային ստորաբաժանման կառավարիչ:
Գևորգն ընդամենը մեկ ամիս էր անցել սպայական ծառայության, երբ սկսվեց քառասունչորսօրյա պատերազմը։
-Երկու օր շարունակ ուշադիր հետևում էինք թշնամու զրահատեխնիկայի շարժին և վերադաս հրամանատարությանը պարբերաբար զեկուցում իրավիճակի մասին: Սեպտեմբերի 27-ի առավոտյան հերթական դիտարկման ժամանակ նկատեցի կենդանի ուժի ուղեկցությամբ մեր դիրքի վրա եկող թշնամու զրահատեխնիկան, անմիջապես կապվեցի կրակային դիրքի հետ: Ստանալով համապատասխան հրահանգ, միանգամից կրակելու հրաման տվեցի: Դիպուկ կրակով կանգնեցրինք թշնամու առաջխաղացումը՝ առաջնագծում կանգնած մեր տղաների գործողությունների համար ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ: Մեր կրակային դիրքում է եղել խզված ձայնով բոլորին հայտնի հերոս հրետանավոր Մնացական Ավետիսյանը,- հիշում է Գևորգը։
Մի քանի օր տևած թեժ մարտերից հետո լեյտենանտի ստորաբաժանումը խուսավարելով միանում է ԱԱԾ սահմանապահ զորքերին և շարունակում կռվել արդեն այլ տեղամասում: Մարտերից մեկի ժամանակ էլ, հոկտեմբերի 19-ին՝ հրետանավորի օրը, լեյտենանտ Նիկողոսյանը վիրավորվում է թշնամու արկի բեկորից:
-Արկը պայթեց ուղիղ իմ դիմաց… ու էլ բան չեմ հիշում,- հիշում է քաջ հրետանավորը:
Գևորգ Նիկողոսյանին տեղափոխում են Գորիսի հոսպիտալ, որտեղից էլ բժիշկների ցուցումով հասցնում են Երևան:
Լեյտենանտ Նիկողոսյանը պատմում է մեր զինվորների մասին.
-Նրանք արել են առավելագույնը, անօրինակ սխրանքների գնացել հանուն Հայրենիքի, հանուն հաղթանակի:
Իմ մարտկոցը պատերազմի ընթացքում տարբեր կետերում ծանր մարտերի մեջ է եղել և մշտապես կատարել իր մարտական խնդիրները: Զոհ չենք ունեցել: Իմ մարտկոցից միայն ես եմ վիրավորվել,- ասում է Գևորգը:
Ապաքինվելուց հետո երիտասարդ լեյտենանտը կրկին վերադարձել է շարք և շարունակում է ծառայությունը առաջնագծում:
-Թիկունքային զորամաս տեղափոխվելու առաջարկ եղավ, բայց հրաժարվեցի առաջարկից և այսօր էլ առաջնագծում եմ,- ասում է լեյտենանտ Նիկողոսյանը:
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Լուսանկարը` ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Խորագիր՝ #39 (1410) 6.10.2021 – 12.10.2021, Ազգային բանակ