ՁԵՐ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
44-օրյա պատերազմը չշրջանցեց նաև Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղը, որն ուրախացավ յուրաքանչյուր հերոսի վերադարձով և շատ տխրեց, ցավից կծկվեց յուրաքանչյուրի նահատակությամբ:
Աբրահամ և Մովսես Կարապետյան եղբայրներ, Հմայակ և Ավետիս Ավետիսյաններ՝ հայր և որդի, Նվեր Մանուկյան. ահա այն հինգ հերոսները, որոնք չերկնչեցին, կռվեցին ու անմահացան:
Ի հիշատակ հերոսների` Հնաբերդ գյուղի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանի տարածքում մի խումբ երիտասարդներ Գոռ Հունանյանի նախաձեռնությամբ հուշաքար կանգնեցրին: Եվ սա դեռ ամենը չէ: Ծնունդով հնաբերդցի ճանաչված բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում ստեղծվեց «Փառքի անկյուն»: Անկյուն, որտեղ տեղ են գտել մերօրյա հերոսների լուսանկարները, մեդալները, պատվոգրերը և անձնական իրերը:
Հուշաքարի և «Փառքի անկյուն»-ի օծման արարողությունը կատարեց Ապարանի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը: Օծման արարողությանը ներկա էին դպրոցի կոլեկտիվը, զոհվածների հարազատները, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Արարողությունից հետո դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեց հիշատակի ցերեկույթ:
Աշակերտներն ասմունքում էին, բայց դա սոսկ ասմունք չէր, այլ սրտի խոսք: Նրանց խոսքն ուղեկցվում էր երաժշտությամբ: Դահլիճում քար լռություն էր տիրում: Բոլորի աչքերում արցունք էր լճացել…
Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի դասախոս, պատերազմի մասնակից, հնաբերդցի Մարգար Մանուկյանը իր ելույթում խոսելով համագյուղացիների քաջության և արիության մասին, նաև կարևորեց դպրոց-բանակ կապը և նշեց, որ ժողովրդի գոյության հիմքերից մեկն էլ դպրոցն է, որը կոչված է՝ «սանի մարմինը դարձնել ապառաժ, կամքը` վահան, միտքը` թուր»:
-Դպրոցն իր արժանին է մատուցում և շարունակելու է մատուցել զոհված հերոսներին,- նշեց դպրոցի տնօրեն Նելսիդա Նիկողոսյանը, որը կրթօջախի անունից պատվոգրեր հանձնեց վերջին երկու ուսումնական տարիների այն շրջանավարտներին, որոնք որպես ժամկետայիններ մասնակցել են 2020 թվականի պատերազմին:
Փա՛ռք այն զինվորներին, որոնք դարձան գիտակցված անմահության ճամփորդներ:
Փա՛ռք այն զինվորներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն մեր կյանքի:
ԿԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
Խորագիր՝ #39 (1410) 6.10.2021 – 12.10.2021, Բանակ և հասարակություն