Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐՄԱՆ ԴՐՄԵՅԱՆ



ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ

 

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐՄԱՆ ԴՐՄԵՅԱՆԱրմանն արմատներով մշեցի է: 1896 թ. Դիլբար անունով մեկը գաղթել է Դրմե գյուղից, և նրա հետնորդները կրել են Դրմեյան ազգանունը:

Արմանը Դրմե Վազոյի առաջին արու թոռնիկն է: Ծնվել է 1980 թ. Շիրակի մարզի Կամո գյուղում: Խելացի, աշխույժ Արմանը մինչև դպրոց գնալը ճանաչել է հայերեն և ռուսերեն տառերը, գրել-կարդացել է, լուծել է խնդիրներ: Պարտաճանաչ, մեծերի խոսքը հարգող երեխան փոքր տարիքից օգնել է ծնողներին, կատարել է գյուղատնտեսական աշխատանքներ, բայց չարաճճիություններն անպակաս են եղել նրանից: Անասուններին արոտի տանելիս Արմանն ու եղբայրը՝ Վարազդատը, հենց տանից մի փոքր հեռանում էին, հեծնում էին հորթերին ու հորթ-նժույգներով հասնում հանդ: Հեծյալները նույն կերպ էլ հետ էին վերադառնում: Ավելի վաղ տարիքում Արմանը փոքրիկ կրակ է արել խոտի դեզի տակ ու զարմացել է, որ դեզն ամբողջությամբ հրդեհվել է: Է՛լ հրշեջ մեքենաներ, է՛լ ոստիկանություն… «Փոքր կրակ արեցի, մեծ դարձավ»,- խոստովանում է Արմանը:

…1998 թ. Դրմեյան Արմանը բարձր առաջադիմությամբ ավարտել է Կամոյի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այն ավարտելուց հետո ստացել է հրետանավոր լեյտենանտի կոչում, ծառայության է անցնել ՀՀ ԶՈւ-ում՝ որպես դասակի հրամանատար: Պարտաճանաչ, խստապահանջ, պատասխանատու սպան միշտ եղել է ընկերների և զինակիցների կողքին: Բարեխղճորեն կատարել է հրամանները, չի սիրել կեղծիքը, երբեք չի քծնել: Եթե իրենից բարձր կոչումով մեկն անարդար լիներ և սխալ թույլ տար, Արմանն առանց վախենալու ըմբոստանում էր: Ընկերներն ասում էին. «Դրմեյա՛ն, չես փոխվի, դու քո Մշո կողը միշտ ցույց ես տալիս…»: Զորամասում դիվիզիոնի շտաբի պետի հետ Արմանը նմանատիպ հարցով վիճել էր: Նա էլ երեք օր ժամանակ էր տվել Արմանին՝ զորամասից տեղափոխվելու: Երրորդ օրը ԳՌՏ-ից (գլխավոր ռազմական տեսչություն) ստուգողներ են գալիս: Զորամասի դիվիզիոնի հրամանատարը հիվանդության պատճառով հոսպիտալում էր, և ամբողջ պատասխանատվությունն Արմանն իր վրա է վերցնում: Նրա շնորհիվ դիվիզիոնը լավագույնն է ճանաչվում: Այնուհետև հրամանատարը շնորհակալություն է հայտնում Արմանին…: Տարեվերջին հրամանատարը պարգևատրվում է գումարով: Ընկերները հիշեցնում են, որ այդ պարգևն Արմանի շնորհիվ է ստացել: Նա փորձում է գումարի կեսն Արմանին տալ, բայց Արմանը հրաժարվում է. «Ինձ գումար պետք չէ. ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Հենց զորամասում հրամանատարի տեղ էր ազատվել, Արտակ Մախսուդյանն Արմանի թեկնածությունն էր առաջադրել:

«Դրմո՛ ջան, միշտ առաջ, չկոտրվես: Ա՛յ, հիմա նոր կսկսվի քո իսկական ծառայությունը»:

Արմանի ծնողները ցանկանում էին իրենց որդուն ամուսնացնել:

«Արմա՛ն ջան, արդեն քսանհինգ տարեկան ես: Հերիք է մենակ մնաս: Գնում ենք մեր գյուղի Չուրուքի Նառային ուզելու»:

«Չէ՛, մա՛ ջան, սպասե՛ք, ես ուրիշ Նառայի տեղ կասեմ, կգնանք»:

«Ուրիշ» Նառան Արթուրի կնոջ՝ Շուշանի քույրն է: Արթուրն էլ Արմանի մոտ ընկերն է զորամասում: Նառային և Արմանին ծանոթացնելու առաջին փորձը չի ստացվում: Ավտոկայանում Նառան իր մայրիկի հետ էր եկել Շուշանին ճանապարհելու: Արմանին մնում էր միայն հեռվից տեսնել իրեն դուր եկած աղջկան: Հետո Դրմեյանին տեղափոխում են այլ տեղամաս՝ որպես մարտկոցի հրամանատար: Արմանը կրկին իր ընկերոջ հետ հյուր է Շուշանենց տանը: Ուտում են, խմում, բայց չեն համարձակվում ասել, որ Արմանը հավանել է Նառային: Շուշանն էլ, թե՝ «տղե՛րք, ե՞րբ պիտի նշանվեք, հերիք է պարապ-սարապ ման գաք»:

-Ըհը, հենց դրա համար էլ եկել ենք, Շո՛ւշ ջան, քրոջդ հետ եմ ուզում ամուսնանալ,- ասում է Արմանը:

Շուշանը սկզբում զարմանում է, ասում է՝ չէ: Հետո համոզում են: Հաջորդ օրը այդ ամենը պատմում է տնեցիներին: Արմանի ծնողները գալիս են Նառայենց տուն: Մեկ շաբաթից նշանադրություն է լինում: Արմանը ծիծաղելով միշտ ասում էր. «Առանց ինձ՝ աղջկան տվեցին», և ավելացնում էր. «Մա՛ ջան, ես քեզ չասացի՞, որ ուրիշ Նառա կբերեմ»:

Նառան դպրոցում ուսուցչուհի էր աշխատում: Հարսանիքից հետո չորս ամիս իրարից հեռու մնացին: Հունիսին նա գնաց Սոթք, և որոշեցին այլևս չբաժանվել:

2019 թ. Արման Դրմեյանը հաջողությամբ ավարտում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային դասընթացը՝ ստանալով ռազմական կառավարման մագիստրոսի աստիճան: Նա անցնում է ծառայության Արցախ՝ որպես զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ՝ հրետանու պետ:

«Ոչինչ, Արմա՛ն ջան, հիմա էլ Արցախ կգնանք»:

«Նա՛ռ, դու չես հասկնա, որ գնացի Մարտակերտ, այնտեղից հետ չեմ գա»…

Արմանն իր երեխաներին՝ Նարեկին և Մերիին, շատ լավ էր պահում: Նրանք միշտ պիտի լավ հագնվեին: Հենց կոշիկները մի փոքր մաշվում էին, ինքն իրեն ասում էր. «Ա՛րմ, երեխեքի կոշիկները մաշվել են», ինքն իրեն էլ պատասխանում էր. «Է՜, գիտե՞ս մեր ժամանակները… Մինչև մատներս կոշիկից դուրս չգային, մինչև սեպտեմբերի մեկը չգար, մինչև մի լավ չաշխատեինք դաշտում, կոշիկ առնողն ո՞վ էր… Թռե՛ք ավտոն, դուք ի՞նչ գիտեք՝ տանջանքը որն է»:

Արմանն իդեալական հայր և ամուսին է եղել: Զինվորական կարգ ու կանոնը գործել է նաև ընտանիքում: Ամեն ինչ պետք է իր տեղում լիներ: Նրա խոսքն օրենք էր տանը: Նա բոլորի շունչն էր, զարկերակը: Ցանկացած խնդիր լուծելի էր Արմանի շնորհիվ:

Սակայն առաջին տեղում Հայրենիքն էր, ծառայությունը, այնուհետ՝ ընտանիքն ու ընկերները: Միշտ շտապում էր, ամեն ինչ պիտի արագ-արագ լիներ: Չէր նստում ու հրամայում: Ենթակաների գործերից սկսած՝ ամեն ինչ ինքն էր անում: Անձամբ վերահսկում էր ամեն ինչ, որ ոչ մի բան թերի չլինի: Արման Դրմեյանին բոլորը գիտեին որպես շատ խիստ սպայի: Շատերը վախենում էին նրա ստորաբաժանումն ընկնելուց: Բայց հետո հասկանում էին, որ նրա խստությունը հայրական էր, որի շնորհիվ զինվորն անցկացնում էր ծառայությունը բարեխղճորեն, առանց խոչընդոտների:

Մուշեղը ևս սկզբում տրտնջացել է: Արմանը նրան նշանակել է համակարգչային օպերատոր, որից նա ոչինչ չէր հասկանում:

«Մեկ շաբաթից ամեն ինչ սովորած լինես»,- պահանջում է Արմանը:

Միշտ քաղցրավենիք է հյուրասիրում Մուշեղին:

«Կե՛ր, որ ուղեղդ լավ աշխատի»:

Ծառայությունից հետո էլ Մուշեղը համակարգչային օպերատոր է աշխատում:

«Պարո՛ն Դրմեյան, այնքան շնորհակալ եմ քեզ: Դու որ չստիպեիր, հիմա ես աշխատանք չէի ունենա»:

Դրմեյանի զինվորները ծառայությունից հետո էլ միշտ կապի մեջ են եղել սիրելի հրամանատարի հետ: Այդ զորամասում Թևան անունով մի տղա կար, որը ոչ մի կարգ ու կանոնի չէր ենթարկվում, միշտ փախչում էր Երևան: Հրամանատարը Թևանին ուղարկում է Արմանի տեղամաս. «Դրմեյա՛ն, միայն դու կկարողանաս այս զինվորին կարգի հրավիրել»: Որոշ ժամանակ անց Թևանը դառնում է կարգապահ զինվոր: Զորացրվելուց հետո նրա հայրը զանգում է:

«Դրմեյա՛ն ջան, շնորհակալ եմ, տղայիս մարդ դարձրիր»:

…Արմանի ամենաերկար ծառայությունը եղել է 2-րդ զորամիավորումում: Այս տարածաշրջանը Նառայի և Արմանի համար հարազատ վայր է դարձել՝ Սևանի ափը և Արծվանիստի եկեղեցին, որը թաքնված է լեռների մեջ մի գողտրիկ անկյունում: 2012 թ. փետրվարի 10-ին Արմանն ընտանիքով գնում է այդ եկեղեցին: Քահանան օրհնում է նրանց: Երեք օր անց, Մասրիկ-Վարդենիս ճանապարհին, Արմանի մեքենան սառույցի ու ձյան պատճառով բախվում է ընթացող գնացքի վագոնին և դուրս է շպրտվում ճանապարհից: Այդ օրը նրանք հրաշքով փրկվում են: 2014 թ. սեպտեմբերին Արմանը չորս օրով մեկնում է Քարվաճառ՝ զորավարժությունների: Քննությունների վերջին փուլը հաջողությամբ են անցկացնում: Լուր է տարածվում, որ երեք դիվերսանտներ մտել են Քարվաճառի տարածք, սպանել են տասնյոթամյա պատանու, սպայի, ապա ճանապարհին վիրավորել են մի կնոջ: Արմանենց զորամասը ևս դուրս է գալիս դիվերսանտներին վնասազերծելու: Նրանցից մեկին անցակետում են ոչնչացնում, իսկ մյուս երկուսը թաքնվել էին Քարվաճառի անտառներում: Զորամիավորման համատեղ ուժերի շնորհիվ հաջողվում է հայտնաբերել երկու դիվերսանտներին:

Զորավարժությունները գերազանց անցկացնելու և դիվերսանտներին վնասազերծելու համար Դրմեյանին շնորհվեց «Մարտական ծառայություն» մեդալ: Նրան առաջարկվեց ծառայությունը շարունակել հյուսիսարեւելյան զորամասերից մեկում և որպես լավագույն սպայի՝ նրա անունը գրանցվեց զորամասի Պատվո գրքում:

…2020 թ. սեպտեմբերի 26-ին Արմանը տուն եկավ, համազգեստն արագ փոխեց:

«Ի՞նչ կա»:

«Հեչ բան, էդ շները կուտակվում են: Երկու օր է՝ չեմ քնել: Դիրքավորվում ենք: Հաջող, լավ մնացեք, ես գնացի»,- ասաց Նառային և առանց հաց ուտելու հեռացավ:

Հաջորդ առավոտ ժամը յոթն անց քսանին զանգեց.

«Երեխեքի հետ նկո՛ւղ իջեք»:

Որպեսզի մենակ չլինեին, գնացին Նարեկի ընկերոջ տան նկուղ: Վերջիններս որոշեցին մեքենայով հեռանալ քաղաքից: Նառան իր մտադրության մասին տեղյակ պահեց Արմանին:

«Տեղներիցդ չշարժվե՛ք, մինչև Արթուրն ու պապան կհասնեն»:

Նա գիտեր, որ ճանապարհներն էլ են հրետակոծվում, իսկ որդին՝ Նարեկը, չէր կարողանա անփորձանք վարել մեքենան: Վերջին անգամ Արման Դրմեյանը զանգեց տնեցիներին հոկտեմբերի երկուսի կեսգիշերին: Շնորհավորեց որդու ծնունդը, հետո ավելացրեց.

«Նարե՛կ ջան, լա՛վ եղիր, մորդ շատ չջղայնացնես, հանկարծ ինֆարկտ կխփե»…

Պատերազմի առաջին օրերի թեժ մարտերի ժամանակ փոխգնդապետ Արման Դրմեյանը չի թողել, որ թշնամին մի թիզ անգամ առաջ գա: Նա այնպես էր կռվում, ասես մի քանի պատերազմ տեսած լիներ: Բոլորին ոգևորում էր: Ճշգրիտ կոորդինատներով անվրեպ ոչնչացնում էր թշնամու տեխնիկան: ՊԲ բարձրաստիճան սպաները հիացել ու զարմացել են Արմանի գիտելիքներով և համարձակությամբ:

«Սրանք ո՞վ են որ… Չվախենա՛ք: Ամեն ինչ լավ կլինի»։

Նա մի ձեռքով քարտեզն էր պահում, մյուսով՝ հեռախոսը, կանգնած էկրանի առաջ՝ ճշգրիտ հաշվարկ էր անում, որպեսզի կանխի թշնամու առաջխաղացումը: Նույնիսկ հաց ուտելու, շորերն ուղղելու ժամանակ չուներ: Բունկերից կոորդինատները տալիս էր, գնում էր դիրքեր, արկերն անձամբ էր հասցնում կրակակետ, անձամբ էր հրանոթներն ստուգում: Հենց խնդիր առաջանար, զանգում էր հրանոթներ վերանորոգող Գալուստ պապիկին, որը խաղաղ ժամանակ Դրմեյանների ընտանիքում միշտ սիրով էր հյուրընկալվում:

Արմանը կապ է տվել 25-րդ կրակակետ, բայց արձագանք չի եղել: Դրմեյանը նստել է ծառայողական մեքենան:

«Դրմեյա՛ն, վտանգավոր է, մի՛ գնա»,- փորձել են հետ պահել ընկերները:

Ստեփանակերտցի նորակոչիկ վարորդ Էրիկի հետ նստել են մեքենան եւ գնացել, հասել են դիրքեր: Հրամանատարն ինքն է կրակել հրանոթից, ոգևորել է տղաներին, որ շարունակեն դիմակայել թշնամուն: Թշնամու հրետակոծությունից կիսավեր դիրքերից մեկում մի զինվոր էր միայն մնացել:

«Էրի՛կ ջան, դու նստի՛ր այս տղայի մոտ, որ անվտանգ լինես, դուք մատաղ սերունդ եք, մեզ շատ եք պետք: Ես գնամ կողքի դիրքը ստուգեմ»:

«Պարոն Դրմեյան ջան, մի՛ գնացեք, ամեն ինչ հողին է հավասարվել»:

Էրիկը մենակ չի թողել հրամանտարին. երկուսով գնացել են ստուգելու հրետակոծված դիրքերը: Վերադարձին թշնամու արկն ընկել է մեքենայի վրա: Էրիկը մահացել է, վիրավոր հրամանատարին տեղափոխող շտապ օգնության մեքենան շուռ է եկել: Մինչև Արմանին հիվանդանոց են հասցրել, նա արդեն մահացած է եղել: Հրամանատարական կազմը որոշել է զորքից թաքուն պահել այս ծանր կորուստը. Արմանի հմուտ կառավարման շնորհիվ էին կարողանում դիմակայել թշնամու հուժկու գրոհներին:

Նառան ամբողջ գիշեր անհանգիստ էր: Արմանը չէր զանգում: Մի պահ կարողացավ քնել: Լայն միջանցքում մի սենյակ կար: Արմանը մտավ հաշվետվություն տալու: Նառան հետևեց նրան:

«Ինչո՞ւ տուն չեկար»:

«Նառա՛ ջան, դու չես պատկերացնե, թե սրանք ինչ կենեն ու ինչերով կկրակեն, ուղղակի չես պատկերացնե»…

Կինը վեր թռավ տեսած երազից, մինչև լույս աղոթեց: Առավոտյան Արմանի եղբայրը՝ Արան եկավ…

Չհավատա՜լ-չհավատա՜լ անդառնալի կորստին։ Նրա ներկայությունը զգալ ամեն պահ: Ապրել և ապրեցնել՝ փաստելով, որ Դրմեյան Արմանը Հայրենիքի նվիրյալ է, իր գործին հմուտ տիրապետող, պատասխանատու և խստապահանջ փոխգնդապետ…

Իր ծառայության ընթացքում Արման Դրմեյանը բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով, «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալով, «ՀՀ զինված ուժերի քսան տարի» հոբելյանական մեդալով, «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով, «Վազգեն Սարգսյան» մեդալով, «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով, հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան ԱՀ նախագահի կողմից՝ հմուտ կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների արդյունքում հակառակորդին զգալի կորուստներ պատճառելու, նրանց առաջխաղացման փորձերը բազմիցս հետ մղելու համար…

ՀՐԱՆՈՒՇ

Խորագիր՝ #39 (1410) 6.10.2021 – 12.10.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


07/10/2021