Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏ ՎԱՍՊՈՒՐԸ



ՏԱՆԿԻՍՏ ՎԱՍՊՈՒՐԸՇիրակ աշխարհի գողտրիկ մի անկյունում է գտնվում Կառնուտ գյուղը։ Քար ու հողի, անբարենպաստ բնության, եղանակային դաժան պայմանների հետ մաքառող, իր մի կտոր հացն արդար քրտինքով վաստակող է այս համայնքում ապրող յուրաքանչյուր ոք։

2000 թ. նոյեմբերի 9-ին Կառնուտ գյուղի բնակիչ Գառնիկ և Հրանուշ Գաբոյանների ընտանիքում մեծ ուրախություն էր։ Այդ օրը լույս աշխարհ եկավ Վասպուրականը։ Տատը կամեցավ Հայրենական պատերազմի ժամանակ զոհված իր հոր անունը վառ պահել։ Բոլորն առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ էին սիրում Վասպուրին։ Նա ուշադրություն էր գրավում իր պահվածքով և զարմացնում էր յուրահատուկ բնավորությամբ։ Անունը քիչ հանդիպողներից էր, ու Վասպուրը ցանկանում էր, որ իր անունը Արթուր լինի։ Բայց բոլորը, չգիտես ինչու, նրան Վաչ էին անվանում։

Բարի, նրբանկատ, ամաչկոտ Վաչը փոքր տարիքից ձգտում էր լավագույնին, ամեն ինչում փորձում էր լինել առաջինը։

Վեց տարին չբոլորած՝ ընդունվեց Կառնուտի միջնակարգ դպրոց։ Դասարանում չորս տղա էին և մեկ աղջիկ։ Վասպուրը, Հրաչյան, Գրիգորը և Հենրիկը հարգանքով և եղբոր նման էին վերաբերվում Հեղինեին։ Ընկերներն իրարից անբաժան էին ու հավատարիմ։ Հաճախ էին փախչում դասերից ու չարաճճիություններ անում, բայց միևնույն ժամանակ էլ լավ էին սովորում և շատ աշխատասեր էին։

Վասպուրը մեծ ոգևորությամբ մասնակցում էր դպրոցական բոլոր միջոցառումներին։ Նա առանձնակի վերաբերմունք ու ակնածանք ուներ Հայոց եռագույն դրոշի և զինանշանի նկատմամբ։ Դպրոցում կազմակերպվող հայրենասիրական միջոցառումներին բոլորից առաջ էր անցնում, ուզում էր, որ դրոշն առաջինը իր կրծքին փակցնեն։

Տասը տարեկանից հաճախեց կարատեի, լողի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի։ Նախապատվությունը տալիս էր ըմբշամարտին և մինչև բանակ գնալը զբաղվեց այդ սպորտով։

Գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցում էր սիրով, աշխատում էր տքնաջան։ Ընկերները միշտ օգնում էին իրար։ Իսկ Գրիգոր հորեղբոր ընտանիքին առանձնակի հոգատարությամբ էր վերաբերվում։ Հատկապես այն ժամանակ, երբ նրանց որդին բացակայում էր տնից։

Վասպուրը կոփվում էր և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ սուրբ Մինաս սարի գագաթը, որ կես ժամվա ճանապարհ է, նա բարձրանում էր հինգ րոպեում։ Նրա գեղեցիկ ու ուժեղ կազմվածքն էին ուզում ունենալ գյուղի դեռահաս տղաները։ Մակարյան Սարգիսիկը հաճախ էր կանգնում հայելու դիմաց, զննում իրեն ու հարցնում.

-Մա՛, նման ե՞մ Վասպուրին։

Մայրը՝ Աիդան, լուռ ժպտում էր։

Հենց ընկերներն անհանգստացնող հարցեր ունենային, Վասպուրին էին տեղեկացնում, ու նա կանգնում էր բոլորի կողքին՝ որպես պաշտպան։

ՏԱՆԿԻՍՏ ՎԱՍՊՈՒՐԸՎասպուրի նպատակներն ու երազանքները կապված էին միմիայն հայրենի գյուղի հետ։ Ուզում էր ամեն ինչ անել գյուղի բարգավաճման համար։ Երազում էր յոթ որդի ունենալ։ Շատ էր հպարտանում հայազգի հերոսներով։ Քառօրյա պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի լուսանկարն ու վերջին խոսքերը դրոշմեց իր շապիկին և համարյա հագից չէր հանում.

«Ա՛յ, հենց ինքն է իսկական տղեն։ Մարդ պետք է ապրի էնպես, որ իրեն սիրով ու մեծարանքով հիշեն»:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Գյումրու պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժին՝ անվճար հիմունքներով։ Իսկ 2019 թ. հունվարի ութին չորս անբաժան ընկերները զորակոչվեցին բանակ։ Վեց ամիս միասին անցկացրին Արմավիրի ուսումնական զորամասում։ Հետո ծառայությունը շարունակեցին տարբեր վայրերում։ Վասպուրը հարավային զորամասերից մեկից տեղափոխվեց Կովսական՝ մինչև պատերազմն սկսվելը, իսկ պատերազմն սկսվելուց անմիջապես հետո՝ Ջրական։

…Վասպուրն իր տանկով դիմակայում էր թշնամու հարձակմանը, մեծ հարվածներ հասցնում թշնամուն, և երբ իր տանկը խոցվեց, կռիվը շարունակեց որպես հետևակ։ Հոկտեմբերի ութին դասակով հայտնվեցին շրջափակման մեջ։ Մոտ տասներկուժամյա ահեղ պայքարի ընթացքում զոհվեցին հինգ զինվոր և մեկ սպա։ Վասպուրին և մնացած տղաներին հաջողվեց դուրս գալ այդ դիվային հրե օղակից։ Վասպուրն ու իր ընկերները կրկին խիզախեցին՝ հրետակոծության տարափի տակ թշնամու գրաված տարածքից դուրս բերեցին զոհված սպայի և զինվորների դիերը: Շրջափակման ընթացքում վիրավորված մայոր Արթուրին և երեք զինակից ընկերներին օգնեցին տեղափոխվել Խնձորեսկի բժշկական կենտրոն, հետո նորից վերադարձան առաջնագիծ ու շարունակեցին կռվել ոսոխի դեմ…

Վասպուրն ամեն օր տուն էր զանգում։ Տիկին Հրանուշի հետ խոսակցությունները կարճ էին տեւում. «Ամեն ինչ լավ է, մա՛ ջան, դուք ձեզի նայեք»։ Վերջին զանգը հոկտեմբերի տասնհինգի իրիկունը հնչեց։ Հայրը՝ Գառնիկը, խոսեց որդու հետ, կապն ընդհատվեց, և խոսակցությունն անավարտ մնաց…

…Երեկոյան Վասպուրի մայրը կանգնեց իրենց այգում, նայեց սուրբ Մինաս սարին, աղոթեց, որ իր տղային վերադարձնի։ Նույն պահին այգու ծառերից մեկի ճյուղերն սկսեցին ուժեղ շարժվել, ու տերևները թափվեցին։ Երեկոն խաղաղ էր, ու քամի չկար։ Մնացած ծառերն անշարժ էին։ Միայն այդ բալենու ճյուղերն էին ցնցվում։

Մոր մարմնով սարսուռ անցավ…

Մինչև հիմա էլ չի ուզում հավատալ, որ որդին չկա։

Ծնողներն ու հարազատներն սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել։ Տվյալ տարածքում մարտական գործողություններին մասնակից սպայական անձնակազմից, զինծառայողներից են փորձել տեղեկություններ իմանալ։ Վերջիններս նշել են, որ իրենք տարհանել են բոլորին ու չեն թույլատրել որոնողական աշխատանքները։

Հայրը՝ Գառնիկ Գաբոյանը, Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահի հետ։ Վերջինիս միջնորդությամբ փրկարարներն ու Կարմիր խաչի ներկայացուցիչները գնացել են Կովսական, որտեղ Վասպուրն իր վեց ծառայակից ընկերների հետ մասնակցել է մարտական գործողություններին։ Որոնողական խմբին են միացել նաև զորամասի հրամանատարն ու կապիտանը։ Նրանց տված ճիշտ կոորդինատների օգնությամբ դեկտեմբերի տասնութին խումբը գտել է Վասպուրի և վեց ընկերների մարմինները։ Վասպուրի գրպանի պարագաները և սրբապատկերը հաստատում էին, որ հենց որոնվող տղաներին են գտել… Նրանք խոցվել են հոկտեմբերի տասնհինգին՝ անօդաչուի հարվածից։ Այդ օրը տղաներից մեկի՝ Արամայիս Մուրադյանի ծննդյան օրն էր…

Կրտսեր սերժանտ Վասպուրական Գաբոյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք մեդալներով, իսկ պատերազմի դաշտում մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող համարձակ գործողությունների և երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

…Քույրը՝ Լիլիթը, կարծում է, որ իր երազների աղավնին Վասպուրն է, որ հրեշտակ է դարձել եւ իրեն ու հարազատներին ուժ է տալիս, որ շարունակեն ապրել ու հավատալ։

Իսկ երեք ընկերները՝ Հրաչյան, Գրիգորը և Հենրիկը, շուտով մատուռ են կառուցելու Կառնուտում՝ հավերժացնելու սիրելի Վասպուրի անունը։

Իսկ ես, սիրելի՛ Վասպուր, քեզ համար կավելացնեմ քո իսկ խոսքերը.

«Ա՛յ, հենց ինքն է իսկական տղեն։ Մարդ պետք է ապրի էնպես, որ իրեն սիրով ու մեծարանքով հավերժացնեն»:

 

ՀՐԱՆՈՒՇ

Խորագիր՝ #40 (1411) 13.10.2021 – 19.10.2021, Ճակատագրեր


14/10/2021