Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՔԵԶ ԿՍՊԱՍԵՄ…



ԵՍ ՔԵԶ ԿՍՊԱՍԵՄ...Սեպտեմբերի 28-ին Երեւանի N194 դպրոցում հուշ-երեկո էր՝ նվիրված Արցախյան ազատամարտի քաջամարտիկներից մեկի՝ լեյտենանտ Յուրի Առուստամյանի ծննդյան 63-ամյակին։

Միջոցառման հեղինակն ու վարողը ռեժիսոր, արվեստագետ Զեփյուռ Սարդարյանն էր:

Ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, մտավորականներ…

Ի նշան երախտագիտության եւ գնահատանքի Յուրի Առուստամյանի անցած մարտական ուղու՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի անունից հերոսի կնոջը՝ Զարինե Հակոբյանին փոխանցվեց ուղերձ. «… Հայ ժողովուրդն իր հարատեւության երթի քառուղիներում պատմական ճակատագրի բերումով մերթընդմերթ կորցրել, ապա զոհողությունների ու հերոսացման շնորհիվ կրկին վերագտել է իր ինքնիշխանությունը…

Յուրաքանչյուր պատերազմ, հայրենի հողի եւ ժողովրդի ազատության համար մղվող յուրաքանչյուր պայքար ավարտվելուց հետո թողնում է երբեք չսպիացող վերքեր, որոնց ցավը ներկա եւ գալիք սերունդներին ոչ միայն զգոնության ու զգաստության է կոչում, այլեւ հպարտությամբ համակում նրանց:

Մեր նորօրյա սերունդը շարունակեց իր նախնիների հերոսական գործը՝ ապրիլյան քառօրյա մարտերում եւ 44-օրյա պատերազմում ցույց տալով իր ոգու արիությունը, բազկի ուժն ու հաղթանակի հասնելու անկոտրում կամքը:

ԵՍ ՔԵԶ ԿՍՊԱՍԵՄ...Առանձնակի երախտագիտությամբ ուզում ենք արժանին մատուցել եւ գլուխ խոնարհել բոլոր նրանց առջեւ, ում որդիները, հայրերը, եղբայրներն ու ամուսինները չխնայեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, որ մեր երկիրը, մենք ապրենք…

Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորածների սխրանքն անմահ է…»:

Հուշ-երեկոյի ընթացքում հնչեցին հեղինակային երգեր, բանաստեղծություններ՝ ձոնված հերոսին։

Օրը Յուրիինն էր, ու մի յուրօրինակ «յուրապատում-հերոսապատում» էր՝ լի նրա մասին բազում հուշերով, ու ամեն մի պատմություն, ամեն դրվագ, ամեն հուշ եւ հիշողություն էլ ավելի էր ամբողջականացնում խիզախ հայորդու մարդկային, հերոսական վառ կերպարը։

1990-ականներին, երբ վտանգվեց հայրենի եզերքի խաղաղությունը, շատ շատերի պես Յուրին նույնպես կամավորագրվել է, 1992 թ. ապրիլից երկրապահ կամավորական ջոկատների տղաների հետ մասնակցել մի շարք տարածքների ազատագրմանը: Այնուհետեւ տեղափոխվել է Սյունիք, 1992 թ. նոյեմբերին զինվորական ծառայության անցել թիվ 100 ԱՄՀԳ-ում, որտեղ ծառայել է մինչև 1993 թ. մայիսը։

1993-ի մայիսի 8-ին Կապանի Շիկահող գյուղում ստեղծվեց 6-րդ գումարտակը, որտեղ Յուրին դասակի հրամանատար էր՝ լեյտենանտի կոչումով: Ծառայության ընթացքում մասնակցել է Շուշիի, Լաչինի, Կապան քաղաքի և այլ սահմանամերձ տարածքների պաշտպանական եւ ազատագրման գործողություններին։

Յուրին ծառայում էր անձնվիրաբար, հրամանատարությունը վստահում էր նրան և հանձնարարում ամենաբարդ առաջադրանքները:

1994 թ. հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան օրը, հրաման ստացան տեղափոխվել հարավարևելյան ճակատի Հորադիզի մարտական դիրքեր և մասնակցել ճակատի պաշտպանական գործողություններին:

Հունվարի 7-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս, դասակն ընկավ շրջափակման մեջ, եւ մինչ օրս անհայտ է Յուրայի, նրա զինակից ընկերների ճակատագիրը..

Արդեն քսանյոթ երկար ու ձիգ տարիներ կինը՝ Զարինեն, եւ երկու զավակները չմարող հավատով սպասում են նրա վերադարձին…

Յուրին անսահման նվիրված էր ծնողներին, կնոջը, երեխաներին, բայց հայրենիքի հանդեպ սերն ավելի հզոր էր…

-Այդ օրերին հաճախ էր բացակայում տնից,- հիշում է Զարինեն:- Մի օր իջել էի ավտոտնակ, պատահաբար զինվորական համազգեստ գտա, և այդ պահից ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար:

Շատ նեղսրտեց, բայց նաեւ հասկացավ՝ Յուրին այլ կերպ չէր կարող…

-Բացակայություններն առավել հաճախադեպ էին դառնում, իսկ  ավտոտնակում արդեն ոտք գցելու տեղ էլ չկար՝ ամենուր արկղերով զինամթերք էր, ինչ-որ մեքենայով բերել էին, մինչև զորամասի մեքենան գար, դիրքեր հասցներ: Այդ տարիներին ոմանք կենցաղային իրեր էին բերում, իսկ ինքը՝ զինամթերք, իր համար ամենակարևորը հայրենիքի պաշտպանությունն էր, սահմաններն ամուր ու անառիկ պահելը….

Յուրին ոչինչ, բառացիորեն ոչինչ չէր պատմում Զարինեին, ինքը դրսում էր ականջալուր լինում մարտերի ընթացքի մասին, բայց երբ փորձում էր մի բան ճշտել, պարզել, Յուրան կատակով կարճում էր խոսակցությունը. «Ով է այդ «հետախույզը», տանենք մեզ մոտ, այդպիսի լավ կադրերի կարիք ունենք»:

 

***

 

ԵՍ ՔԵԶ ԿՍՊԱՍԵՄ...Մարտերը գնալով թեժանում էին, ահագնանում:

Յուրին, երբ ժամանակ էր գտնում, զանգում էր տուն, կնոջը պատվիրում ռազմական այս կամ այն գիրքը գնել եւ ուղարկել իրեն՝ ճակատ, որ տղերքի հետ ռազմական դասընթացներ անցկացնի:

-Երբ ասում էի՝ ախր, պատերազմ է, կռիվ,  պատասխանում էր՝ հանգստի պահին կսովորեցնեմ երեխեքին…

Երեխեք ասելիս՝ իր զինվորներին նկատի ուներ…

Զինվորապաշտ հրամանատար՝ մարտական ընկերներն այսպես են բնորոշում Յուրիին:

Զարինեն մի փոքրիկ դրվագ է վերհիշում, թե ինչպես մի օր բոլորովին նոր ճտքակոշիկներով դուրս էր եկել, բայց վերադարձել հին, մաշված կոշիկներով՝ զինվորներից մեկի ոտքերը թաց էին, նորը նրան էր տվել…

Ու այսպես բազում դեպքեր…

Որքա՜ն թանկ ու գեղեցիկ հիշողություններ ունեն Յուրիին ճանաչողները, իսկ իր սրտում որքա՜ն ջերմ հուշեր ունի ամբարած Զարինեն….

Տակավին երիտասարդ աղջնակ էր, իրենց դաշտերի, սարերի առաջին ծաղիկները Յուրին փնջում ու իրեն էր նվիրում, հետո, երբ ծառայության գնաց, ասաց՝ կսպասես, բանակից հետո կամուսնանանք…

Սպասեց …Հիմա էլ նույն նվիրումով, ինչպես տարիներ առաջ, սրտի անհամբեր տրոփյունով, անհուն հավատով եւ չմարող հույսով սպասում է…

-Եթե անգամ ոչ ոք ոչ ոքի այլևս չսպասի, ես քեզ կսպասեմ, եթե մինչև անգամ ասեն, որ դու չկաս, ես կսպասեմ, կսպասեմ, որովհետև, հավատում եմ, որ դու կաս, որովհետև դու փրկեցիր կյանքեր, նաև՝ իմ կյանքը, որովհետև քո մեծ ուժը ինձ է փոխանցվել։

Ես հավատում եմ և հույսով ապրում, որովհետև դու նույնպես հավատում ես, որ իմ հույսը չի մարի, ու կսպասեմ քեզ, Յուրի….

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #40 (1411) 13.10.2021 – 19.10.2021, Ճակատագրեր


14/10/2021