ՊԱՅԹՅՈՒՆ…
Պատերազմի դաշտում թեժ մարտեր էին ընթանում, «Սիսական» ջոկատի հետ օգնության էինք հասել 18-20 տարեկան տղերքի, որոնք երկու օր շարունակ սոված և շրջապատված էին թուրքական, ադրբեջանական և տեռորիստական մեծ խմբերով։ Հասնելով մարտական դիրք՝ տեսանք փոքրամարմին մի 7-8 զինվորների… Տղերքը աննահանջ կանգնած էին դիրքում։ Մենք իրականում ոչ թե առաջնագծում էինք, այլ առաջնագծից էլ առաջ։ Այնտեղ, որտեղ մենք էինք, մեր զորքերի համար մեռյալ տարածք էր, մեր զորքերը մեր թիկունքում իրենց համար նոր առաջնագիծ էին պատրաստում և բոլոր ուժերը տեղավորել էին հենց մեր թիկունքում ու փորձելու էին թշնամու հարձակման դեպքում նրանց կանգնեցնել հենց մեր թիկունքում, մենք էլ ապահովում էինք իրենց գործողությունների անվտանգությունը, մարտավարական խնդիր էր դա և հրամանատարների մարտավարություն։
Պատերազմի դաշտը անկանխատեսելի մի վայր է, այնտեղ ամեն վայրկյանը անկանխատեսելի է… Հակառակորդը կրակում էր բոլոր տեսակի զենքերով՝ ականանետներ, տանկեր, անօդաչուներ, ձեռքի նռնականետներ, ինքնաձիգներ… Ռումբերը թափվում էին մարտական դիրքի վրա անձրևի, կարկուտի նման։ Թեժ մարտի ժամանակ տղերքով նախապատրաստվում էինք, պետք է կանգնեցնեինք հակառակորդի տանկային գրոհը, առաջադրանքը ստացել էինք և շատ բարձր մակարդակով կատարում էինք։ Բայց սեպտեմբերի 30-ին լսվեց չարաբաստիկ պայթյունի ձայնը… Աչքերիս առաջ ամեն ինչ մթնեց, եւ ես այդ մթության մեջ մտածում էի՝ սա է մահը… Ինչո՞ւ է մութ, ես զայրացած էի և լույս էի ուզում, բայց աչքերս չէին բացվում, գլուխս աշխատում էր, բայց աչքերս չէի կարողանում բացեի, ես իմ մտքում ասում էի, որ ես չեմ կարող մահանալ, և իմ մահը չի կարող մթության մեջ լինել, մի բան այն չէ… Ճգնում էի, որ աչքերս բացվեն… Ի վերջո, բացվեցին։ Շատ խաղաղ լռություն էր: Ծխածածկույթի մեջ շոշափելով փորձում էի ընկերներիս գտնել, բայց հանկարծ նկատեցի, որ ձախ ձեռքս գրեթե չկա, երևում են ցցված ոսկորներ և ջլեր, արյունս ջրի շթի նման դուրս է թափվում: Ես հասկացա, որ արնաքամ եմ լինում։ Հետո նկատեցի, որ աջ ձեռքիս ափի մեջ մի մեծ պատռվածք է և էլի արյունահոսում է, մատներս կաշվի հաշվին կախված են, և ես անօգնական վիճակում ընկած եմ։ Փորձում եմ սողեսող փոշու, ծխի միջից մի ելք գտնել և ինքս ինձ դուրս հանել այդ վայրից։ Տղերքից ոչ մեկի ձայնը չեմ լսում, գոռում եմ՝ տղե՜րք, ո՞վ կա, բայց ձայն չեմ լսում։ Ուժ եմ հավաքում և ոտքի կանգնում, զգում եմ, որ աջ ոտքս լավ չի աշխատում, ամենաուժեղ ցավը ձախ ձեռքիս ցավն է, որը չի թողնում ուրիշ ցավ զգամ։
Մի ոտքով, վիրավոր վերջույթներով ռումբերի պայթյունների ներքո դանդաղ առաջանում եմ դեպի կացարան: Տղերքը, նկատելով ինձ, վազում են օգնության, շտապ պառկեցնում կացարանի հատակին, բացում վերքերս և սկսում կապել, ոմանք լաց են լինում, մյուսները հույս են տալիս, որ կապրեմ, որ չհանձնվեմ։ Այդ ցավերի մեջ հանկարծ լսում եմ հոր ողբը, լսում եմ հոր սարսափելի գոռոցը, հայր, որը մղկտում է և գոռում՝ տղե՜սսսս։ Գոռացողը և լաց լինողը 4 տանկ խոցած հերոս Մուշի հայրն էր, նա խելագարվելու աստիճան ցավերի մեջ էր, կարծես սիրտը դուրս էր գալիս մարմնից՝ որդուն զոհված տեսնելով։
Իմ ճակատագիրը ինձ համար դեռ անորոշ էր. արդյոք կապրեմ ես, թե շուտով ես էլ կգնամ այս աշխարհից, ինձ չէին թողնում, որ աչքերս փակեմ, ջուր էին լցնում վրաս, բռով դեղեր լցնում բերանս, և այդպես գետնին պառկեցրած սպասում էինք «սկոռուն»։ Ես ուզում էի փակել աչքերս, ուժերս կարծես սպառվել էին, ես ուզում էի հանձնվել, բայց տղերքը էլի խփում էին երեսիս, ջուր լցնում վրաս և խնդրում, որ աչքերս չփակեմ։ Ի վերջո, ինձ դուրս բերեցին դիրքից, մինչև հասանք առաջին ՀԴԿՆ, մի այլ վիրավոր նույնպես բերեցին, նրա վիճակը ևս շատ ծանր էր, «սկոռին» գնում էր շատ արագ, և ռումբերը պայթում էին շուրջբոլորը։ Ամեն փոսից և քարից մարմինս կարծես դանակով կտրտեին, կողքիս վիրավորը մահանում էր, և ես դա զգում էի. նա չէր խոսում, աչքերը կիսափակ տանջվում էր, թպրտում էր, և ես հասկանում էի, որ նրա հոգին անջատվում է մարմնից։ Զինվորը, որը մեզ օգնություն էր ցույց տալիս, շատ ծանր վիճակում էր, բայց իրեն չէր կորցրել և ամբողջ ճանապարհին առաջին օգնություն էր ցույց տալիս։ Մինչև հասանք Հադրութի մոտակայքի հիվանդանոց, կողքիս վիրավոր տղան արդեն մահացավ. բեկորը նրա սիրտն էր մտել թիկունքից, և տղերքը անզոր էին նրա կյանքը փրկելու գործում։ Հետո ինձ այդ հիվանդանոցում օգնություն ցույց տվեցին շատ արագ, շատ ցավազրկող ներարկեցին և շտապ ճանապարհեցին Ստեփանակերտ։ Ամբողջ ճանապարհին բժիշկները էլի չթողեցին աչքերս փակեմ և ամեն րոպե ինձ ասում էին՝ չքնես, չփակես աչքերդ։ Տղերքը ամեն բան անում էի, նրանք թույլ չէին տալիս, որ ես աչքերս փակեմ, խոսում էին, խնդրում էին, սեղմում էին, ջուր էին լցնում դեմքիս… Ես չէի հասկանում, ինչ է կատարվում, շատ արյուն էի կորցրել, քունս տանում էր, աչքերս փակվում էին։
Կյանքը և ամեն ինչ անցնում էր աչքերիս առջեւով… Աստված ինձ օգնում էր, և ես դա զգում էի…։ Ես մտածում էի՝ Հայրենիքի համար թափված ամեն կաթիլ արյունը Աստծո մոտ մեծ գին ունի, և թող ամեն մարդ Աստծուց ստանա իր արժանին։ Իմ կյանքը պայքար է, ես պիտի պայքարեմ։ Տղերքը չկան, տղերքը գնացին, դա Աստծո որոշումն էր… Եվ ինչքան էլ ընկերներիս կարոտեմ, էլ իրենց ետ չեմ կարող բերել։
Իմ ցավերը իմ հոգում են, և թողեք թող դրանք մնան այնտեղ, դրանք իմն են, իմ խաչը ես պարտավոր եմ տանել, և ես երբեք չեմ հրաժարվելու Աստծո կողմից ինձ տրված Սուրբ խաչից։ Աստված, Հայրենիք, Ընտանիք։ Սա է իմ ճշմարտությունը…
ՄԱՆՈՒԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Խորագիր՝ #40 (1411) 13.10.2021 – 19.10.2021, Բանակ և հասարակություն