Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ



ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կատարել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների՝ տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքներին։ Նշված գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից։

Մասնավորապես, ՄԻՊ գրառման մեջ նշվում է, որ «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ»: ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացնում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ այդպիսի աշխատանքների փորձերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զինծառայողների թվաքանակի և սպառազինության ավելացման մասին պնդմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական զինծառայողների ամբողջ շարժը հայկական ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկում են, և վերջին շրջանում նման գործընթաց չի արձանագրվել։

Կոչ ենք անում մեր հասարակության համար զգայուն թեմաների շուրջ նմանատիպ գրառումներ կատարելիս փաստական տվյալները ճշտել նաև պաշտպանական գերատեսչության հետ, որը, ինչպես ամբողջ այս ընթացքում, այնպես էլ հետագայում, պատրաստ է ամենասերտ համագործակցության ՄԻՊ գրասենյակի հետ։

Խորագիր՝ Նորություններ


19/10/2021