Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի ՀԻՇԱՏԱԿ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՈՋ



Ի ՀԻՇԱՏԱԿ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՈՋԼողորդ, ջրագնդակի Երեւանի «Հիլզ» ակումբի թիմի ավագ Էրիկ Ստեփանյանը լողալով հատել է Սեւանա լիճը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջ՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիկ Հակոբյանի:

18-ամյա Էրիկը Սեւանի մեկ ափից մյուսն անցել է 57 րոպեում՝ հաղթահարելով 4,4 կմ տարածություն:

-Չորս տարի զբաղվում եմ լողով, 2 տարի՝ ջրագնդակով: Երբ նոր էի տեղափոխվել ջրագնդակի թիմ, ինձ հետ անհատական աշխատեց հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանի որդին՝ Հենրիկը: Նա այդ ժամանակ արդեն մեծ հաջողություններ ուներ մարզաձեւում, Հայաստանի հավաքականի ավագն էր, դրան զուգահեռ, նաեւ աշխատում էր մեր ակումբում՝ որպես մարզիչ:

Այն հաջողությունները, որոնց ես հասել եմ սպորտում, մասնավորապես՝ ջրագնդակում, Հենրիկի շնորհիվ է: Նա ինձ սովորեցրեց թիմային մարզաձեւի նրբությունները: Նրա շնորհիվ շատ սիրեցի ջրագնդակը: Հենրիկ Հակոբյանի շնորհիվ նաեւ մեր մարզաձեւը սիրվեց, առաջընթաց ունեցավ:

Լողով ավելի երկար եմ զբաղվել, մրցաշարերի մասնակցել, բայց երբ տեղափոխվեցի ջրագնդակի թիմ, հասկացա, որ այս մարզաձեւում ամեն ինչ այլ է, ավելի հետաքրքիր, պայքարն էլ՝ առավել թեժ:

Ի ՀԻՇԱՏԱԿ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՈՋ…Պատերազմից հետո շարունակեցի աշխատել Գուրգեն Հակոբյանի հետ եւ միշտ ուզում էի ինչ-որ կերպ Հենրիկի հիշատակին նվիրված որեւէ քայլ անել:

Սեւանում Հենրիկի հիշատակին նվիրված տարածություն հաղթահարելու մտահղացումն իմն էր: Այդ մասին առաջինը տեղեկացրի Գուրգեն Հակոբյանին: Նա ողջունեց մտահղացումս եւ օգնեց իրագործել այն:

Առաջին անգամ էի այդքան երկար տարածություն անցնում Սեւանում: Բարդ չէր այդքան, անսովոր էր մոտ մեկ ժամ անդադար լողալը: Անպատրաստ մարդը չի կարող այդքան տարածություն անցնել Սեւանում: Շատ տարբեր է՝ ինչ լողավազանում այդքան լողաս, ինչ՝ Սեւանում:

Մեկ ափից մյուսը դուրս եկա՝ դեպի թերակղզի, որն ուղիղ 4.4 կմ է: Մինչ այդ, ընկեր Գուրգենի հետ երկար մարզվեցինք: Ինձ այդ տարածությունը Ի ՀԻՇԱՏԱԿ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՈՋհաղթահարելու հարցում շատ օգնեց նաեւ պարող լինելս: 13 տարի զբաղվում եմ դասական պարով «Նարեկ» համույթում եւ, երեւի, նաեւ դրա շնորհիվ կարողացա այս եղանակին, մկաններիս պատրաստվածության հաշվին, հասնել այդպիսի արդյունքի:

Ուրախ եմ, որ կարողացա մտահղացումս իրականություն դարձնել: Սկզբում ծնողներս դեմ էին, վախենում էին, բայց մարզիչիս հետ նրանց համաձայնությունն էլ ստացա: Օգնեցին նաեւ Սեւանի ջրափրկարարները: Դիմեցինք նրանց, եւ օգնեցին առանց խնդրի, համազգեստ տրամադրեցին, ինձ ուղեկցեցին լողալու ընթացքում,- պատմեց Էրիկ Ստեփանյանը:

Երիտասարդ մարզիկը շուտով զորակոչվելու է բանակ:

-18 տարեկան եմ, շուտով անցնելու եմ զինծառայության: Միակ խնդիրս այն է, որ հնարավորություն ունենամ ինչ-որ կերպ շարունակել մարզվել, զբաղվել այս մարզաձեւով,- ասաց ապագա զինվորը:

Զինծառայությունից հետո էլ Էրիկը նպատակ ունի Սեւանա լիճը երկարությամբ լողալով անցնել և այն նվիրել կրկին ընկերոջ՝ Հենրիկի հիշատակին:

 

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ

news.am

Խորագիր՝ #41 (1412) 20.10.2021 – 26.10.2021, Ճակատագրեր


21/10/2021