ԼՈՒՍԱՎՈՐ Է ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԽԱՉՔԱՐԸ…
Մակարավանքի շուրջը դարավոր կաղնիներն են խշշում, երփներանգ ծաղիկներ ծփում։ Վանքի տաքացած պատերին արեւ է, լույս։
Եվ լուսավոր է վարդագույն խաչքարը, որն, ասես, շնչում, բաբախում է հավերժ երիտասարդ Հայր Վահանի եւ աչաջուրցի Աշոտի սրտերի նման…
…Սումգայիթյան ոճրին հաջորդած տարիներն էին։ Հայաստանն անհանգիստ էր՝ ցավ ու դառնություն կար յուրաքանչյուր հայ մարդու սրտում, ամենուր մոլեգնում էր ցասումը, միտինգներ եւ ցույցեր էին գրեթե բոլոր բնակավայրերում։ Անհանգիստ էր նաեւ Ադրբեջանում ապրող հայ ազգաբնակչությունը, որը պարզորոշ տեսնում էր դարձյալ գաղթի ճամփա ելնելու արհավիրքը։
Երիտասարդ հոգեւորականը Էջմիածնի հոգեւոր ճեմարանն ավարտելուց եւ սարկավագ կարգվելուց հետո ուղարկվում է Բաքու, յոթ տարի հոգեւոր հովվություն է անում Հայ Առաքելական եկեղեցում։ Նա իր ժողովրդի հետ էր, նրա կողքին, դառնության եւ հուզմունքի վկան։ Իշխանության ներկայացուցիչները մի քանի անգամ նկատողություն անելուց հետո պահանջեցին քսանչորս ժամվա ընթացքում հեռանալ Բաքվից։ Սարկավագը հանգրվան գտավ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում, դարձավ Աչաջուր գյուղի Մակարավանքի հոգեւոր հովիվը, որտեղ հայր Վահան անվամբ աբեղա օծվեց։ Յոթանասուն տարի հոգեւոր կյանքից հետ վարժված իջեւանցին կապվեց իր հոգեւոր առաջնորդին, սիրով շրջապատեց նրան։
…Ես աշխատում էի Իջեւանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Այդ շրջանն էի գործուղվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց, երգ¬երաժշտության ուսուցչի եւ երգեցիկ խմբի ղեկավարի որակում ստանալուց հետո։ Այդ նույն տարիներին մեր դպրոցում մաթեմատիկայի դասեր էր վարում սլացիկ հասակով, թխաչ, աշակերտների եւ գործընկերների կողմից սիրված, կարճ ժամանակում հարգանքի արժանացած երիտասարդ մանկավարժ Աշոտ Մելիքբեկյանը։
…Հայր Վահանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերեց եւ ինձ հանձնեց Մակար Եկմալյանի պատարագի պարտիտուրան, հանձնարարեց աշխատել նորաստեղծ երգչախմբի հետ։ Երգիչ¬երգչուհիների փոքր եւ շատ համերաշխ կոլեկտիվի հետ աշխատանքը կամաց¬կամաց տալիս էր իր արդյունքները։ Եվ ահա մի անգամ հայր Վահանը մեզ հրավիրեց իր մոտ։ Քանի որ քաղաքում գործող եկեղեցի չկար, պատարագը նախատեսված էր անցկացնել Աչաջուր գյուղի բարձունքին գտնվող Մակարավանքում։ Պետք էր վերջնական տեսքի բերել մեներգերը, քահանայի քարոզի մուտքը, որպես ավարտ՝ Կոմիտասի «Հայրապետական օրհներգը»։
Պարապմունքի թեժ պահին նրան դուրս կանչեցին։ Հայր Վահանը դրսում մի քիչ զրուցելուց հետո ներս մտավ հյուրի հետ։ Ես զարմացա, Աշոտն էր՝ մեր դպրոցի մանկավարժը։ Ի՞նչն էր կապել նրանց…
Հետագա օրերի եւ ամիսների ընթացքում շատ բաներ պարզ դարձան։ Զինվոր էր յուրաքանչյուր իջեւանցի, սահմանամերձ գյուղերի յուրաքանչյուր բնակիչ։ Զենք էր կրում նաեւ հոգեւորականը։ Դա ժամանակի պահանջ էր, հոգեւոր կոչում ունեցող հայորդու սրտի թելադրանք, իր ժողովրդի բախտին եւ ճակատագրին անտարբեր չմնալու ձգտում։
Երգչախումբը պատրաստ էր, վերջին ցուցումներն ստանալուց հետո մենք պատրաստվում էինք կիրակնօրյա պատարագի։ Մի տեսակ անհանգիստ էի, տեսնես նման խառնակ օրերին ժողովուրդը կգա՞ Աստծո խոսքը լսելու։
…Առավոտը կարծես սովորական էր, անսովորը ուղեղի մեջ չտեղավորվող գույժն էր. սահմանի մոտ Հայր Վահանը եւ Աշոտը զոհվել էին։ Թեւաթափ էինք բոլորս։
Աշոտ Մելիքբեկյանի տնից թաղման թափորն իջավ գլխավոր փողոց եւ ուղղություն վերցրեց դեպի Սուրբ Էջմիածին։ Սարկավագների մի փոքր խումբ բուրվառում էր, իսկ երիտասարդ հոգեւորականները հոգեհանգստի շարականներ էին երգում…
Տարիներ են անցել այդ ահասարսուռ օրերից։ Շուրջ տասնվեց տարի ես երգեցի Հայ Առաքելական եկեղեցում, շատ հոգեւոր հայրեր՝ Տեր Տիրատուրը, Տեր Մինասը, Հայր Թադեւոսը պատարագեցին Մակարավանքում, Հաղարծնի վանքում, Իջեւանի նորաբաց եկեղեցում, սակայն Աստծո ամեն օր հիշեցի մեր չկայացած պատարագը, զոհված Հայր Վահանին եւ Աշոտ Մելիքբեկյանին։ Վերջինիս անունով Իջեւանում փողոց կա այսօր։ Այդ նույն փողոցով ամեն օր դեպի համալսարան է քայլում նրա ուսանող որդին` սլացիկ հասակով եւ թխաչ Անդրանիկը, որ դիմագծերով եւ շարժումներով այնքան նման է հորը։ Հայր Վահանի աճյունն ամփոփված է Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցու բակում։
Մակարավանքի դարավոր կաղնիները խշշում են։ Ջահել զույգերը մոմեր են վառում խաչքարի մոտ, հիշում զոհված նվիրյալներին, երդվում հավատարիմ մնալ հայրենի բնօրրանին։ Զոհված հայորդիների անմահությունը խորհրդանշող խաչքարին միշտ թարմ, ցողաթաթախ ծաղիկներ կան…
ԼՈՒՍԻՆԵ ԵՆԳՈՅԱՆ
Խորագիր՝ #41 (1412) 20.10.2021 – 26.10.2021, Հոգևոր-մշակութային