Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ



ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԼԵՌՆԵՐՈՒՄԴիրքի ավագի ուղեկցությամբ քայլում ենք խրամուղիով: Միսակը առաջնագծի այս հատվածում տարվող սեզոնային ինժեներական աշխատանքների ընթացքից է պատմում:

-Սյունյաց լեռներում առաջին ձյունը տեղում է շատ ավելի վաղ, և ձմեռը ձգվում է սովորականից ավելի երկար, մարտական հերթապահության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու մասին նախապես է պետք մտածել։ Արդեն հերթափոխների հաշիվն էլ եմ կորցրել, բայց հո առաջին ձմեռը չէ. հավուր պատշաճի կդիմավորենք,- ձայնի վստահ առոգանությամբ ասում է Միսակը:

Առաջնագծի այս հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնում է նաև հակառակորդը: Հարաբերական անդորր է, սակայն մեր դիրքապահները, ինչպես միշտ, զգոն են և վստահեցնում են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են համարժեք գործողությունների։

Սիսակը դիրքի անձնակազմի հետ է ծանոթացնում, տղաներից շատերը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Անդրանիկը ժամկետային զինվորական ծառայությունն անցկացրել է Արցախի պաշտպանական շրջաններից մեկում: Ծառայակից ընկերոջը ներկայացնելիս Սիսակը հուշում է՝ խնդրեք, թող լեգենդար վաշտի մարտերից պատմի: Արցախի արևելյան ուղղության այդ ստորաբաժանմանը դեռ պատերազմի օրերին էին լեգենդար կոչել: Տղաների վարած հերոսական մարտերի մասին հազար ու մի պատմություն էր շրջում: Եվ այդ պատմություններից մեկի հերոսը հենց ինքը՝ Անդրանիկն է՝ այն նույն ժամկետայիններից մեկը, որն ինքն իր համար առանձին կարգավիճակ է ընտրել. ինքն այլևս անժամկետ զինվորական է։ Պատերազմն ավարտվեց, զորացրվեց, իսկ այսօր ծառայությունը շարունակում է սահմանամերձ զորամասի պայմանագրային գումարտակներից մեկի շարքերում։

ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԼԵՌՆԵՐՈՒՄԱնդրանիկը պատերազմի օրերն է վերհիշում, իսկ իմ ինչուներին ու ինչպեսներին ի պատասխան մերթընդմերթ զուսպ ժպտում է։

-Իրականում, ոչ մի լեգենդ էլ չկա, պատերազմն ամենաիրական բանն էր, որ երբևէ տեսել եմ: Մարտի դաշտում ամեն ինչն է իրական, իսկ ամենաիրականը զգացողություններն են, որոնք երբեք չեն մոռացվի… Իսկ պատերազմից հետո ամեն ինչն է ուրիշ,- ասում է լեգենդար վաշտի մարտիկը:

Երկու տարի առաջնագծում, հետո պատերազմ. երևի ինչ-որ առանձնահատուկ կամային հատկանիշներ են պահանջվում նորից խրամատ վերադառնալու համար:

-Ամեն սյունեցի քաջ գիտի, որ Սյունիքը մեր աշխարհագրական հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Դա ինձ սովորեցրել են տանը, մանկապարտեզում, դպրոցում, հենց այնպես չեն սովորեցրել, չէ՞: Այլընտրանք չկա, իմ տեղն այստեղ է, սյունյաց լեռներում,- ասում է Անդրանիկը:

Արթուրի երկու եղբայրներն էլ պատերազմի առաջին օրերին կամավորագրվեցին և մինչև պատերազմի ավարտը մասնակցեցին Քարվաճառի պաշտպանության համար մղվող մարտերին:

-Այդ օրերին ընկերներիս հետ մարտական խնդիր էինք կատարում առաջնագծի մեկ այլ ուղղությամբ,- հիշում է Արթուրը:

Պետական սահմանի իրեն վստահված մարտական դիրքում է Արթուրը, մեկ այլ դիրքի պաշտպանություն էլ վստահված է ավագ եղբորը, մեկ ուրիշն էլ՝ կրտսերին:

Սիսակն այստեղ է մարտական հերթապահություն իրականացնում, ավագ եղբայրն էլ մեկ այլ բարձունքին է հիմա: Անդրանիկը հորն է փոխարինում, որը քսանմեկ տարի այս հենակետերում է անցկացրել զենքը ուսին, հիմա էլ վաստակած հանգիստն է վայելում՝ հոգու խորքում միշտ պատրաստ մարտի…

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #41 (1412) 20.10.2021 – 26.10.2021, Ազգային բանակ


21/10/2021