Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՄ…»



«ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՄ...»Հովակիմյանների տոհմում էլի հերոսներ կան՝ Մեծ Հայրենականում, Արցախի անկախության համար կռիվներում մարտնչած: «Մա՛ ջան, ես երրորդ սերնդի երրորդ հերոսն եմ լինելու մեր ազգի մեջ: Գնալու եմ Մատաղիս, գնալու եմ «Եղնիկներ»»,- մինչև զորակոչվելն ասել էր Վահագնը:

2019 թ. հուլիսի 30-ին մեկնեց բանակ: «Ասել էի, չէ՞, Արցախ եմ գնալու: Մա՛ ջան, ինչ որ լինելու է, պետք է լինի»:

Ծառայության ընթացքում Վահագնը աչքի ընկավ համարձակությամբ, կողմնորոշվելու բացառիկ ունակությամբ: Շուտով նշանակվեց հրետանու նշանառու: 2020 թ. հուլիսին Ստեփանակերտում մասնակցեց սերժանտական դասընթացների, ստացավ կրտսեր սերժանտի կոչում, նշանակվեց դիրքի ավագ: Հմուտ նշանառուին դիրքից դիրք էին տեղափոխում: Նա իր գործի գիտակն էր, տիրապետում էր զենքի բոլոր գաղտնիքներին:

…Սիրում էր մենակ հերթապահել՝ հսկելով դիրքի տղաների քունը: Մի օր ծնեբեկ էր հավաքել դաշտերից, հեռախոսով, թե՝ «Մա՛մ ջան, ո՞նց պատրաստեմ, որ համով լինի»: «Փայլաթղթի մեջ դի՛ր, վրան կարագ ավելացրու, դի՛ր կրակին»:

…Պատերազմի առաջին իսկ օրից Վահագնը թեժ մարտերի մեջ է եղել առաջնագծի Մատաղիս-Թալիշ հատվածում: Անձնուրաց պայքարել ու պաշտպանել է իրեն վստահված դիրքերը: Հետո Վահագնի հրաձգային վաշտը հայտնվել է շրջափակման մեջ: Նա և իր հրամանատարը կարողացել են ապահովել ծառայակիցների անվտանգ նահանջը՝ հետ շպրտելով թշնամու երկու հարյուր հոգանոց խմբի գրոհը:

«Ինչպե՞ս ես, որդի՛ս, ի՞նչ ես անում»:

«Հերոսանում եմ, մա՛մ ջան, հերոսանում եմ»,- հեռախոսազանգին կարճ պատասխանել էր Վահագնը…

Մարտերի ժամանակ կորցնելով հրամանատարին՝ Վահագնն ինքն է ստանձնել նրա պարտականությունները և անմիջապես ստացել է մարտական առաջադրանք՝ պաշտպանել Մարտակերտի կարևոր բարձունքը: Հոկտեմբերի 13-ի առավոտյան Վահագնն ու ընկերներն ընդունել են մարտը: Արկերի տեղատարափ է եղել ավիացիայից, հրետանուց: Դասակով ոչնչացրել են թշնամու զգալի քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ: Իրենք ևս զգալի կորուստներ են կրել: Վահագնը ստացել է նահանջի հրաման, բայց չի նահանջել: Մնացել է բարձունքում, կրակել է մինչև վերջին արկը, վերջին փամփուշտը, որպեսզի ապահովի ընկերների անկորուստ նահանջը: Արկի պայթյունից ծանր վիրավորվել է ոտքերից: Չհանձնվող, չնահանջող հերոսը քաշել է նռնակի օղակը՝ հավատարիմ մնալով «կյանք՝ կյանքի դիմաց» իր երդմանը: Վահագնի, նրա նման տղաների կյանքի գնով է կանգուն մնացել Մարտակերտը:

…Ոչ ոք չգիտի՝ կյանքի ոլորաններում ո՛ր պահին ի՛նչ է սպասում իրեն: Տիկին Անժելայի մտքով երբեք չէր անցնի, որ իր սիրասուն որդու հուշաքարի մոտ է ծանոթանալու հարսնացուի ծնողների հետ: Իսկ Արև-աղջկա ձեռքին Վահագնի նվիրած տուփն էր. մոլորված, անելիքը չիմանալով… նա մոտեցավ տիկին Անժելային.

«Որ խնդրեմ, Դուք շղթան կկախե՞ք իմ վզից»:

Վահագնի մայրը կատարեց խնդրանքը: Ասես նշանադրություն լիներ: Վահագնը խորհրդավոր ժպտում էր հուշաքարից…

Վահագն Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ԱՀ «Մարտական ծառայություն», «Արիության համար» և ՊՇ «Անձնուրաց պաշտպան» մեդալներով:

 

ՀՐԱՆՈՒՇ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Ճակատագրեր


28/10/2021