Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏԱՐԻՄ «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ» ԿԱՐԳԱԽՈՍԻՆ



ՀԱՎԱՏԱՐԻՄ «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ» ԿԱՐԳԱԽՈՍԻՆՆոր ու թարմացված ռազմակրթական ծրագրերով է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը սկսել ուսումնական տարին։ Սաների համար միջազգայնորեն մրցունակ ու որակյալ կրթություն ապահովելու շեշտադրումն անփոփոխ է, հստակ ձևակերպված ու ամփոփված կրթահամալիրի որդեգրած կարգախոսում՝ «Ճանապարհ դեպի բարձունք»։

Վարժարանն այժմ ունի դասընթացներ 9 ռազմամարզական առարկաներից: Ուսումնական տարին բարձր առաջադիմությամբ սկսելու և ավարտելու նպատակասլացությամբ են այստեղ սովորում բոլորը՝ քաջ գիտակցելով մոնթեական, իսկ մոտ ապագայում՝ Հայրենիքի պաշտպան դառնալու հնարավորությունը միայն լավագույններին է ընձեռվում։

-Հպարտ եմ, որ սովորում եմ Հայաստանի Ազգային հերոս, ազգային գործիչ, աննկուն ու քաջ հրամանատար Մոնթե Մելքոնյանի անունը կրող վարժարանում: Նոր ուսումնական տարին սկսել եմ շատ ոգևորված,- ասաց ջոկի հրամանատար Վաչե Սահակյանը:

Վաչեն որոշել է ուսումը շարունակել ռազմական բուհերից մեկում:

-Վարժարան ընդունվելուս գլխավոր նպատակը Հայրենիքը պաշտպանելն է, հայրիկիս գործը շարունակելը: Վերջին պատերազմը ավելի ոգեշնչեց, որ դառնամ բանակի համար պիտանի սպա և արժանապատվորեն կատարեմ պարտքս:

Եթե սովորում ենք այս վարժարանում, ապա պարտավոր ենք լինել Մոնթեի նման հայրենասեր ու գործի իսկական նվիրյալ,- ընկերոջն է միանում կուրսանտ Արամայիս Նաջարյանը:

Ռազմական բաղադրիչն այս կրթահամալիրի գրավչության կարևոր տարրերից է եւ տարիներ շարունակ դպրոցականներին ուղղորդում է դեպի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, այստեղից էլ ռազմական համալսարաններ։

Նախորդ ուսումնական տարում վարժարանների կուրսանտների 85 տոկոսն ընդունվել է ռազմական տարբեր բուհեր:

Վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը վստահ է՝ այստեղ ստացած գիտելիքներն ու փորձը դառնալու են այն կարևոր հիմնաքարը, որը հետագայում օգնելու է սաներին ռազմական ոլորտում հաստատուն քայլերով առաջ շարժվել։ Հատկանշական է նաև, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ մոնթեականների շարքերն են համալրում աղջիկները, տղաներին հավասար սովորում ու մարզվում ռազմամարզական միջավայրում։

-Առաջին կուրսի սան եմ: Քանի որ մայրս զինվորական է, ես էլ որոշեցի նրա ճանապարհով գնալ: Ընդհանուր տպավորություններս շատ դրական են, օրեցօր նոր բաներ ենք սովորում: Շատ ուրախ եմ, որ ընդունվել եմ,- ասում է Վիոլետա Ֆեոֆիլակտովան:

Մելինե Թամրազյանն արդեն հասցրել է անցած մեկ տարվա ընթացքում որոշակի գիտելիք ու փորձ ձեռք բերել ռազմական պատրաստությունից: Երիտասարդ աղջնակի վստահ պահվածքն ու զինվորականին վայել հատու խոսքը հուշում են, որ նա ապագայում հաջողելու է զինվորական մասնագիտության մեջ:

-Հետագայում շարունակելու եմ ռազմական գործը և երրորդ կուրսում ձգտելու եմ ավելի լավ սովորել ու հարստացնել գիտելիքներիս շտեմարանը: Ես ինձ ապագայում տեսնում եմ Հայրենիքի պաշտպանների շարքերում,- զինվորականին վայել առոգանությամբ ասում է Մելինեն:

Նորացված ու հետաքրքիր դասաժամերով հագեցած ուսումնական տարին՝ ժամանակակից կրթության որակի չափորոշիչներով և հաջողությունների տեսլականով, սաներին ուղեկցելու է դեպի նոր բարձունքներ:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Ազգային բանակ


28/10/2021