Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԱՅԼԵՎՍ ՉԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ



...ԱՅԼԵՎՍ ՉԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲԳումարտակի հրամանատար, մայոր Արման Աթանեսյանի հետ պատերազմի օրերն ենք վերհիշում։ Ջրականի մարտերից է պատմում, իր անձնակազմի տղաների անձնուրաց կռվից առանձին դրվագներ վերհիշում:

-Մենք ինչ ունեինք, տվեցինք այս պատերազմին, տվեցինք անմնացորդ ու փոխարենը, փոխարենը մեծացավ ապրելու պատասխանատվությունը: Պատերազմն ամեն մեկիցս խլեց, խլեց ագահորեն ու դաժանաբար, հիմա անընդհատ հարցնում ենք, թե պատերազմից հետո շատ բան է փոխվել, գիտե՞ք՝ ինչ է փոխվել… Ամեն ինչի հանդեպ պատասխանատվության զգացումն է մեծացել, մեր ապրածի ու գալիքի հանդեպ պատասխանատվությունը։ Հենց այդ պատասխանատվության գիտակցմամբ են այսօր տղաներն դիրքերում,- ասում է մայոր Աթանեսյանը:

Սերժանտ, դիրքի ավագ Գերասիմ Առաքելյանն է միանում մեր զրույցին: Գերասիմը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ժամկետային ծառայության երկու տարիներն Արցախում է անցկացրել՝ պաշտպանության բանակի պահպանության գոտու ամենաբարդ մարտական բնագծերից մեկում: Հիմա հպարտությամբ ու անթաքույց հուզմունքով է հիշում ամեն մի հերթափոխը:

-Հայրենասիրության ամենամեծ դասը հենց ժամկետային ծառայությունն էր: Հենց այդ տարիներին եմ հասկացել, թե ինչ է նշանակում սիրել Հայրենիքը, հենց այդ ժամանակ եմ որոշել, որ զորացրվելուց հետո անպայման շարունակելու եմ  ծառայությունը պայմանագրային գումարտակում,- մեզ հետ կիսվում է սերժանտը:

Պատերազմից հետո Գերասիմը սպայական կրթություն ստանալու որոշում է  կայացրել:

 

***

 

Վահե Սարիբեկյանը սահմանամերձ համայնքում է ծնվել, հասակ առել: Վաղ մանկությունից մեծերից մշտապես լսել է պատերազմի մասին, բայց տեսավ պատերազմի դաժան դեմքը Արցախում՝ 44-օրյա մարտերի ժամանակ.

-Դուք պիտի տեսնեիք՝ ինչպես էին կռվում մեր տղաները… Վստահ եմ՝ պատերազմները հրադադարով չէ, որ ավարտվում են: Պատերազմը ողբերգություն է, որը շարունակվում է մարդու մեջ: Ամեն մեկս մեր բաժին պատերազմը մեր ներսում պահած ապրում ենք՝ հորից որդուն, պապից թոռանը, եղբորից եղբորը ժառանգելով… Ինչպես կարող է զինվորն իր կռիվն ավարտված համարել, երբ հրամանատար է կորցրել, երբ մարտական ընկեր է կորցրել…

Մենք այստեղ ենք այլևս չկորցնելու հավատով ու վճռականությամբ։

Հերթափոխն ավարտվում է: Օրն իրիկնանում է, ու թվում է, թե երկրագնդի վրա ամենախաղաղ տեղը խրամատում է, եւ լավագույն մաղթանքը էլի մնում է խաղաղ ու բարի ծառայություն ցանկանալը։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Ազգային բանակ


28/10/2021