Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱ ԳԵՐԱԶԱՆՑ ԱԿԱՆԱՆԵՏՈՐԴ ԷՐ



ՆԱ ԳԵՐԱԶԱՆՑ ԱԿԱՆԱՆԵՏՈՐԴ ԷՐԱրցախյան ազատամարտի ընթացքում չորս տարի շարունակ թշնամին փորձեց տեղահան անել Շուշիի ժայռի տակ ծվարած Քարինտակի հերոսական բնակչությանը, սակայն ապարդյուն: Քարինտակցին մնաց իր ծննդավայրում, իր տուն ու տեղին։ 1992 թ. հունվարի 26-ին թշնամին մեծ ուժերով լայնածավալ հարձակում իրականացրեց Քարինտակի վրա՝ երեք կողմից շրջապատելով գյուղը, բայց տվեց մոտ 150 զոհ ու նահանջեց։ Գյուղի հերոսական պաշտպանության համար մղված մարտում զոհվեց 25 քաջորդի: Նրանց շարքում էին նաեւ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը և գնդացրորդ Ալյոշա Վարդանյանը, որոնք հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Արցախյան վերջին պատերազմն այլ ընթացք ունեցավ. Շուշիի հետ թշնամուն մնաց նաև հերոսական Քարինտակը։ Այս պատերազմում գյուղից զոհվեցին յոթ հոգի. նրանց շարքում են Վաղարշակ Առուշանյանի Մխիթար որդին՝ Քարինտակի համայնքապետը, ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արթուր Առաքելյանը և որդին՝ Կարեն Առաքելյանը։ Արցախի Մարտունու շրջանում մղված մարտերի ժամանակ զոհվել է Քարինտակի դպրոցի տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի որդին՝ ժամկետային զինծառայող, սերժանտ Ալեքսեյ Հովհաննիսյանը, ինչպես նաև Գերասիմ Հովհաննիսյանը և Արսեն Ավանեսյանը։ Փոխգնդապետ Մխիթար Հովհաննիսյանը զոհվել է Ջրականում, իսկ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Վարդանյանից մինչ օրս ընտանիքը լուր չունի:

…Հոկտեմբերի 30-ին «Եռաբլուրում» Ալեքսեյ Հովհաննիսյանի շիրիմի մոտ էին հարազատները, բարեկամները, համագյուղացիները։ Լրացել էր քաջի մահվան տարելիցը… Զրուցում էի Ալեքսեյի հոր՝ Արամայիսի հետ, որին ճանաչում եմ վաղուց. շատ եմ եղել Քարինտակում, այցելել դպրոց։ Հերոսական գյուղի դպրոցի տնօրենն Արցախյան ազատամարտի մասնակից է։ Երկար տարիներ տնօրինում էր գյուղի կրթօջախը, որտեղ կրթվում ու հայեցի դաստիարակություն էին ստանում գյուղի դպրոցականները։ Նույն ոգով է դպրոցն ավարտել նաև Արամայիսի միակ որդին՝ երկու քույրերի կրտսեր եղբայրը՝ Ալեքսեյը։

Ալեքսեյը ծնվել  է  2001 թ. մայիսի 2-ին: 2007-2019 թթ. սովորել  է  Քարինտակի  միջնակարգ  դպրոցում: Սովորել  է  գերազանց։  Շնորհաշատ տղան ստացել է նաև երաժշտական  կրթություն: Դպրոցում մշտապես միջոցառումներ է կազմակերպել։ Սիրով մասնակցել է դպրոցական օլիմպիադաների։ Հաճախել է կարատեի դասընթացների, մասնակցել մրցումների, պարգևատրվել մեդալներով: Նաև պոետ էր Ալեքսը. ստեղծագործել է՝ բանաստեղծություններ ու երգեր գրել։ Ավարտելով միջնակարգը՝ 2019 թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժին և զորակոչվել Հայոց բանակ: Սկզբնական շրջանում՝ հինգ  ամիս, ուսումնական դասընթացներ է անցել  Լուսակերտի զորամասում, ստացել ականանետորդ-հրետանավորի վկայական ու կրտսեր սերժանտի կոչում։ Մրցույթների ժամանակ միշտ աչքի է ընկել գիտելիքներով, և պատահական չէ, որ արժանացել «Լավագույն  զինվոր» կրծքանշանի: Ավարտելով ուսումնառությունը՝ տեղափոխվել է Արցախի պաշտպանական շրջան և ծառայել Ջրականում՝ որպես ականանետային հաշվարկի հրամանատար՝ գումարտակի մարտկոցում։ Կարգապահ, բանիմաց և բարեխիղճ ծառայության համար Ալեքսն ստացել է սերժանտի կոչում և պարգևատրվել «Խիզախ մարտիկ» կրծքանշանով։ Հայրը տխրությամբ ասաց՝ այդ պարգևների մասին հետո է իմացել։

ՆԱ ԳԵՐԱԶԱՆՑ ԱԿԱՆԱՆԵՏՈՐԴ ԷՐ2020 թ. սեպտեմբերի 27-ից Ալեքսեյի հրամանատարությամբ գործող ականանետային հաշվարկը մեծ ծավալի աշխատանքներ է կատարել և ահռելի վնաս հասցրել թշնամուն։ Հայրը հպարտությամբ է նշում՝ որդու ղեկավարած հաշվարկն այդ օրերին ճանաչվել է լավագույնը։ Մի քանի օր շարունակ մարտնչել են ականանետորդները և չեն նահանջել, մինչև եղել է հրաման՝ տեղափոխվել Հադրութ-Վարանդա հատված։ Այդ ժամանակ իր հրամանով արձակած յուրաքանչյուր ական հասնում էր ճիշտ նպատակակետին՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը, շարքից հանելով տեխնիկան, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները և օգնում հայկական առաջապահ ստորաբաժանումներին կատարելու առաջադրանքը։ Հադրութի տարածքում, արդեն որպես հրաձիգ, կամավոր առաջնագիծ է մեկնել, նշանակվել մարտական դիրքի ավագ, կռվել թշնամու դեմ մինչև հոկտեմբերի 28-ը՝ հասնելով Մարտունու շրջան։

Հոկտեմբերի  30-ին Մարտունու  շրջանից տեղափոխվելու ժամանակ զինվորներով լի մեքենան ենթարկվել է թշնամու ԱԹՍ-ի ռմբահարմանը, մոտ 20 զինվոր նահատակվել են, նաև՝ Ալեքսեյը…

Նա  հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

«Եռաբլուրում» ամեն անգամ է մարդաշատ, այս օրերին՝ առավել։ Հարյուրավոր հայորդիներ են զոհվել մեկ տարի առաջ հոկտեմբեր ամսին, և այժմ նրանց առաջին տարելիցն է։ Ծանրացած հոգով են բոլորը «Եռաբլուրում», խունկ են ծխում հարազատների շիրիմներին, ծաղիկներ խոնարհում։ Լույս տղաների լուսանկարներն են միայն պատասխանում հարազատներին՝ ժպտերես ու տխուր, խոհուն ու պայծառ դեմքեր… Խնկաբույրով ու ծաղիկներով է պատված Ալեքսեյի լուսանկարը: Շուրջը հարազատներն են՝ քարացած հոգով տղամարդիկ, արցունքոտ աչքերով կանայք…

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #43 (1414) 3.11.2021 – 9.11.2021, Ճակատագրեր


04/11/2021