Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈԾԿԵԼ ԻՐ ԿԱՏԱՐԱԾ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈԾԿԵԼՈԻ ԻՐ ԿԱՏԱՐԱԾ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԶրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

 

-Տիկի՛ն Սահակյան, միջազգային հանրությունը 44-օրյա պատերազմին չի տվել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական գնահատական: Բացահայտված չէ, թե ո՞վ է սկսել պատերազմը՝ ո՞վ է հարձակվել, ուժի գործադրումը համապատասխանե՞լ է արդյոք ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Թե ի՞նչ իրավական հետևանքներ են ենթադրում այս հարցերի պատասխանները, կխոսենք ավելի ուշ, հիմա ուզում եմ հարցնել՝ ո՞վ է թերանում, որ մինչև հիմա սեպտեմբերյան սարսափելի պատերազմը չի արժանացել համապատասխան միջազգային կառույցների գնահատականին:

-Իրապես, միջազգային իրավունքի ներքո ուժի գործադրումն արգելված է, և բացառիկ դեպքերում այն կարող է թույլատրվել ու բխել ՄԱԿ-ի կանոնադրությունից: Ընդ որում, ուժի կիրառման համար պատասխանատվության են ենթակա նաև այն պետությունները, որոնք օժանդակել կամ աջակցել են ուժի գործադրմանը, այդ թվում՝ թույլատրելով սեփական տարածքի օգտագործումը հարձակում նախապատրաստելու և կատարելու համար: Ուժի գործադրմանը հակազդող և արձագանքող առաջնային պատասխանատուն, ըստ էության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որի գործունեությունը կապված է ոչ միայն իրավական հիմքերի, այլ նաև քաղաքական նախադրյալների հետ: Ուստի, կարծում եմ, որ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ միջազգային արձագանքի բացակայությունը որոշ չափով պայմանավորված է արտաքին քաղաքական գործոններով:

Ուժի ապօրինի գործադրումը առաջ է բերում պետության միջազգային պատասխանատվություն, այդ թվում՝ պատճառված վնասի լրիվ հատուցում: Վերջինս իր մեջ ներառում է ռեստիտուցիա, փոխհատուցում և սատիսֆակցիա: Սակայն ուժի գործադրման որոշ ձևեր հանդիսանում են նաև ագրեսիա, ինչը միջազգային հանցագործություն է, և տեսականորեն կարող են հանգեցնել նաև քրեական պատասխանատվության: Ուժի ապօրինի գործադրումը կարող է հանգեցնել նաև այլ հետևանքների, օրինակ՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով հարկադրված միջազգային պայմանագրի առոչնչության և զավթված տարածքների չճանաչման:

-Այսօր Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել Արցախյան առաջին պատերազմի ու 44-օրյա պատերազմի միջև: Ավելին, մատնանշելով Խոջալուի դեպքերը, նա մեզ մեղադրում է ցեղասպանություն կատարելու, էթնիկ զտումներ իրականացնելու համար: Հայերին մեղսագրում է պատերազմական հանցագործություններ ու նույնիսկ ներկայացնում է նյութական պահանջներ: Միջազգային հանրությունը առանձնապես շահագրգռված չէ թացը զատելու չորից, կամ էլ հավասարության վարկածը ձեռնտու է նրան:

-Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ երկարաժամկետ հեռանկարում չի կարող կոծկել պետական մակարդակով հայերի նկատմամբ ծրագրավորված և իրականացված ծանրագույն հանցագործություններն ու հայատյաց քաղաքականությունը: Ուստի որդեգրել է հայելային պատկեր ստանալու միջոցով Ադրբեջանի պատասխանատությունը մեղմելու գործելակերպը: Այդ նպատակով կեղծում են սեփական պատմությունը, փորձում են կեղծել մեր և համաշխարհային պատմությունը և իհարկե կեղծում են ապացույցները՝ մոլորեցնելով միջազգային հանրությանը: Այս էժանագին գործունեության «արտադրանքը» կարող է սպառվել քաղաքական լսարաններում, երբ սեփական շահերից ելնելով՝ քաղաքական դերակատարները ստվերում են արդարությունը: Նման ջանքերը դատապարտված են իրավական գործընթացներում: Մենք արդեն իսկ մի շարք գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բացահայտել ենք Ադրբեջանի ստերը և ցույց տվել այդ երկրի իրական կերպարը: Դատարանն արձանագրել է, որ պետական քաղաքականության շրջանակում Ադրբեջանում հայերը խոշտանգվում և սպանվում են էթնիկ պատկանելության հիմքով: Նմանատիպ վճիռներ չեն կայացվել Հայաստանի դեմ, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանին ուղղված մեղադրանք-հորինվածքները չունեն փաստական և իրավական հիմքեր:

-Տիկի՛ն Սահակյան, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի ցանկանում վերադարձնել հայ գերիներին, Ձեր կարծիքով՝ նա ե՞րբ և ինչպե՞ս է խաղարկելու այս հաղթաթուղթը:

-Ադրբեջանը հասկանում է գերիների խնդրի զգայունությունը և այն օգտագործում է քաղաքական օրակարգերի շուրջ ընթացող բանակցություններում Հայաստանի իշխանություններին հավելյալ ճնշելու և նոր առավելություններ ստանալու նպատակով: Ըստ էության, Ադրբեջանն արդեն իսկ հաջողությամբ խաղարկել է այդ հարցը և հաջողությամբ գործարկել է «գերիներ՝ ականապատման քարտեզների դիմաց» բանաձևը:

-Ձեզ բավարարո՞ւմ է միջազգային իրավապաշտպան կառույցների արձագանքը ռազմագերիների խնդրին:

-Միանշանակ կարող եմ ասել՝ ո՛չ: Թեև մի շարք միջազգային իրավապաշտպան կառույցներ ունակ եղան օբյեկտիվ և համարձակ զեկույցներ հրապարակելու՝ ներկայացնելով Ադրբեջանի մասշտաբային հանցագործությունները, սակայն դա չկրեց համընդհանուր բնույթ: Առանձին դեպքերում արհեստականորեն ընտրվեցին այնպիսի թեմաներ, որոնցում հայկական և ադրբեջանական կողմերին հավասարեցնելու հնարավորություններ կային: Օրինակ՝ Amnesty International կազմակերպությունը նպատակային կենտրոնացավ հրետակոծության հետևանքով քաղաքացիական անձանց սպանությունների և վիրավորումների դեպքերին, սակայն միտումնավոր անտեսեց Ադրբեջանի օկուպացիայի մեջ հայտնված հայկական բնակավայրերում քաղաքացիական անձանց բնաջնջումը: Որոշ իրավապաշտպաններ նախընտրեցին լռությունը՝ իրենց գործունեության ֆինանսավորման աղբյուրներ ստեղծելու հեռանկարով:

-Հայ ռազմագերիներին պատերազմի հանցագործներ, ահաբեկիչներ հռչակելով ու նրանց ապօրինաբար Ադրբեջանում պահելով՝ պաշտոնական Բաքուն փաստորեն չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Մենք սրան հակազդելու որևէ իրավական ու քաղաքական լծակ ունե՞նք:

-Այո՛, բազմաթիվ լծակներ կան: Ես մշտապես հայտարարել եմ, որ ռազմագերիների խնդիրը կարող է մտնել փակուղի միայն քաղաքական բանակցություններում, սակայն իրավական ճանապարհով խնդիրը լուծելի է հայ գերիների օգտին: Ուստի, Ադրբեջանը կարող է գործընթացը ձգձգել, սակայն վերջնարդյունքում ստիպված է վերադարձնել հայ գերիներին: Իրավական լծակներից այս պահին գործարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը:

-Նոյեմբերի 9-ից առաջ և հետո գերեվարված հայերը կարգավիճակի առումով տարբերվո՞ւմ են իրարից՝ ըստ միջազգային իրավունքի:

-Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի իմաստով ռազմագերիներ են ընդհարման կողմերից մեկի զինված ուժերի՝ հակառակորդի իշխանության տակ հայտնված անձնակազմը: Ինչպես տեսնում ենք՝ ռազմագերու կարգավիճակի համար անհրաժեշտ է կոնֆլիկտի գոյություն, որի շրջանակում կամ որով պայմանավորված ՝անձը հայտնվում է հակառակորդի իշխանության տակ: Ուստի, գերեվարման ամսաթիվը վճռորոշ չէ: Ավելին, Ադրբեջանն իր գործելակերպով հաստատել է այս մոտեցումը, քանի որ գերիների փոխանակման գործընթացում հայրենադարձման են ենթարկվել նաև նոյեմբերի 9-ից հետո գերեվարված բազմաթիվ անձինք:

-Ադրբեջանական դատարանի՝ հայ ռազմագերիներին վերաբերող դատավճիռները ենթակա՞ են փոփոխման:

-Միջազգային դատական ատյանները կարող են վերանայել Ադրբեջանում կայացված դատական ակտերը. նման դեպքերում քննարկվում է, թե ակտերը կայացնելիս պահպանվե՞լ են արդյոք արդար դատաքննության իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ գործը քննող դատարանի անկախությունն ու անաչառությունը, պաշտպանության իրավունքը, խոշտանգումներով ձեռք բերված ապացույցները չօգտագործելը: Միանշանակ, Եվրոպական դատարանը քննարկելու է Ադրբեջանի վերոհիշյալ դատավճիռները, և, վստահ եմ, անպայման կարձանագրի, որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Նման դեպքում միջազգային դատարանը պարտավորեցնում է պետությանը ազատ արձակել ապօրինի պահվողներին: Ի դեպ, կա նման նախադեպ. երբ Ադրբեջանում կամայական դատավարություններ են ընթացել, և Եվրոպական դատարանը չի ընդունել ներպետական դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ այն կայացվել է էական խախտումներով: Արդյունքում՝ պահանջել է ազատ արձակել ապօրինի դատապարտվածներին:

-Ովքե՞ր էին ապօրինի դատապարտվածները, խոսքը ո՞ւմ է վերաբերում:

-Ընդդիմադիր գործիչներին: Այսինքն՝ հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանում կայացված դատավճիռները վերանայելու մեխանիզմներ կան, ու վիճակը ամենևին էլ փակուղային չէ:

-Ըստ հայկական կողմի պաշտոնական տվյալների՝ այսօր քանի՞ ռազմագերի կա Ադրբեջանում, և ի՞նչ թիվ է հրապարակում Ադրբեջանը:

-Միջպետական դատական գանգատների շրջանակում՝ 260 անձի վերաբերյալ գանգատներ են ներկայացվել Եվրոպական դատարան: Ունենք 113 հայրենադարձվածներ: Ադրբեջանի իշխանություններն ընդունում են, որ պահում են ևս 40 գերեվարված անձանց՝ իհարկե, վիճարկելով նրանց կարգավիճակի հարցը: Մեր ունեցած փաստերը վկայում են, որ ադրբեջանական կողմը գերեվարել է ևս 80 անձի: Ադրբեջանը այս փաստը չի ընդունում և բռնի անհետացման է ենթարկել գերեվարվածներին:

-Տիկի՛ն Սահակյան, պատերազմից ավելի քան մեկ տարի անց մարդիկ իրավունք ունե՞ն իմանալու՝ զոհվա՞ծ է իրենց հարազատը, գերի՞ է, թե՞ անհետ կորած:

-Տեխնոլոգիաների զարգացման մակարդակը այսօր թույլ է տալիս հստակ տեղորոշելու մարդկանց: Արբանյակային լուսանկարները տալիս են ճշգրիտ տեղեկություններ, և այս պայմաններում մարդու անհետացումը կա՛մ միտումնավորության, կա՛մ անփութության հետևանք է: Որոնողական աշխատանքների արդյունավետությունը ցածր է, որովհետև ադրբեջանական կողմը բազմաթիվ արհեստական խոչընդոտներ է ստեղծում: Իսկ ժամանակի հետ ռիսկերն ավելի են մեծանում՝ մարմինների վնասվելու և այլ պատճառներով: Այս դեպքում տեղեկատվության բացառիկ կողմը Ադրբեջանի իշխանություններն են: Նրանք պարտավոր են պարզաբանել եղելությունը, այդ թվում նշել՝ մարդը մարտի դաշտո՞ւմ է զոհվել, օրինակա՞ն թիրախ է, եթե, այո, որտե՞ղ է նրա դին, եթե դին չի հայտնաբերվել, ապա ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերման համար:

-Տիկի՛ն Սահակյան, շնորհավորում եմ Ձեզ «Ազատության պատվո նշան» մրցանակին արժանանալու կապակցությամբ: Կցանկանայի իմանալ՝ ո՞ւմ կողմից և ինչպիսի՞ գործունեության համար է առհասարակ տրվում այդ մրցանակը:

-«Ազատության պատվո նշանը» միջազգային մրցանակ է, այն տալիս է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (Armenian National Committee of America)՝ հայ ազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում դրված ջանքերի ու հաջողության համար՝ Ցեղասպանության ճանաչում, Արցախի ինքնորոշում, ռազմական բախումների ժամանակ մարդասիրական առաքելության և այլն:

-Շնորհակալ եմ շահեկան զրույցի համար:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #43 (1414) 3.11.2021 – 9.11.2021, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


04/11/2021