ՖԻԴԱՅՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Նոյեմբերի 16-ին Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) կդառնար 70 տարեկան:
…Նրա մասին տանը ներկայով են խոսում։ Պատով մեկ մեծադիր լուսանկարն Է։ Այդպիսին եմ ես վերջին անգամ տեսել, հիշում նրան. լայնաթիկունք է ու հաղթանդամ, խրոխտ, բարի հայացք, միայն իրեն հատուկ արծվաթեւ ընչացքներ ունի։ ճիշտ Է, ինքնաձիգ հրացանն ամուր սեղմել է կրծքին, բայց խաչն այնպես Է արել, որ երեւա, այսինքն՝ մենք զենքի դիմեցինք, երբ համբերությունն սպառվեց, երբ հավատացինք մեր ուժին, ազատությանն ու հաղթանակին։
Այս նույն հավատամքով են նույն հերոսի հարկի տակ ապրում երկու որդիները, դուստրը, հարսը, թոռնուհին, որին չի հասցրել տեսնել, ու… կինը՝ մոլդավուհի կինը, որը միմիայն Սասնո բարբառով Է խոսում։ Նա ուրիշ հայերեն չգիտի, չի ուզել սովորել։
-Այդպես էլ ոչ ոք չիմացա՞վ, թե ինչից սկսվեց։
-Ի՞նչը։
-Ձեր սիրո պատմությունը։
-Ո՜վ գիտե, ինքը հազիվ քսաներկու տարեկան էր, ես՝ տասնյոթ։ Սասունցի տղաներով Բելգորոդի մարզ, ավելի ճիշտ՝ խոպան էին եկել, գաջի գործ էին անում։ Մեր խումբն էլ՝ ներկարարական դասընթացներն ավարտել, նույն կառույցն էր գործուղվել։ Ո՛չ ես կարգին ռուսերեն գիտեի, ո՛չ ինքը, իրար հազիվ էինք հասկանում։ Հենց գլխի ընկա, որ վրաս աչք ունի, փախա Մոլդովա։ Բայց տանն էլ ինձ հանգիստ չէր տալիս, անընդհատ զանգում էր։ Չնայած մերոնք դեմ էին, որ գյուղից հեռանամ՝ չէին միջամտում, ուզում էին, որ ինքնուրույն որոշում կայացնեմ։ Մեր ընտանիքում հայրս միակն էր, որ որոշ բաներ գիտեր Հայաստանի, Արարատի մասին, ոգեւորությամբ էր խոսում։ Մի օր էլ Գենան (խոպանում նրա իսկական անունը ոչ ոք չէր կարողանում ճիշտ արտաբերել, բոլորը Գենա էին ասում), իբր հաշտության եզր գտավ, որոշեց, որ ո՛չ ինքը Մոլդովա գա, ո՛չ ես Հայաստան հասնեմ, Ռուսաստանի խորքերը տեղափոխվենք, մեզ համար աշխատենք, ապրենք։ Որպեսզի չհակառակվեմ, իսկույն ևեթ գնաց, իր ասելով, Վորոնեժի երկու տոմս գնեց։
Կեսգիշերին, անծանոթ օդանավակայանում, վայրէջք կատարեցինք։ Նայեցի շուրջս՝ հեռվում, ամպերի մեջ Արարատի գագաթները տեսա։ Նոր հասկացա, թե ուր է բերել.
-Ծնողները դիմավորելու չէի՞ն եկել։
-Անունս լսել ուզու՜մ էին, որ… Հայրը, գիտեք, տոհմիկ սասունցի էր՝ ասել էր, որ քանի ողջ է, օտար հարս ոտ չպիտի դնի իր շեմը։ Գեղազնիկն ինձ տարավ հորաքրոջ տուն, հարազատ-բարեկամ հավաքեց, խնդրեց, որ գնան, ծնողների հետ խոսեն։ Տասը օրում հազիվ համոզվեցին։
-Դժվար չէ՞ր սասունցիների հարս դառնալը։
-Իմ ամուսինը ընտանիքի ավագ որդին՝ առաջին ամուսնացողն էր, մենք ամբողջ գերդաստանի՝ հոր, մոր, հինգ եղբոր, երկու քրոջ հետ նույն հարկի տակ էինք ապրում։ Ես բոլորին էլ շատ շուտ սիրեցի, որովհետեւ հոգիներում կորստի խորը, չսպիացող ցավ կար։ Երեւի հենց այդ պատճառով արագ սովորեցի նրանց բարբառը, վարժվեցի նիստուկացին, ճաշերին, ամեն ինչի։
-Այդ բազմանդամ ընտանիքի կարիքներն ո՞վ էր հոգում։
-Մենք՝ բոլորս միասին։ Ես առավոտից գիշեր խաղողի այգիներում էի, Գեղազնիկն անընդհատ գործ էր փոխում, բայց էլի ծայրը ծայրին չէինք հասցնում։ Մի անգամ Մոլդովայից շատ հյուրեր էին եկել, ստիպված կողք կողքի արկղեր շարեցինք, որ սեղան բացենք։ Ամուսնուս համբերությունն սպառվեց՝ խոպան գնաց, չեմ հիշում քանի հարյուր ռուբլի բերեց, կահույք առավ։ Դա կենցաղային միակ գնումն է եղել։ Չնայած, երբ առաջարկում էի մեր գյուղ տեղափոխվել, ապահով ապրել, ջղայնանում, ասում էր, որ սոված էլ մնա, Հայաստանը չի լքի։
-Հիմա, երբ արդեն չկա, Գեղազնիկի բնավորության ո՞ր գիծն ես կարոտով, սիրով հիշում։
-Խանդելը։ Շատ էր նրան սազում։ Եվ ընդհանրապես ինձ թվում է, թե թերություն չուներ, անփոխարինելի ամուսին, հայր էր։
-Համենայն դեպս՝ ձեր համատեղ կյանքի ընթացքում ինչի՞ համար ես ամենից շատ վշտացել, տառապել։
-Բեղերը կարճացնելու։ Նայում էի դեմքին, կարծես Գեղազնիկը չլիներ, փոխվել, բոլորովին ուրիշ մարդ էր դարձել։ Լավ էր՝ շուտ աճեցին, ու երդվեց, որ էլ այդպիսի բան չի անի։
-Պատահում էր, չէ՞, որ առանձնանաք ընտանիքի մյուս անդամներից։ Երբ երկուսով էիք մնում, ամենից շատ ինչի՞ մասին էր խոսում։
-Սասունի։ Գեղազնիկը պապերի ծննդավայրում չէր եղել, բայց շատ էր կարոտում։ Թվում էր, եթե Սասունը չտեսնի, կխելագարվի։ Մինչեւ հիմա էլ կարծում եմ, որ այդ կարոտը նրան ստիպեց զենք վերցնել, ազատագրական պայքարին նվիրվել։
-Դու ինչպե՞ս ընդունեցիր նրա այդ որոշումը։
-Չափազանց ուշ իմացա։ Սկզբում, երբ օրերով տուն չէր գալիս, հետը կռվում էի, կարծում էի՝ ջահել հայ աղջիկ է գտել, դավաճանում է ինձ։
-Հետո, երբ համոզվեցիր, որ երկրապահ ջոկատի հրամանատար է, ի՞նչ արեցիր։
-Լաց եղա։ Ասացի՝ քեզ կսպանեն, երեք երեխայով անտեր կմնամ։
-Լսե՞ց քեզ։
-Ընդհակառակը, որքան մարտերը թեժանում էին, այնքան Գեղազնիկը իմ աչքի առաջ կերպարանափոխվում, ֆիդայի Էր դառնում։ Այսինքն՝ սասունցիները երեւի չեն դառնում՝ ֆիդայի ծնվում են։ Պատահում Էր՝ Կոռնիձորից, Ոսկեպարից ամիսը մեկ գալիս, բայց էլի տանը չէր գիշերում։ Երեխաներին սիրում, կարոտն առնում, հետո իջնում էր բակ, նստում էր զինվորական ինքնաշարժն ու զենքը գրկած՝ քնում։
-Հայրենիքը չազատագրած՝ փափուկ անկողին չմտնելը ֆիդայական սրբագործված պատգամ է։ Նույնիսկ ժողովրդական երգ կա.
«Յարիս փոխան զենքս եմ գրկել, ամբողջ գիշեր քուն չունեմ…»։
-Ես սկեսրայրիցս այդ երգը չեմ լսել, բայց գիշերվա կեսին, երբ ծննդկանի ցավեր ունեցա ու մոտեցա ինքնաշարժին, որ խնդրեմ՝ ինձ շտապ հիվանդանոց հասցնի, զենքը ծնկների արանքում, մի կողմից մյուսը շուռ եկավ, նեղսրտած ասաց. «Ժամանակ գտա՞ր երեխա ունենալու, վաղը դիրքեր եմ գնալու, հոգնած եմ, թող քնեմ»։ Ինչ խոսք, հետո ծննդատուն ուղեկցեց ու մինչեւ հետ դարձավ, որ հարազատներին լուր տա, Անահիտս աշխարհ եկավ։
-Գեղազնիկի զոհվելու բոթը ե՞րբ, ինչպե՞ս իմացար։
-Մոլդովացիներս սովորություն ունենք՝ մինչեւ նորածնի քառասունքը լրանալը՝ անպայման պիտի մկրտենք։ 1990-ի օգոստոսի սկզբին Անահիտին վերցրի, մեր գյուղը՝ Բոլբոկա գնացի։ Պատկերացնու՞մ եք, բոլորն ամուսնուս մասին էին խոսում, իրար պատմում էին, որ կոմունիստները վտանգավոր խռովարար են կոչել, ձերբակալելու որոշում կայացրել, իսկ ազերիները չգիտեմ ինչքան են խոստացել գլխի համար։ Ամեն դեպքում, ես շատ հանգիստ, գրեթե անտարբեր էի լսում խոսակցությունները։ Օգոստոսի քսանութին աղջկաս հետ տուն մտանք, ու նույն գիշերը աղմուկից վեր թռա՝ Գեղազնիկի, ա՛յ, այն՝ պահարանի վրայի լուսանկարը շուռ էր եկել, ընկել ցած։ էլի եմ ասում՝ ներքուստ չէի հավատում, որ նրան թշնամու գնդակ կդիպչի, բայց իսկույն վատ կանխազգացում էլ ունեցա, մտածեցի, որ կարող է դավադրության զոհ դառնա…
էմիլիայի աչքերը խոնավանում են։ Ես դուրս եմ գալիս փողոց՝ անբացատրելի հուզումը հաղթահարելու, զոհված հրամանատարի հետ մեն-մենակ զրուցելու համար։
Փոքր քաղաք է Աշտարակը, իսկույն նկատում են.
-Բարեւ, բարի օր, ի՞նչ գործով եք եկել։
-Գեղազնիկի։
-Գրելո՞ւ եք։
-Ուզում եմ։
-էսպե՞ս, ոտի վրա՞։
Պատահական ինքնաշարժ են գտնում, անցնող-դարձողի կանգնեցնում.
-Արի՛, արի՛, դու էլ ես Չաուշի հետ կռվել, դու էլ ես նրան լավ ճանաչում։
Իրենք իրենց ուղղում են.
-Այսինքն՝ ո՞վ չի ճանաչում որ…
Վաշտի հրամանատարի՝ Աշոտ Իսկանդարյանի հարկի տակ առաջինը բաժակ է բարձրացնում ամենաավագը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ Բոլորը ոտքի են կանգնում։ Պարզվում է՝ զինընկերները միայն այդպես են խմում կենացը։
-1988-ին ես տաքսու վարորդ էի, ուղեւոր էի տարել Երեւան։ Օպերայի հրապարակ մտա, տեսնեմ՝ բազմություն է հավաքվել, բարձրախոսով հռետորներ են ելույթ ունենում։ ճիշտ է, լավ չէի հասկանում, թե ինչ են ասում, բայց ոգեւորվեցի։ Դրանից հետո ամեն երեկո տաքսին քշում էի Երեւան, միտինգներին մասնակցում, ուշ գիշերին դառնում տուն։ Հենց այդ ժամանակ էլ ծանոթացա Գեղազնիկի հետ։ Պարզվեց՝ այն, ինչ մենք նոր ենք լսում, ինքը վաղուց գիտի, արյան մեջ կա։ Մտերմացանք ու 1989-ի հոկտեմբերին մեր զենքերով գնացինք Կոռնիձորը պաշտպանելու։ Ես զարմացած էի մնացել՝ Գեղազնիկը ահ-երկյուղ չուներ, ոսոխ էր փնտրում, որ ընդառաջ նետվի։ Երեւի հենց անանձնական հայրենասիրությունն էր նրան ուժ հաղորդում, դարձնում անկոտրում, հանդուգն։ Մի ամիս անց, երբ մեզ փոխարինելու եկան, ինչ արեցինք-չարեցինք, տուն չվերադարձավ։ Մնաց դիրքերում, դարձավ հայրենիքի զինվոր։ Մինչեւ մահը…
Մկրտիչը չի կարողանում ավարտել, նստում է։ Բաժակ է բարձրացնում մի ուրիշ երկրապահ՝ Վաչիկ Գեւորգյանը.
-Կոռնիձորում էր, հակառակորդի գրոհը հետ էինք մղել, մանկապարտեզի ներքնակներին նստած՝ ծխում, հանգստանում էինք։ Մեր ջոկատից չգիտեմ ով, պատին Գեւորգ Չաուշի նկարը նկատեց, ձայնեց.
-Ոնց որ մեր Գեղազնիկը լինի, չէ՞։
-Անխելք,- կարճ կտրեց մի ուրիշը,- Գեղազնիկը Չաուշին ոչ թե լուսանկարով, քիչ առաջվա կռվով է նման։
Այդ օրվանից մենք նրան Չաուշ կոչեցինք, մարտանվան կնքահայրերը դարձանք։ Չեմ կարծում, որ սասունցի ֆիդային երբեւէ այդպիսի հոգեորդի ունեցած լինի։ Գեղազնիկը ֆիդայի էր ոչ միայն կռվի դաշտում, այլեւ առօրյա մանրուքներում, ցանկացա՛ծ իրադրությունում։
Մի անգամ մեր կապավորը հեռվից հեւիհեւ գոռաց.
-Չաո՜ւշ, կինդ հեռախոսի մոտ է կանչում։
Բոլորս գիտեինք, որ ամիսներով տանը չի եղել, մանավանդ երեխաներին շատ է կարոտել։ Բայց քանի որ զենքն էր մաքրում, առանց գլուխը բարձրացնելու, հարցրեց.
-Ի՞նչ է ուզում։
-Շատ է մտահոգ, ասում է՝ քանի ամիս չի երեւացել, թող գա, մի երկու բառ փոխանակեմ, համոզվեմ, որ ողջ է։
-Գնա՛, ասա՛, եթե ուզում է՝ տուն գամ, թող բոլորին ոտքի հանի՝ փամփուշտ հասցնեն։ Շա՜տ, ինչքան կարող են՝ շա՛տ։
Տանտերը՝ առաջին վաշտի հրամանատար Աշոտ Իսկանդարյանը, դժվարությամբ էր խոսում։ Քիչ անց պարզ դարձավ, թե ինչու։
-Տղե՛րք, կներեք, ես տխուր բան եմ հիշելու։ Բայց ո՜նց չասեմ՝ Չաուշի նման ֆիդային իմ աչքերի առաջ զոհվեց, այն էլ՝ գիտեք, թե ինչ անհեթեթ ձեւով։
Ուշ գիշեր էր, հատուկ տագնապը բոլորիս ոտքի հանեց: Ժամը 6-ի կողմերը, լույսը դեռ չէր բացվել, հասանք ՀԱԲ-ի շտաբ, որ բանակցությունների նստենք, մի ելք մտածենք։ Ժամապահը մեզ հեռվից նկատեց, գոռաց.
-Չմոտենա՛ք, կկրակե՛մ։
Չաուշը երեւի նոր էր լողացել, մազերը թաց էին, համազգեստն էլ չէր հասցրել հագնել։ Մի քանի քայլ առաջացավ.
-Ես եմ՝ Գեղազնիկը, չե՞ս ճանաչում։
Ժամապահն անհողդողդ մնաց.
-Ով ուզում է լինի, ինձ հրամայված է ոչ ոքի չթողնել։
Չաուշը ջղայնացավ, «Տո ես քու տիրու պապ»՝ մշտական հայհոյանքը տվեց, օդ կրակեց։ Ժամապահին էլ թվացել էր, թե իրեն ենք ուզում վերացնել՝ կրակահերթ բաց թողեց։ Իսկույն պառկեցինք գետնին։ Քիչ անց գլուխներս բարձրացրինք, տեսնենք՝ Չաուշն արյան մեջ է։ Գնդակը շաղափել էր ազդրը։ Նրան իսկույն հիվանդանոց փոխադրեցին, իսկ մենք, մինչեւ մեր գործը վերջացրինք, հետեւից հասանք, արդեն չկար։
Նա՝ Գեղազնիկ Արմենակի Միքայելյանը, Գեւորգ Չաուշի զարմից սերած երդվյալ ֆիդային։
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
«Հայ զինվոր» 1997 թ.
Մրրիկի նման զարկեցե՛ք շեփոր,
Դեպի ռազմի դաշտ, դեպի հերոսացում,
Դեպի ռազմի դաշտ, սուրբ դրոշի տակ,
Դեպի բարձունքը մահի ու փառքի,
Վանեցե՛ք հեռու թշնամուն վայրագ
Մեր խրճիթներից, մեր հնձաններից,
Մեր արտ ու կալից վանեցե՛ք հեռու,
Հավերժ պիտ մնա Հայրենիքը մեր,
Հզոր և ազատ և հավերժ կանգուն
Մեր իդեալների սուրբ արևի տակ:
Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,
Դեպի բարձունքը մեծ Հաղթանակի:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Խորագիր՝ #43 (1414) 3.11.2021 – 9.11.2021