Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՃԱՐԿՈՒՏՑԻ ԴԱՎԻԹԸ



ԱՃԱՐԿՈՒՏՑԻ ԴԱՎԻԹԸԱնուշ ժպիտով այս տղային, վստահ եմ, շատերն են հիշում WarGonzo-ի՝ 44-օրյա պատերազմի օրերը լուսաբանող տեսանյութից։

Սերժանտ Դավիթ Շահնազարյանն է…

2000 թ. ապրիլի մեկին է ծնվել Դավիթը՝ հենց Ծիծաղի օրը։ Սոնա եւ Դարչո Շահնազարյանների ընտանիքում երջանկությունն անչափելի էր. չորս աղջիկներից հետո արու զավակ էր ծնվել, օջախի ծուխը…

Աշխույժ ու ժիր էր Դավիթը, իսկական կրակի կտոր, բայց նաեւ անչափ բարի, կարեկից ու գթասիրտ, միշտ թույլերի կողքին, ուրախանում էր ուրախացնելով, երջանկանում՝ երջանկացնելով։

Դպրոցում սովորելուն զուգահեռ զբաղվում էր սամբո մարզաձեւով, նկատելի հաջողություններ ուներ. Հայաստանի և ԱՊՀ երկրների տարբեր մրցաշարերի էր մասնակցել, Հայաստանի փոխչեմպիոն էր։

Եթե 44-օրյա պատերազմը չլիներ, Դավիթն անկասկած շատ մեծ բարձունքների կհասներ մարզական աշխարհում, բազմիցս տարբեր միջազգային մրցահարթակներում Հայաստանի դրոշը կբարձրանար, ու հաստատ, շատ տարիներ հետո էլ, ի պատիվ մարզիկի, համագյուղացիները հայրենի Աճարկուտում մարզահրապարակ կբացեին նրա անունով, սակայն…

Օրերս Աճարկուտ համայնքում Դավիթի անունով փառքի պուրակ բացվեց, հերոս քաջորդու անունն է կրում նաեւ տեղի հիմնական դպրոցի մարզադահլիճը։

ԱՃԱՐԿՈՒՏՑԻ ԴԱՎԻԹԸԴպրոցն ավարտելուց հետո՝ 2019-ի ամռանն էր Դավիթը զորակոչվել բանակ, ուսումնական զորամասում վերապատրաստվելուց հետո ծառայում էր Արցախի հարավային թեւում՝ Հադրութում։

Պատերազմի ժամանակ կռվել է բոլոր թեժ կետերում՝ Հադրութ, Ննգի, Խնձրիստան, Ճարտար, Ակնա, Դժոխքի ձոր, Կարմիր շուկա, Քարին տակ, Շուշի…

Հարազատները մինչ որդու զոհվելը չեն էլ իմացել, որ Դավիթը հետախույզ է եղել, բազմաթիվ վտանգավոր առաջադրանքներ կատարել, մի քանի անգամ շրջափակման մեջ հայտնվել ու դուրս եկել շրջափակումից։ Զինակից ընկերները պատմում են, թե որքան արագ ու հեշտ էր թավուտ անտառներում կողմնորոշվում, կրակի տարափի տակից ոնց էր աներկյուղ, մահն ամեն պահ աչքի առաջ, վիրավոր, զոհված մարտընկերների մարմինները հանում…

Մանկության ընկերը՝ Արթուր Քամալյանը հիշում է. «Փոքր տարիքից Դավիթը բոլորին հասնում էր, թիկունք կանգնում, փոքրամարմին էր, բայց շատ ջլապինդ, ամուր, անվախ, տղայական կռիվների ժամանակ կապ չուներ՝ թվաքանակով շատ էին կամ իրենից ուժեղ, միեւնույն է, չէր նահանջում, կռվում էր մինչեւ վերջ, այդպես էլ մարտի դաշտում էր, ինքը նահանջող տեսակ չէր։ Իր սիրած հերոսը Ռոբերտ Աբաջյանն էր, ասում էր, թե կռվի դաշտում այլ ելք չլինի, ինքն էլ Ռոբերտի նման կվարվի ու չի նահանջի…»։

ԱՃԱՐԿՈՒՏՑԻ ԴԱՎԻԹԸԿամավորական Գնել Վարդանյանն էլ, որ պատերազմի առաջին իսկ օրերից ռազմադաշտում էր, անհուն մի ջերմությամբ, առանձնակի ակնածանքով է խոսում Դավիթի մասին. «Մենք կատակով իրեն «Իջո» էինք ասում, իրեն բոլորն էլ շատ հարգում ու սիրում էին, էնքան սրտացավ էր, անմիջական, անկեղծ։ Ինձ միշտ «Հոպար ջանով» էր դիմում՝ իրենց ծորուն բարբառին բնորոշ մի քիչ երկարացնելով։ Մեծի հարգն իմացող հրաշք տղա էր, կիրթ, զուսպ…Վախ չուներ, անասելի խիզախ էր, կռվի էն ամենալարված պահերին էլ հումորներ կաներ, կոգեւորեր տղերքին։ Ե՛վ գաղափարապես էր պատրաստ, ե՛ւ ֆիզիկապես, իր հասակակիցներից զգալիորեն տարբերվում էր հասուն մտածողությամբ, փայլուն հրամանատարական ունակություններով էր օժտված…»։

Զինընկերները պատմում են նաեւ, որ երբ Շուշիում խմբերի են բաժանվել, որ տարբեր ուղղություններով մարտնչեն, Դավիթը վիրավոր վիճակում ինքն է ստանձնել հրամանատարի պարտականությունը՝ ղեկավարելով 60 և ավելի զինակիցների։

Հերոս քաջորդին զոհվել է հրադադարի հաստատումից երկու օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում՝ պահելով զորքի թիկունքը, որպեսզի զորքը կարողանա դուրս գալ անվտանգ տարածք…

Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #45 (1416) 17.11.2021 – 23.11.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


18/11/2021