Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՎՈՐ-ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ



ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՎՈՐ-ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը, համագործակցելով «Կոլաժ» հրատարակչատան հետ, երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն), լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզը: Նախաձեռնությունն իրականացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ:

Վանքերի և եկեղեցիների խիտ տեղադրության տեսանկյունից այս քարտեզը  բացառիկ է. երեք տարբեր ուրվագրումներով նշված են Արցախի, ԼՂԻՄ և ադրբեջանական զինված ուժերի  ներկայիս բռնազավթած տարածքները։ Հստակ տեղորոշմամբ մատնանշված են բոլոր վանքերը, եկեղեցիները, հոգևոր նշանակության  հուշարձանները, որոնք այս պահին գերության մեջ են։ Աշխատանքն իրականացնելիս առանձնակի ուշադրության է արժանացել դիտարկվող տարածքներին աղերսվող պատմաաշխարհագրական նյութը՝ թե՛ պատմական անցյալի, թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային շրջանի հրատարակությունները։ Համադրվել, դիտարկվել և քարտեզում արտացոլվել են հնարավոր այլազան ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՎՈՐ-ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶտեղեկությունները, որոնք քաղվել են և՛ քարտեզագրական, և՛ գիտահետազոտական աղբյուրներից։ Եղած հիշատակությունները վերստին ցուցակագրվել են, շրջան առ շրջան թարմացվել են ազգային հոգևոր կառույցի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունները, հատկապես՝ թե Արցախի ո՛ր շրջանում քանի եկեղեցի, մատուռ և սրբավայր կա։

Այս նմուշը կարելի է դիտարկել՝ իբրև առանձին միավոր քարտեզ հրատարակելու առաջին լուրջ ու գիտական փորձ. նախկինում Մայր Աթոռում ի լույս ընծայված բոլոր քարտեզները ներառված են եղել կա՛մ համապատասխան հատորներում, կա՛մ Մայր Աթոռի գիտական պարբերականներում։ Դրանցից թերևս կարելի է հիշատակել Կովկասի՝ 1810 թ. Վայմարյան քարտեզի վերատպությունը, որտեղ Արցախի երբեմնի մայրաքաղաքն առաջին անգամ հենց Շուշի ձևով է հիշված, Յոհան Քրիստոֆ Մաթիաս Ռայնեքեի (1770-1818) «Դրախտ երկրային» (Եդեմ), Ք. ա. 6-րդ դարի Բաբելոնյան կավե սալիկ-քարտեզը, Նոյան տապանը Հայոց երկրում, աշխարհի՝ Հերֆորդյան քարտեզը (13-րդ դարավերջ), ինչպես և համաշխարհային քարտեզագրության այլ կարևոր նմուշներ։

1։250000 համադրությամբ Գրիգոր Բեգլարյանի կազմած այս նոր քարտեզում մանրակրկիտ բծախնդրությամբ նշանակված են նաև մեր վաղ և վաղնջական շրջանների կոթողները, ազգային մշակույթի գանձերը, որ պատիվ կբերեին ցանկացած ժողովրդի։

Քարտեզն ազգային-եկեղեցական պատմություն ուսանողներին և ուսումնասիրողներին հետաքրքրելուց բացի,  ուղղված է նաև միջազգային հանրությանը և կրկին անգամ ներկայացնում է պատմական դարավոր ճշմարտության փաստերը։

 

ՀԱՍՄԻԿ  ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #45 (1416) 17.11.2021 – 23.11.2021, Հոգևոր-մշակութային


18/11/2021