«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ Է»
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԸ 93 ՏԱՐԵԿԱՆ Է
– Պարոն Չեքիջյան, մի զրույցի ժամանակ ասացիք, որ խոսել եք հինգ տարեկանում, բայց «երգել եք» ծնված օրվանից… Ես կուզենայի իմանալ, թե ինչպիսի՞ն եք եղել մանկության տարիներին, որո՞նք են Ձեր առավել վառ հիշողությունները:
– Այո, չէի խոսում, բայց լավ երգում էի: Ինձ գրկում, դնում էին աթոռի վրա, ու… համերգն սկսվում էր: Այնքան լավ էի երգում, որ անցորդները կանգնում էին փողոցում ու լսում էին պատուհանից հնչող իմ երգը: Հայրս, որ Կոմիտասի սանն էր, ջութակ էր նվագում, մայրս՝ դաշնամուր: Եվ դուետի երաժշտությունը մշտապես էր…: Բացի այդ, հորս ընկերներն էին հավաքվում մեր տանը ու երգում էին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էր Վարդապետը:
– Ես գիտեմ, որ ձեր ընտանիքում մեկ անգամ հյուրընկալել եք Կոմիտաս վարդապետին:
– Այո, նա 15 օր մնացել է մեր տանը: Այնքան առողջ մարդ էր, որ փետրվար ամսին քնում էր լուսամուտը բաց, չոր թախտի վրա: Ձյան փաթիլները նստում էին վերմակին… Հրաժեշտից առաջ Կոմիտասը երգեց մեզ համար. երկու հատ կիտրոն խնդրեց, մզեց, խմեց ու երգեց… Ձայնն ասես սառնիջի միջից էր դուրս գալիս:
– Սառնիջն ի՞նչ է:
– Բետոնից սարքված հոր է, որտեղ հավաքում էինք անձրևաջրերը, որ հետո դրանով լվացք անենք: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպե՞ս կհնչի սառնիջի միջից եկող ձայնը:
– Իսկ ինչո՞ւ երգելը թողեցիք ու որոշեցիք դիրիժոր դառնալ:
– Ես մանկուց երգել եմ երգչախմբում: Մի օր մեր խմբավարը հիվանդացավ (ես 14 տարեկան էի այդ ժամանակ), ու թեև խմբում ամենափոքրը ես էի, ինձ հանձնարարեցին փոխարինել բացակայող խմբավարին: Ես բարձրացրի ձեռքերս…
– Ու էլ չիջեցրիք:
– Կարելի է նաև այդպես ասել, որովհետև անբացատրելի սեր, ներքին մղում զգացի այդ մասնագիտության հանդեպ: Հասկացա, որ դա դժվար գործ է, բայց իմն է… Հպարտությամբ պիտի ասեմ, որ ես Մխիթարյանցի եմ: Մխիթարյան վարժարանն ավարտելուց հետ գնացել եմ Փարիզ: Աշակերտել եմ պրոֆեսոր Ժան Ֆուռնիեին, որը օպերայի գլխավոր դիրիժորն էր:
– Երգչախումբը առաջին հերթին պիտի տիրապետի միասին երգելու արվեստին: Մենք հայերս կարողանո՞ւմ ենք միասին երգել:
– Մենք անհատականությունների ազգ ենք, ու մեր էության մեջ թույլ է թիմի խմբի գաղափարը: Բայց մեծ ցանկության, մեծ ջանքերի արդյուքում մենք կարողանում ենք միանալ, ու եթե միացանք, դառնում ենք անգերազանցելի, մեծ ու հրաշալի գործեր ենք անում: Երբ միաձույլ ենք, անպարտ ենք: Իմ երգչախումբը այդ միասնության արգասիքն է:
…Մենք երբեք չենք կարողացել նայել ինքներս մեզ օտարի աչքերով, կողքից… Մենք սթափ հայացքի պակաս ենք ունեցել։ Սեփական թերությունները տեսնելու կարողության բացակայությունը խանգարել է մեզ ու խանգարում է։ Նաեւ մենք դիվանագիտության պակաս ունենք…
– Ձեզ հրավիրել են աշխատելու Մոսկվայում՝ Խորհրդային Միության հզոր մայրաքաղաքում, բայց Դուք խնդրել եք, որ Ձեզ ուղարկեն Հայաստան: Դուք կարող էիք ավելի հեշտությամբ հասնել փառքի ու ճանաչման։ Մինչդեռ նույնիսկ ցրտի, խավարի, սովի տարիներին չհեռացաք երկրից, մեկ օրով անգամ չլքեցիք Հայրենիքը:
– Հայաստանում ապրելը իմ ամենանվիրական երազանքն էր: Ես բառացիորեն աղաչեցի, պաղատեցի, որ ինձ Մոսկվայից տեղափոխեն Երևան: 1961 թ. սեպտեմբերին տրվեց իմ՝ Հայաստանում աշխատելու հրամանը, ու այն ուժի մեջ է մինչ օրս … Ես չհեռացա Հայաստանից , որպեսզի իմ ներկայությամբ ուժ տամ մնացողներին։ Որպեսզի ինձ հավատացող մարդկանց ոգին չընկճվի, հույսը չմարի։ Հանուն ինչի… Գիտեք, շատերն ասում են՝ ես չեմ կարող ապրել առանց Հայաստանի, կմեռնեմ կարոտից, օդը չի հերիքի… Ես այն կարծիքին չեմ, որ միայն հայերն են բարի, հյուրընկալ, ջերմ ու գթասիրտ։ Ես կարող եմ ու կարող էի ապրել օտար երկրում։ Բայց ես չգնացի, որովհետև պետք էի երկրիս։ Օտար երկրում ես և՛ փառք կունենայի՝ գուցե ավելի մեծ, և՛ փող՝ անհամեմատ ավելի շատ…
– Պարոն Չեքիջյան, դիտում էի Ձեր վերջին հեռուստահարցազրույցներից մեկը և մտածում՝ ի՞նչ է զգում մարդ փառքի գագաթին, երբ նվաճել է բոլոր հնարավոր դափնիները…
– Դեպի գագաթ տանող ճանապարհը շատ դժվար է, միայն ինձ է հայտնի, թե ինչ տիտանական աշխատանք, ինչ ահռելի ջանքեր են իմ բոլոր հաջողությունների հետևում, ինչպիսի զրկանքներ… Մինչդեռ մի փոքրիկ վրիպում, մի ձախողված համերգ՝ և անկումը այնքան հեշտ է ու անարգել։ Փառքի գագաթին, ինչպես Դուք եք ասում, մտածում ես գագաթին մնալու մասին, ջանում ես չկորցնել քո նվաճած բարձունքը։ Այսինքն՝ շարունակում ես տքնել ու աշխատել։
– Ասում եք՝ վերելքի Ձեր ճանապարհը եղել է զրկալի ու դժվարին… Իսկ եթե Ձեզ վիճակվեր ամեն ինչ սկսել սկզբի՞ց…
– Երբեք այս ճանապարհը չէի ընտրի… հաստատ չէի ընտրի։
– Շատ համարձակ ու անսպասելի խոստովանություն է։
– Ես ուզում եմ անկեղծ լինել Ձեզ հետ։ Ես չեմ վայելել կյանքը։ Հորս խորհրդով Փարիզում կրթություն ստացա և դարձա ինժեներ-քիմիկ։ Հենց այդ ժամանակ էր, որ կոնսերվատորիայի մոտով անցնելիս տեսա մի հայտարարություն խմբավարների մրցույթի մասին։ 88-րդ դիմումն իմն էր, 5 հոգի էին ընդունվելու։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար, 5-ից մեկը ես էի։ 22-23 տարեկան տղա էի այդ ժամանակ։ Ես պաղպաղակ չէի ուտում, նաեւ ոտքով էի քայլում, որ փող տնտեսեմ ու վճարեմ ուսմանս վարձը…
– Դուք շրջագայել եք աշխարհով մեկ, արժանացել եք ունկնդրի ծափերին, հիացմունքին…
– Այո՛, տեսարժան վայրեր այցելելու, զվարճանալու փոխարեն ես փորձեր եմ արել, հետո բարձրացել եմ բեմ… Ես մի ամբողջ կյանք ապրել եմ պատասխանատվության բեռը ուսերիս։ Ի վերջո՝ «կոճկված եմ» ապրել։ Երբ մարդիկ ճանաչում, սիրում են քեզ, դու պարտավոր ես օրինակելի լինել… միշտ և ամենուր։ Փաստորեն, ես զրկված եմ եղել տարրական «ազատությունից»։
– Փոխարենը՝ ունեցել եք այնպիսի շնորհներ, որոնցից զրկված են հասարակ մահկանացուները։ Ես մտածում եմ՝ Ձեր զրկանքները փոխհատուցվել են։
– Գուցե… Ես մուտքի թույլտվություն եմ ունեցել մեծ երաժիշտների աշխարհ՝ Մոցարտի, Վերդիի… Նրանց աներևակայելի գեղեցիկ տարածքը։ Ծափեր ու ծաղիկներ… այո՛, եղել են… ժողովրդի սերն ու հիացմունքը։ Դուք համարում եք, որ իմ զրկանքները փոխհատուցվե՞լ են։ Թող այդպես լինի։
– Եղե՞լ են մարդիկ, որոնք ճակատագրական դեր են կատարել Ձեր կյանքում։
– Այո, եղել են։ Հայր Գրիգորիս Մանյանը, որը սովորեցրեց ինձ Մեսրոպյան տառերը։ Տարիներ անց նա դարձավ Մխիթարյան միաբանության աբբահայրը։ Ես նրանից շատ բան եմ սովորել՝ բարություն, նրբանկատություն, մարդկայնություն… Հաջորդը Ժան Ֆուռնիեն էր՝ Փարիզի օպերայի գլխավոր դիրիժորը։ Նա հզոր երաժիշտ էր, որից ես սովորեցի երաժշտական արվեստի գաղտնիքները, «կերպար» ստեղծելու հմտությունները…
– Դուք ձեռքերով կերտում եք երաժշտություն մեր աչքի առաջ, բեմի վրա, և երգչախումբը դառնում է մեկ սիրտ, մեկ կոկորդ… Սա, ըստ իս, նաև հոգեբանական երևույթ է…
– Այո՛, նաև հոգեբանական երևույթ է՝ բոլորը մեկի հետևից գնալու, միմյանց լսելու, միասնաբար արարելու պատրաստակամությունը:
– Կարողանո՞ւմ եք կենցաղային հարաբերություններում վայր դնել դիրիժորական փայտիկը…
– Իմ մարդկային կերպը խիստ տարբեր է իմ բեմական կերպարից։ Կյանքում ես հնազանդ մարդ եմ, սիրում եմ ենթարկվել օրենքներին, կարգուկանոնին… Որևէ մեկը չի ասի, որ ես երբևէ բողոքել եմ դժվարություններից կամ տրտնջացել։ Որքան պահանջկոտ եմ բեմի վրա, նույնքան հանդուրժող ու համակերպվող եմ կենցաղային հարաբերություններում։ Ես փափուկ, մեղմ մարդ եմ։
– Կանայք սիրո՞ւմ են այդպիսիներին։
– Ես մեծ սիրո և տևական հարաբերությունների կողմնակից եմ։ Իմ կյանքում չեն եղել հպանցիկ սիրավեպեր։ Ես սիրել եմ իմ կյանքի բոլոր կանանց։ Նրանք շատ կարևոր են եղել ինձ համար, թանկ են եղել։ Մենք եղել ենք ընկերներ, համախոհներ՝ մեծ հոգեկան կապվածությամբ ու ներդաշնակությամբ։
– Ի՞նչն է եղել Ձեր ամենամեծ ներշնչանքը, ի՞նչն է Ձեզ թևեր տվել։
– Սիրելի կնոջ քնքշանքը, գուրգուրանքը, գնահատանքը… Ես շատ զգայուն մարդ եմ հատկապես կանանց հետ փոխհարաբերություններում։ Ամենափոքր աննրբանկատությունը, կոպտությունը կարող է հիասթափեցնել ինձ։ Ես սիրում եմ մեղմ, քնքուշ կանանց։ Ես կնոջ մեջ սիրում եմ այն ամենը, ինչը չունի տղամարդը և չի կարող ունենալ։
– Պարոն Չեքիջյան, Դուք Ազգային հերոս եք, հետաքրքիր է՝ Ձեր բնութագրմամբ՝ ով է մեր ժամանակի հերոսը:
– Հայրենիքի զինվորը: Նա, ով մշտարթուն, ամբողջ ուժով, նվիրումով հսկում է իր Հայրենիքի սահմանները: Իսկ Հայրենիքը շատ տարողունակ երևույթ է. Հայրենիքը նաեւ մեր մշակույթն է, մեր պատմությունը, մեր ավանդույթները, մեր ժողովրդի ստեղծած արժեքները, հայ մարդը…
– Պարոն Չեքիջյան, դեկտեմբերը Ձեր ծննդյան ամիսն է: Հնչած մաղթանքներից ո՞րն է Ձեզ ավելի սրտամոտ։ Ո՞րը կուզենայիք իրականացած տեսնել առաջին հերթին։
– Կուզենայի մնացած կյանքս առողջ ապրել։ Մեկ էլ մի մեծ տոպրակ փող գտնել փողոցով քայլելիս։
– Ի՞նչ պիտի անեք այդ փողը…
– Կշրջագայեմ աշխարհով մեկ… ոչ թե համերգ տալու համար, այլ պարզապես վայելելու, ունկնդրելու մեծ երաժիշտների համերգները: Սեփական միջոցներով կպահեմ մեր երգչախումբը, լավ կվճարեմ իմ երգիչներին։ Հետո՞… աջ ու ձախ նվիրատվություն կանեմ…
– Պարոն Չեքիջյան, մաղթում եմ, որ առողջ ապրեք Ձեր կյանքը…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #48 (1419) 8.12.2021 – 14.12.2021, Հոգևոր-մշակութային