Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔՍ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»



«ՀԱՅՐԵՆԻՔՍ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»Ես կարող եմ ամենայն մանրամասնությամբ ձեզ փոխանցել այն, ինչ պատմում էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, 44-օրյա պատերազմում արիաբար զոհված իր որդու մասին: Բայց որքան էլ ջանամ, դուք չեք կարող զգալ նրա ձայնի լույսը, երբ արտաբերում էր Ալենի անունը: Ես չեմ կարող բառերով նկարագրել նրա անպարագրելի հիացմունքը, սերը, կարոտը, ցավը, երբ ասում էր՝ իմ տղան բացառիկ գեղեցիկ, կատարյալ մարդ էր:

– Ալենը արտասովոր էր ծնված պահից: Բժշկուհին զարմացած նայեց նորածին Ալենին ու ասաց՝ հայացքը չի թափառում, այլ կենտրոնացած է, հստակ: Քսան օրականում ես նրա համար բանաստեղծություններ էի արտասանում, անմիջապես խաղաղվում էր, գլուխը դնում էր ուսիս ու լսում: Երբ սկսեց խոսել, ես հասկացա, որ նա մեծ է ծնվել, որ ես մեծ տղայի հետ եմ ապրում: Մեկ ու կես տարեկանում տիկնիկային թատրոնի հանդիսատես էր, խոսում էր զարմանալի բառապաշարով, հստակ արտաբերելով ամենադժվար բառերը: Ալենը բոլորի աչքի լույսն էր: Անհնար էր չսիրել նրան. ոսկեգանգուր մազեր ուներ, ճերմակ մաշկ, պայծառ աչքեր, անվերջ բանաստեղծություններ էր արտասանում, հեքիաթներ էր պատմում, երգում էր, պարում…Մանկապարտեզին զուգահեռ այցելում էր «Ինչուիկ» քոլեջ-նախակրթարան: Ով էլ տեսներ Ալենին, անմիջապես նկատում էր նրա բացառիկ ունակություններն ու զգայուն հոգին: Ես չեմ չափազանցում. Ալենը, դեռ փոքրի երեխա, զգում էր իմ հոգեկան ապրումները: Որքան էլ թաքցնեի, նկատում էր, երբ եմ տխուր, երբ եմ բարկացած…Նա գիտեր, երբ է պետք ինձ մենակ թողնել, երբ է պետք հարցեր տալ: Հինգ տարեկանում այնպիսի պատասխաններ էր տալիս, որ ես ապշում էի: Մի անգամ հուզված տուն եկա աշխատավայրից: Հարցրեց՝ մայրիկ, ո՞վ է քեզ բարկացրել: Ասացի՝ աշխարհի վրա եմ բարկացած, Ալեն ջան: Ասաց՝ աշխարհի վրա պետք չէ բարկանալ, աշխարհը պետք է սիրել: Մի անգամ էլ հարցրեցի՝ ինչո՞ւ չես իջնում բակի տղաների հետ խաղալու: Պատասխանեց՝ երբ համալսարան ընդունվեմ, կշփվեմ ինձ նման մտածողների հետ: Մի՞թե սրանք երեխայի պատասխաններ են: Ալենը իմ ամենամոտ ընկերն էր մանկական տարիքից: Նա իմ ամենաամուր հենարանն էր, իմ խորհրդատուն, իմ հոգեկիցը: Մենք միասին շրջեցինք աշխարհով մեկ: Դպրոցական արձակուրդների ժամանակ եղանք Եգիպտոսում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Ամերիկայում, Արաբական Էմիրություններում, Ռուսաստանում, բազմաթիվ քաղաքների թանգարաններում, կերպարվեստի սրահներում, մշակութային օջախներում, տեսարժան վայրերում: Այս շրջագայություններից հետո Ալենն, ասես, աշխարհը տեղավորեց հոգու մեջ, դարձավ ավելի մարդասեր, ավելի ջերմ, ավելի սիրառատ, ավելի լուսավոր…

– Ալենը ավարտել է Պետական մանկավարժական համալսարարանի ռեժիսուրայի բաժինը, ե՞րբ որոշեց ընտրել արվեստի ոլորտը:

«ՀԱՅՐԵՆԻՔՍ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»– Ալենի հետաքրքրությունները այնքան շատ էին ու բազմազան: Նա հաճախում էր թատերական խմբակ, նկարչական, երգի, պարի…Ալենը սպորտային ու լատինաամերիկյան պարերի Հայաստանի քառակի չեմպիոն է և միջազգային չեմպիոն: Ինչ խմբակի էլ տանեի, ուսուցիչն ասում էր, որ նա բացառիկ տվյալներ ունի այդ բնագավառում: Ալենի աշխարհը լցված էր գրքերով, ֆիլմերով, կերպարվեստով, երաժշտությամբ…Երբ դեռ երեխա էր, փոքրիկ ներակայացումներ էր բեմադրում հարևանների համար: Նույնիսկ տոմսեր էր պատրաստում ու «վաճառում» հանդիսատեսին: Ուզում էր ամեն ինչ նման լինի իսկական թատրոնին: Իսկ դպրոցական Ալենը միշտ բեմում էր: Փայլուն տիրապետում էր երեք լեզվի և ֆրանկոֆոնիայի միջոցառումները ֆրանսերեն էր վարում: Հաճախում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանեի կենտրոն; Ու անպիսի հաջողություններ ունեցավ, որ 19 տարեկան Ալենին հրավիրեցին դասավանդելու նույն կենտրոնում:

Դպրոցական Ալենը 4 հեղինակային ֆիլմի հեղինակ էր: Նրա «Տարազ» և «Կանաչիներ» ֆիլմերը ցուցադրվեցին արտերկրում ՝ ներկայացնելով հայ մշակույթը օտար հանդիսատեսին: 15 տարեկանում դպրոցական Ալենը հրավեր ստացավ «Մարիոտ» հյուրնացում մասնակցելու Նոբելյան մրցանակակիրների ճաշկերույթին:

… Ես ուզում էի, որ Ալենը իմ մասնագիտությունն ընտրի՝ իրավաբան դառնա, բայց նա ասաց, որ իրավաբանությունն իրեն չի հետաքրքրում: Հետո ես ցանկացա նրան ուղղորդել դեպի բժշկությունը, բայց Ալենն իրեն հատուկ վճռականությամբ հայտարարեց, որ պիտի ռեժիսոր դառնա: Մենք գնացինք Ամերիկա, որպեսզի Ալենը ուսումնասիրի տեղի հեղինակավոր համալսարաններից մեկը ու, եթե հավանի, այնտեղ կրթություն ստանա: Արտերկրի կրթոջախներում նման ավանդույթ կա՝ մասնագիտական ընտրություն անելիս դու կարող ես շփվել բուհի դասախոսական կազմի հետ, ծանոթանալ դասավանդման պայմաններին: Դասախոսները հիացած էին Ալենի գիտելիքներով, բազմակողմանի իմացությամբ: Զարմացան՝ իմանալով, որ անգլերենը Ալենի մայրենի լեզուն չէ: Բուհը, դասախոսները Ալենին դուր եկան, բայց վերջին պահին հրաժարվեց, ասելով՝ «Մամ, ես գիտեմ, որ դու տարվա 6 ամիսը Նահանգներում՝ իմ կողքին ես լինելու: Չեմ ուզում Դավիթին բաժանել հորից»: Դավիթը Ալենի կրտսեր եղբայրն է, ու նորածին էր այն ժամանակ: 16 տարեկան տղան հրաժարվեց Միացյալ Նահանգներում կրթվելուց, որպեսզի փոքր եղբայրն ու հայրը չկարոտեն իրար:

Ինչպես դպրոցը, այնպես էլ Պետական մանկավարժական համալսարանը ավարտեց գերազանցությամբ: ժողովրդական դերասան Արմեն Սանթրոսյանը մի առիթով ասաց. «Ալենից լույս ու բարություն էր ճառագում, նա մագնիսի պես ձգում էր իրեն շրջապատող մարդկանց…»:

– Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ասացին, որ Ալենը նաև սոցիալական ծրագրեր է իրականացրել:

«ՀԱՅՐԵՆԻՔՍ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»-Բարեգործությունը կենսակերպ էր Ալենի համար: Մանկավարժական համալսարանում սովորելիս նաև աշխատում էր ու իր աշխատավարձը տալիս էր հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների ու անապահով ընտանիքների երեխաներին: Տարբեր կամավորական աշխատանքներ էր անում, օրինակ, սեփական նախաձեռնությամբ ջոկատավար աշխատեց «Լուսաբաց» ճամբարում: Դիմել էր «Դասավանդիր, Հայաստան» ծրագրին, որ գնա սահմանամերձ գյուղեր՝ դպրոցում աշխատելու..

Ալենը մանկավարժական համալսարանը ավարտելիս ազատ խոսում էր 5 լեզուներով ու առանց որևէ դժվարության ընդունվեց աշխարհի լավագույն բուհերից մեկը՝ Բոստոնի համալսարան՝ միաժամանակ երկու ծրագրով:

– Այսինքն՝ երկու ֆակուլտետ;

– Այո: Բայց հուլիսյան դեպքերից հետո հասկացավ, որ հայ-ադրբեջանական պատերազմը անխուսափելի է, հրաժարվեց ուսման համար իրեն հատկացված տարկետումից ու մեկնեց բանակ: Ալենը իր կենսագրությամբ, իր տքնանքով վաստակել էր այդ տարկետումը, նա կարող էր գնալ Բոստոն, ապրել ապահով ու բարեկեցիկ կյանքով, վայելել իր ուսանողական երջանիկ տարիները: Բայց դա Ալենը չէր լինի, դա կլիներ շարքայի մեկը…

– Ես ուզում եմ, որ Դուք ասեք, թե ի՞նչ էր գրել Ալենը Բոստոնի համալսարանի ղեկավարությանն ուղղված նամակում և ի՞նչ պատասխան էր ստացել:

– Ալենը գրել էր. «Ես անսահման երախտապարտ եմ, որ հազարավոր դիմորդներից նախապատվությունը տվել եք ինձ: Սակայն չեմ կարող գալ Բոստոն, որովհետև հայրենիքս ու ժողովուրդս իմ պաշտանության կարիքն ունեն, և ես պիտի լինեմ ազգիս ու երկրիս կողքին»: Պատասխան նամակում գրված էր. «Ձեր նամակը ցնցեց մեզ: Մենք հիացած ենք Ձեզնով ու պատրաստ ենք պահպանել Ձեր տեղը, վերանայել Ձեր կրթաթոշակը, միայն թե Ձեզ նման երիտասարդը մեր ընտանիքի անդամը դառնա»:

– Ես գիտեմ, որ Ալենը սեփական նախաձեռությամբ է գնացել առաջանգիծ:

«ՀԱՅՐԵՆԻՔՍ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»– Երբ պատերազմն սկսվեց, մենք ընտանիքով Արցախում էինք: Ալենը Ժիլբերի համախտանիշ ուներ, նաև պիտի վիրահատվեր: Ես նրան ասացի, որ վիրահատությունը չի կարելի ուշացնել… Շատ կտրուկ պատասխանեց՝ մյուս անգամ չհամարձակվես ինձ դասալքության մղել, ու մեզ ճանապարհեց Երևան: Այո, նա կապավոր էր ու իր նախաձեռնությամբ էր մեկնել առաջնագիծ: դաժան մարտերի միջով էր անցել: Նա զոհվեց իր երկու ընկերների հետ, երբ զենք ու զինամթերք էր տանում առաջնագիծ: Անօդաչու թռչող սարքերը երկնքից կրակ էին թափում, բայց առաջագծում զենքը վերջացել էր, ու ինչ-որ մեկը պիտի անցներ ռմբակոծվող ճանապարհով ու զենք հասներ կռվողներին: … Ալենն առաջինն է սկսում բարձել զենքերը բեռնատարի մեջ: Նա զոհվում է անօդաչուի հարվածից՝ իր երեք ընկերների հետ:

– Ալեն Մարգարյանը շարունակում է գործել հանուն ազգի ու հայրենիքի: Խնդրում եմ պատմեք, թե ի՞նչ ծրագրեր է իրագործում ձեր ընտանիքը՝ Ալենի անունից:

– Ոչ միայն իմ ընտանիքը: «Դասավանդիր, Հայաստան» ծրագիրը սահմանել է Ալեն Մարգարյանի անվան կրթաթոշակ; Մանկավարժական համալսարանում Ալեն Մարգարյանի անվան լսարան է բացվել, իսկ փետրվարի 11-ին՝ Ալենի ծննդյան օրը, կդրվի նրա կիսանդրին: «Ալեն Մարգարյան բարեգործական հիմնադրամը» կշարունակի Ալենի բարեգործությունները, սոցիալական օգնություն կտրամադրի անապահով ընտնիքներին, կհոգա նրանց երեխաների ուսման ծախսերը: Մենք կհիմնենք Ալեն Մարգարյանի անվան տարրական ու հիմնական դպրոց:

Արդեն 400 երեխաներ Ալենից տիկինիկային թատրոնի տոմսեր են նվեր ստացել: Ալենը նրանց Ամանորյա հեքիաթ կպարգևի: Ալենի կողմից Ամանորյա նվերներ կստանան նաև սահամանամերձ բնակավայրերի անապահով երեխաները: Մենք գրքահավաք ենք նախաձեռնել Սյունիքի մարզի Գագիկավան գյուղի գրադարանի համար, որպեսզի երեխաները կարդալու հնարավորություն ունենան, առնչվեն գրքի վայելքին: Մենք դրամական աջակցություն ենք ցուցաբերում Ալենի՝ արտերկրում սովորող երկու սաներին ու երկու ընկերներին:

Ալենի մասին գրքեր են գրվում, որոնք երիտասարդ սերնդին կհուշեն, թե ինչպես պետք է սիրել Հայրենիքը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


16/12/2021