ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Մոսկվան Վաշինգտոնի ներկայացուցիչներին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման իրավական երաշխիքների մշակման կոնկրետ առաջարկներ: Ռուսաստանի պահանջները ներառում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իրավաբանական պարտավորություններ, որոնցով կբացառվի դաշինքի ընդլայնումը դեպի արևելք և ցանկացած ռազմական գործունեություն նախկին խորհրդային հանրապետություններում: ԱՄՆ-ն հայտնել է այս հարցով դաշնակիցների հետ քննարկումների մեկնարկի մասին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Հյուսիսատլանտյան խորհրդում կքննարկեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։ Լարված իրավիճակը պետք է կարգավորել ինչպես դիվանագիտական մակարդակով, այնպես էլ զսպման վստահելի միջոցներով:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Փարլին այն կարծիքին է, որ Արևմուտքի երկրները չպետք է սրեն հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է Մոսկվայի հետ անկեղծ և բաց երկխոսություն վարել, քանի որ ոչ ոք չի ցանկանում վերադարձ սառը պատերազմին։ Միևնույն ժամանակ, նախարարը խոսել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների խստացման հնարավորության մասին:
Ֆինլանդիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Լատվիայի, Լիտվայի եւ Իսլանդիայի պաշտպանության նախարարություններում հակված չեն համաձայնելու ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ռուսաստանի պահանջներին։
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն այդ առիթով ասել է, թե Արևմուտքը երկու ճանապարհ ունի. լրջորեն վերաբերվել Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին կամ ռազմատեխնիկական այլընտրանքի հետ գործ ունենալ:
Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից։ Մինչ այդ պայմանագրի կատարումից հրաժարվել էր ԱՄՆ-ն, իսկ վերջինիս եվրոպացի դաշնակիցները հրաժարվել են ռուսական կողմին երաշխիքներ տալ, որ ռուսական տարածքով թռիչքների ժամանակ հավաքված տեղեկատվությունը չի փոխանցվի Վաշինգտոն։
«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել էր 1992 թվականին` դառնալով սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդման միջոց։ Այն գործում է 2002 թվականից և թույլ է տալիս անդամ երկրներին բացահայտ տեղեկատվություն հավաքել միմյանց ռազմական ուժերի մասին: Մինչև վերջերս պայմանագրի կողմ էին 34 պետություններ։ «Բաց երկնքի պայմանագրի» արդյունավետությունը կտրուկ կնվազի առանց Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների մասնակցության: Դրա կիրառման տարածքը կնվազի մոտ 80 տոկոսով:
Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարել է անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ-ի հետ համագործակցության Պեկինի պատրաստակամության մասին:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է ռուսական անօդաչու թռչող սարքերի կործանիչ հնարավորությունները: Հրապարակված տեսանյութում «Օրիոն» հարվածային անօդաչու թռչող սարքը օդում հրթիռային համակարգից կրակոցով ոչնչացնում է թիրախը՝ ուղղաթիռի տիպի ԱԹՍ: Այսպիսով, ռուսական նորագույն անօդաչու սարքն առաջին անգամ օգտագործվել է մեկ այլ անօդաչու սարքի դեմ։
Ռուսական «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգերը Լիբիայում և Սիրիայում խոցել են թուրքական արտադրության ավելի քան 40 «Bayraktar» և «Anka» տիպի անօդաչու թռչող սարքեր։
ՌԴ ԶՈւ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ Ռուսաստանում մշակվում են նոր հիպերձայնային ռազմավարական համալիրներ, որոնք կփոխարինեն «Ավանգարդ» բլոկներին։
Իրան
Իրանում Պարսից ծոցի ափին մեկնարկել են «Մեծ մարգարե-17» հնգօրյա զորավարժությունները, որոնց մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային, ռազմածովային եւ օդային ուժերը, ինչպես նաեւ` «Բասիջ» աշխարհազորայինների ստորաբաժանումները:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Բուշերի ատոմակայանի տարածքում հակաօդային պաշտպանության ուժերի մարտական պատրաստության ստուգման մասին։
Եվրոպացի դիվանագետները նշել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում «որոշակի տեխնիկական առաջընթացի» մասին, միևնույն ժամանակ, քննարկումների համար Թեհրանի պահանջած դադարն անվանել են «հիասթափեցնող»։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն իր հերթին նշել է, որ եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, հրապարակային հայտարարություններում բազմիցս խեղաթյուրել են «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի» շուրջ ստեղծված իրավիճակը: Նա եվրոպացի գործընկերներից ակնկալում է լրջություն և վճռականություն միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում բանակցություններ վերսկսելու հարցում: Պատասխանելով այն պնդումներին, թե՝ Իրանը բանակցություններում ընդմիջում է պահանջել, Խատիբզադեն ասել է, որ իրականում դա կապված է Եվրոպայում Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների հետ, իսկ ոչ ճիշտ տեղեկատվություն տրամադրելով՝ եվրոպացի դիվանագետները ավելի շուտ ցանկանում էին քողարկել իրենց պետություններ վերադառնալու սեփական նախաձեռնությունը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցություններում դանդաղ առաջընթացի հիմնական պատճառներից մեկը Արևմուտքի կողմից նախաձեռնության բացակայությունն է։ Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ իրանական պատվիրակությունը պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրի համաձայնագրերի երկու նախագիծ է ներկայացրել, որոնք համապատասխանում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Նա նաև հայտնել է, որ Իրանը չի ընդունում ԳՀՀԾ շրջանակից դուրս որևէ պարտավորություն:
Բանակցություններում արձանագրված որոշակի հաջողությունների ֆոնին ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին հակասող պատժամիջոցները չեղարկելու պատրաստակամության մասին Իրանի` միջուկային համաձայնագրի պայմաններին վերադառնալու դեպքում:
Իսրայելը կարևոր դեր է խաղացել 2020 թ. հունվարին Բաղդադի օդանավակայանի մոտ ամերիկյան ԱԹՍ-ի հարվածից իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մեջ։ Իսրայելական ՑԱԽԱԼ-ի հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Թամիր Հեյմանն այդ սպանությունը բնութագրել է որպես իր պաշտոնավարման ընթացքում երկու նշանակալի և կարևոր գործողություններից մեկը։
Նա նաև հավելել է, որ Իսրայելը մի քանի գործողություններ է իրականացրել տարածաշրջանում իրանական զենքի և միջոցների տարածումը կասեցնելու համար։
Սուլեյմանիի մահից օրեր անց ամերիկյան NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ իսրայելական հետախուզությունն օգնել է ԱՄՆ-ին ոչնչացնելու նրան: Իրազեկողները ԿՀՎ-ին հայտնել են Սուլեյմանիի ինքնաթիռի Բաղդադ թռչելու մասին, իսկ Իսրայելը հաստատել է ամերիկացիներին տրամադրված հետախուզական տվյալները։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների և Եգիպտոսի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Թուրքիայի և Իրանի հետ այդ երկրների հարաբերություններում ընդհանուր մոտեցումներ ձևավորելն ու հարաբերությունները համակարգելը խորհրդի գործունեության ամենակարևոր ուղղություններից է: Արդեն որոշակի առաջընթաց է նկատվում Թուրքիայի և Պարսից ծոցի մի շարք երկրների միջև լարվածության թուլացման հարցում:
Իրանական ընկերություններն աստիճանաբար փոխում են իրենց երթուղիները՝ Ադրբեջանի տարածքով ցամաքային ուղիների փոխարեն ապրանքները Ռուսաստան արտահանելու համար ընտրելով Կասպից ծովի ջրային համակարգը։ Արտահանվող մրգերի ու բանջարեղենի համար Կասպից ծովով անցնող ճանապարհը շատ ավելի էժան է և արագ։
Թուրքիա
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է լուսանկար, որում Թուրքիայի ներքին գործերի նախարարն ու Սիրիայում ահաբեկիչներ մատակարարող «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման հրամանատար Ֆահիմ Իսան կողք կողքի են։ Լուսանկարն արվել է Սիրիայի Ռայի քաղաքում, որը հայտնի է որպես զինյալների հավաքագրման կենտրոն։ Ամերիկացի լրագրողը հիշեցրել է, որ այստեղից են Լեռնային Ղարաբաղ և Սիրիա ուղարկվել վարձկաններ:
Թուրքական արժույթը սկսել է թանկանալ՝ վաճառվելով մեկ դոլարի դիմաց 11-12 լիրայի միջակայքում, մինչև ռեկորդային 18.4 լիրա մեկ դոլարի դիմաց ցուցանիշի իջնելուց հետո։ Անկման պատճառը Թուրքիայի կենտրոնական բանկի որոշումն էր` տոկոսադրույքը 15 տոկոսից իջեցնել 14 տոկոս: Լիրայի կտրուկ աճն սկսվեց փոխարժեքի անկայունությանը հակազդելու նոր միջոցների մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո: Կառավարությունը արտահանողներին ձեռնտու փոխարժեք կտրամադրի, կավելացնի պետական մուծումները մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներ և կնվազեցնի ընկերությունների կողմից վճարվող շահաբաժինների հարկը։ Կառավարությունը նաև կխրախուսի ավանդները լիրայով՝ փոխհատուցելով քաղաքացիների` փոխարժեքի անկայունության պատճառով կրած վնասները։
Ադրբեջան
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը պաշտպանում են իրենց եղբայրների՝ Ադրբեջանի, Հյուսիսային Կիպրոսի, Լիբիայի շահերը։ Թուրքիան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացմանը:
Բաքվում կանցկացվի ռազմական տեխնիկայի հերթական «ADEX-2022» միջազգային ցուցահանդեսը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, թե Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում մարտական ինքնաթիռների համատեղ արտադրություն հիմնելու շուրջ։
Ադրբեջանի նախագահի օգնական Անար Ալեքպերովը հայտարարել է, թե այժմ Արցախի օկուպացված տարածքների վերականգնման գործընթացում ներգրավված են մասնագետներ Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Լատվիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից և այլ երկրներից։
Ալիևն անարդար է համարել, որ ԵՄ-ն նախատեսում է առաջիկայում ՀՀ-ին 2,6 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 միլիոն դոլար:
Բաքվում բացվել է Խաղաղօվկիանոսյան դաշինքի գրասենյակը։ Խաղաղօվկիանոսյան դաշինքը առևտրային բլոկ է, որում ներառված են չորս երկիր՝ Մեքսիկա, Պերու, Չիլի, Կոլումբիա: Ադրբեջանն այնտեղ դիտորդ է։
Իլհամ Ալիևն իտալական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելացնել գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Նրա խոսքով՝ արտադրությունն ավելացնելու համար ներդրումներ են անհրաժեշտ։
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Տարածաշրջան