ԲԱՑՎԵՑ «ԱՐՇԱԿՈՒՆԻ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Օրերս Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում կայացավ պահեստազորի սպա Արտավազդ Վարդանյանի և ընկերների նախաձեռնությամբ հիմնված «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպության կենտրոնի բացման արարողությունը։ Ներկա էին հյուրեր Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից, Արցախյան ազատամարտի ճանաչված հրամանատարներ, զինվորականներ, հասարակական, պետական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցականներ և այլ հյուրեր։ Արփա գետի ձախափնյա տարածքում է ռազմամարզական կենտրոնի նորակառույց շենքը: «Արշակունի» ռազմամարզական ՀԿ նախաձեռնող-հիմնադիր Ա. Վարդանյանը նշեց, որ տարածքը հատուկ է ընտրվել, քանի որ այստեղ հնարավոր է կազմակերպել ռազմամարզական պարապմունքներ՝ գետանցում, անտառային պայմաններ, բարձունքի հաղթահարում, թիրախների խոցում և այլն։ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական ու անվտանգային բարդ վիճակը, հայ երիտասարդության ֆիզիկական, ոգեղեն ու բարոյահոգեբանական պատրաստվածության անհրաժեշտությունը՝ «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է հայ երիտասարդների ֆիզիկական պատրաստվածությանը, ռազմամարզական հմտությունների ձեռքբերմանը, կատարելագործմանը, հայրենաճանաչությանը, ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը, զանգվածային սպորտի զարգացմանը միտված ռազմամարզական դպրոցի ստեղծումը»։
2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստորաբաժանում ղեկավարած պահեստազորի սպա Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ ճամբարում մարզվելու համար սաների հետ կդասավանդեն որակյալ ու փորձառու մասնագետներ, որ «Նշված նախաձեռնությամբ մենք կկարողանանք Հայրենիքի անվտանգության սպառնալիքները չեզոքացնել նաև ֆիզիկապես պատրաստված ու ռազմարվեստի հմտություններին տիրապետող, ազգային ու մարտական ոգով տոգորված, նպատակային ու կամային բարձր հատկանիշներ ունեցող երիտասարդության միջոցով»,- ասաց նա։
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ. Խուդավերդյանը ողջունեց ազգանվեր այս նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցելու կենտրոնի զարգացմանը։ Նա ընդգծեց, որ ծրագիրը մարզի բարձր դասարանի աշակերտների և ռազմագիտության ուսուցիչների համար նույնպես լավ հնարավորություն է` օգտվելու կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից։ Ելույթ ունեցան նաև Արցախյան ազատամարտի հրամանատարներ և այլ զինվորականներ: Նրանք կարևորեցին «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի դերը՝ նշելով, որ պետք է նման բոլոր կառույցները միավորվեն, համագործակցեն միմյանց հետ, քանի որ բոլորի նպատակը մեկն է՝ տեր կանգնել Հայրենիքին…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Բանակ և հասարակություն