ԵԼԻԶԱՎԵՏԱ ՇԱՀԽԱԹՈՒՆԻ-110
2021 թ. դեկտեմբերի 22-ին լրացավ հայ անվանի ավիակոնստրուկտոր, «Անտոնով» պետական ձեռնարկության հիմնադիրներից մեկի, տաղանդավոր գիտնական, «ԱՆ» մակնիշի ինքնաթիռների ամրության և հուսալիության ապահովման կազմակերպիչ և ղեկավար Ելիզավետա Շահխաթունու ծննդյան 110-ամյակը:
«Անտոնով» պետական ձեռնարկության թանգարանում կազմակերպվել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին ձեռնարկության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Սերգեյ Բիչկովի գլխավորությամբ, Ելիզավետա Շահխաթունու և Օլեգ Անտոնովի դուստրը՝ Աննա Անտոնովան, վետերաններ, որոնք աշխատել են Շահխաթունու ղեկավարությամբ, Ուկրաինայի Ազգային ավիացիոն համալսարանի մագիստրոսներ:
Բոլոր ելույթ ունեցողները շեշտեցին «ԱՆ» ընկերության հիմնադրման և կայացման գործում Ելիզավետա Շահխաթունու անուրանալի ներդրումը: Սիրով ներկայացրին տաղանդավոր, անհավանական աշխատասեր, իր և աշխատակիցների նկատմամբ պահանջկոտ անձնավորությանը:
Շահխաթունու դուստրը՝ Աննա Անտոնովան, իր ելույթում ջերմորեն հիշեց մոր կապը Հայաստանի, հարազատների հետ, պարբերաբար հայկական արևահամ մրգերով ստացվող ծանրոցները:
Ըստ Աննա Անտոնովայի՝ մահվանից առաջ Ելիզավետա Շահխաթունին, որն ամբողջ կյանքում եղել է աթեիստ, հարազատներին խնդրել է իր հուղարկավորությունը անպայման անցկացնել հայկական եկեղեցական արարողակարգով:
Ելիզավետա Շահխաթունին ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։ Հայրը՝ Ավետիս Տիգրանի Շահխաթունյանը, 20-րդ դարասկզբի դաշնակցական հայտնի գործիչ էր։ Մայրն ուսուցչուհի էր։
Դպրոցն ավարտելուց հետո Ելիզավետա Շահխաթունին երկու տարի սովորել է Երևանի պետական համալսարանի ինժեներական ֆակուլտետում։ 1930 թ. ընդունվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ: Հաճախել է սավառնորդների խմբակ։ 1935 թ. ավարտելով ուսումը՝ սկսել է աշխատել ավիաարդյունաբերությունում՝ որպես սպառազինության և սարքավորումների մասնագետ՝ հայտնվելով Իլյուշինի ինքնաթիռներ արտադրող գործարանում։
Աշխատանքը (նկատի ունենալով Շահխաթունու հակումը դեպի ամրության հաշվարկները) նրան դուր չէր գալիս, և կես տարի անց տեղափոխվեց քաղաքացիական ձեռնարկություն՝ սավառնակների փոքր գործարան Տուշինոյում, որտեղ աշխատեց 1937-1939 թվականներին։ Այնտեղ նա ծանոթացավ կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար, հայտնի ինքնաթիռաշինարար Օլեգ Անտոնովի հետ։ Պատերազմի տարիներին այդ կոնստրուկտորական բյուրոն ստեղծել է դեսանտային սավառնակ, այնուհետև՝ քարշիչային կրկնաթև սավառնակ («Տանկի թևեր»), որը նախատեսված էր զրահապատ մեքենաների օդային փոխադրման համար։ Այս նախագծում Ելիզավետա Շահխաթունին հաշվարկել էր թևերի և տանկի թրթուրների ամրությունը, որպեսզի դրանք վայրէջքի ժամանակ չվնասվեին։ Պատերազմի օրերին կոնստրուկտորական բյուրոն շտապ տարհանվեց Մոսկվա։ Նույն թվականին Շահխաթունին ընդունվեց Ալեքսանդր Յակովլևի անվան փորձարարական-կոնստրուկտորական բյուրո, որտեղ էլ բարեհաջող աշխատեց մինչև 1945 թվականը։ Այնտեղ նա մասնակցել է Յակ-7, Յակ-9, Յակ-3, Յակ-15, Յակ-18 ինքնաթիռների ստեղծմանը։
1941 թվականին Անտոնովը Կաունասում, տրամվայների նախկին գործարանի հիման վրա, սավառնակների արտադրության կազմակերպման առաջադրանք էր ստացել: Կոնստրուկտորական բյուրո ստեղծելիս հրավիրեց նաև Շահխաթունուն։ Որոշ ժամանակ անց, պատերազմի նախօրեին, Օլեգ Անտոնովը և Ելիզավետա Շահխաթունին ամուսնացան։
Պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին, Անտոնովը նշանակվեց նախագծային բյուրոյի Նովոսիբիրսկի մասնաճյուղի գլխավոր կոնստրուկտոր, որտեղ առաջադրանք ստացավ ստեղծելու ինքնաթիռ գյուղատնտեսական կարիքների համար։ Որոշ ժամանակ անց ստեղծվեց CXA-1 կրկնաթև ինքնաթիռը (ԱՆ-2-ի փորձնական տարբերակը), որն ավելի ուշ ժողովուրդը կոչեց «կուկուրուզնիկ»։ Ինքնաթիռի ամրության հաշվարկն իրականացրել էր Շահխաթունու ղեկավարած բաժինը։
Շուտով Անտոնովի ղեկավարած կոնստրուկտորական բյուրոն փոխադրվեց Կիև, որտեղ կազմակերպվեց ռազմատրանսպորտային և ուղևորատար ինքնաթիռների արտադրություն։ Արդեն տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շահխաթունին այդ ինքնաթիռների ամրության, անվտանգության և հաշվարկի պատասխանատուն էր։
1955 թ. ստեղծվեցին նոր ԱՆ-8, իսկ ավելի ուշ ԱՆ-10 և ԱՆ-1 ինքնաթիռները։ Նրանց ամրության հաշվարկը կատարել էր «պողպատյա հայուհու» ղեկավարած կոլեկտիվը։ Նա մասնակցել է նաև ԱՆ-12, ԱՆ-14, ԱՆ-24, ԱՆ-26, ԱՆ-28, ԱՆ-30, ԱՆ-32 և այլ ինքնաթիռների ստեղծմանը։ Բայց նրա ղեկավարած կոլեկտիվի գլխավոր հաջողությունը ԱՆ-22՝ «Անթեյ» ինքնաթիռի ամրության հաշվարկն էր։ «Անթեյն» ուներ ավելի քան 250 տոննա քաշ և կարող էր օդ բարձրացնել մինչև 80 տոննա բեռ։ Հետագայում այդ ինքնաթիռով սահմանվեց 41 համաշխարհային ռեկորդ, ներառյալ առավելագույն բեռնատարողության ռեկորդը։ Այդ ինքնաթիռի ստեղծման համար Շահխաթունին արժանացավ Լենինյան մրցանակի։
Ելիզավետա Շահխաթունին դասավանդել է նաև Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում։
Ելիզավետա Շահխաթունին մահացել է 2011 թ. հոկտեմբերի 28-ին, Կիևում։ Հոկտեմբերի 30-ին հայկական մատուռում տեղի է ունեցել նրա եկեղեցական հոգեհանգիստը։ Հաջորդ օրը Անտոնովի անվան գործարանի վարչական շենքում կայացել է քաղաքացիական հոգեհանգիստը, որից հետո հայկական ծիսակարգով հուղարկավորումը տեղի է ունեցել «Բերկովցի» քաղաքային գերեզմանատանը։
ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ
Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ
Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Ճակատագրեր