Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆ



ԱՐՏԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆԱռաջին հայը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի, Դորկ Սահակյանն է. նա 2007 թ. ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ կիսել է աշխարհի ամենահեղինակավոր՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ Նոբելյան մրցանակը։ Եվ ահա ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 2021 թվականին, մեր մյուս հայրենակիցը՝ ամերիկահայ ԱՐՏԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆԸ, իր գործընկերոջ՝ Դևիդ Ջուլիուսի հետ արժանանում է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ Հայազգի գիտնականի և նրա գործընկերոջ հայտնագործությունը «հեղափոխական» են անվանել բժշկության զարգացման ասպարեզում։

Արտեմ Պատապուտյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում 1967 թվականին։ Նրա հայրը սփյուռքահայ նշանավոր գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնն է՝ բազմաթիվ վեպերի, թատերգությունների և գրական այլ գործերի հեղինակ։ Պատապուտյան ավագն ունի մոտ երկու տասնյակ հրատարակված գիրք։ Սարգիս Վահագնն իր «Արշիլ Գորկի» վեպի համար մայր հայրենիքում արժանացել է Թեքեյան մշակութային միության սահմանած գրական մրցանակին։ 2008 թվականին Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը նրան շնորհել է հայ եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը։ Իսկ սփյուռքի նախարարությունը Սարգիս Վահագնին պարգևատրել է «Վիլյամ Սարոյան» շքանշանով։ Արտեմ Պատապուտյանի մայրը Լիբանանում հայկական դպրոցի տնօրեն է եղել, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո հայկական դպրոցում ուսուցչուհի էր։ Արտեմի եղբայրը՝ Արան, նույնպես գիտնական է, գիտությունների դոկտոր, բազմաթիվ գյուտերի հեղինակ։ Պատապուտյանի քույրը՝ Հուրին, անգլերենի և անգլիական գրականության մասնագետ է, մանկավարժ։

Արտեմ Պատապուտյանը նախնական կրթություն ստացել է Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, որից հետո ուսումը շարունակել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում։ 1986 թ. ընտանիքով տեղափոխվում են ԱՄՆ, քանի որ Լիբանանում քաղաքացիական կռիվները թեժացել էին։

1990 թվականին Արտեմը Կալիֆոռնիայի համալսարանում ստանում է բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան, իսկ 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանում է թեկնածուական թեզ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2000 թ. դառնում է Scripps Research հետազոտական ինստիտուտի դասախոս։ 2000-2014 թթ. մեկ այլ հետազոտական պաշտոն է ստանում «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում։ 2014 թվականից որպես հետազոտող հանդես է գալիս Howard Hughes Medical Institute-ում։ Եվ միակ հայ գիտնականն է, որ Howard Hughes Medical Institute-ի իսկական անդամ է, մի կառույց, որի անդամ են Նոբելյան մրցանակակիրների մեծ մասը։

2020 թվականին Պատապուտյանը դարձյալ Դևիդ Ջուլիուսի հետ արժանանում է հեղինակավոր Կավլիի մրցանակին նյարդավիրաբուժության ոլորտում։ Այս հեղինակավոր մրցանակը երկու տարին մեկ շնորհվում է այն գիտնականներին, որոնք նշանակալի բացահայտումներ են կատարել աստղաֆիզիկայի, նանոտեխնոլոգիաների և նյարդաբանության ոլորտներում։

2021 թվականի Նոբելյան մրցանակը Պատապուտյանին ու նրա գործընկերոջը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար։

ԱՐՏԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆՇոշափելիքը մարդու հինգ զգայարաններից մեկն է, որի միջոցով զգում ենք բնության մեջ գոյություն ունեցող թե՛ ֆիզիկական և թե՛ քիմիական (նյութեր, որոնք առաջացնում են ցավ, քոր և այլն) գրգիռները։ Շոշափելիքի զգացողությունները ձևավորվում են շնորհիվ զգայական նեյրոնների, որոնք, սփռված լինելով օրգանիզմի արտաքին և ներքին մակերեսի վրա, գրգիռը հաղորդում են ուղեղին։ Զգայական նեյրոնները կարողանում են տարբերակել վնասակար՝ ցավ, բորբոքում առաջացնող գրգիռներն անվնասներից։

Չնայած շոշափելիքի զգայարանի գոյության մասին մենք գիտենք շատ վաղուց, սակայն այդ զգացողության եղանակն ու բջիջները երկար ժամանակ մնում էին անհայտ։ Արտեմ Պատապուտյանը զգայական նյարդաբջիջների վրա բացահայտեց հատուկ գոյացություններ՝ լիցքավորված մասնիկներ (իոնային անցուղիներ), որոնք աշխուժանում են արտաքին ջերմաստիճանի տատանումներից։ Այսինքն՝ ջերմաչափ են, մեր օրգանիզմի մոլեկուլային ջերմաչափերը։ Հետաքրքիր է, որ իր հայտնաբերած լիցքավորված մասնիկների (իոնային անցուղիների) մի մասը գործում է նաև որպես քեմոսենսորներ և մասնակցում ցավի և բորբոքային գործընթացների զգացմանը։ Պատապուտյանի լաբորատորիան մշակել է TRPA1 անվամբ փոքր մոլեկուլ, որ ճնշում է այդ անցուղիների գործունեությունը և ունի բժշկական նշանակություն։

Երկար ժամանակ անհայտ էին նաև մեխանիկական գրգիռներով առաջացող շոշափելիքի զգացողության ձևավորման եղանակները։ Միայն վերջերս Պատապուտյանը բացահայտեց երկու տեսակի իոնային անցուղիներ՝ PIEZO1 և PIEZO2, որոնք աշխուժանում են մեխանիկական գրգիռների առկայությամբ։

Պատապուտյանն այն գիտնականն է, որ բացահայտել է շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները։ Իր հետազոտությունների շնորհիվ հնարավոր կլինի բուժել կամ մեղմել մի շարք խանգարումներ, օրինակ, երկարատև և տևական ցավի հետ կապված հիվանդություններ։

Մարդկության զարգացման ու կատարելագործման գործում մեր հայրենակցի ներդրումը ահռելի է և միանշանակ հիշեցնում է, որ հայ ժողովուրդը փոքրաթիվ լինելով, ի զորու է արձանագրելու փառահեղ հաղթանակներ և գիտական նվաճումներ, որոնք կարող են բարելավել միլիոնավոր մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #01 (1423) 12.01.2022 - 18.01.2022, Հոգևոր-մշակութային


13/01/2022