Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՈՐԴԻՍ ՏՂԱՄԱՐԴ Է ԴԱՌՆՈՒՄ…»



«ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՈՐԴԻՍ ՏՂԱՄԱՐԴ Է ԴԱՌՆՈՒՄ...»Զորակոչը մեր ընտանիքի համար այդ տարվա, թերեւս, ամենաէական, անորոշություններով ու սպասումներով լի իրադարձությունն էր: Ավագ ու միջնեկ որդիներս արդեն ծառայել էին, բայց նրանցը մի տեսակ թեթեւ էր անցել, առանձնակի անհանգստություններ չէր առաջացրել: Կրտսերի` Կարենի պարագայում տագնապ էինք ապրում բոլորս: Միգուցե այն պատճառով, որ տան փոքրին շատ էինք սիրում ու շատ բան ներում, եւ Կարենը դա հասկանում էր: Ընտանիքը նրա համար հարմարավետ ու տաքուկ մի փոքրիկ աշխարհ էր, բայց հիմա ստիպված էր սիրով ու փափկությամբ հագեցած այդ ընտել աշխարհը փոխարինել մեկ ուրիշ` անսովոր ու անծանոթ աշխարհի հետ:

Մայիսի 2-ի առավոտն էր: Գիշերվա հրաժեշտի խնջույքից հետո, որին ներկա էին շենքի, թաղի բազմաթիվ ծանոթ ու անհայտ տղաներ, տունը դեռ քնած էր: Միայն կինս էր խոհանոցում աչքերից լուռ արցունք թափելով տոպրակների մեջ դասավորում երկարատեւ բաժանման խորհրդանիշները` լավաշ, բաստուրմա, սուջուխ, ձու, ատամի խոզանակ ու մածուկ, օճառ, սրբիչ, սպիտակեղեն, տաք գուլպաներ…

Տունը միանգամից արթնացավ, սկսվեցին հեռախոսազանգեր, բակից լսվեցին ավտոմեքենաների ազդանշանները: Արագ-արագ հագնվեցինք, դուրս եկանք:

Երեսուն րոպե անց հասանք մարդկանց բազմությամբ լեփ-լեցուն կենտրոնական հավաքակայան: Կարենին հրաժեշտ տվեցինք, եւ հրաժեշտը զուսպ էր, առանց հույզերի: Հավաքակայանի վիթխարի, ծանր, կանաչ դարպասը մի կողմ գլորվեց ու կլանեց նորակոչիկներին, այդ թվում եւ` որդուս:

Հավաքակայանը Հայաստանի խճանկարն էր: Այստեղ լսվում էին բոլոր բարբառները: Այստեղ էին լաչակավոր տատիկներ, թութունից խանձված բեղերով պապիկներ, չսափրված կոշտ ու կոպիտ դեմքով տղամարդիկ, կանայք, որոնք մայրաքաղաք գալու առիթով հագել էին իրենց լավագույն հագուստները եւ մայրերի պատճենները հիշեցնող աղջիկներ: Նրանք բոլորն, ասես, ինչ-որ իրական բեմադրության կերպարներ լինեին:

Իրար հետեւից գալիս էին նորակոչիկներով նորանոր ավտոբուսներ եւ ծնողներով, հարազատներով, բարեկամներով, ընկերներով ուղեկցող ավտոմեքենաներ:

Հավաքակայանի ծանր դարպասը գլորվում էր ձախ, ներս առնում ավտոբուսներն եւ փակվում` դրսում թողնելով բանակին «պետք չեղող» զանգվածին: Զանգվածն ուժատ ալիքի նման պարբերաբար անզորությամբ ծփում, բախվում էր դարպասին եւ ընկրկում:

Հավաքակայանից մի խզված, մետաղական ձայն կարդում էր զորամասերի համարներ, բնակավայրերի անվանումներ եւ ազգանուն-անուն-հայրանուններ: Երբ հայտարարեցին, թե Կարեն Խաչատուրի Դադայանին ուր են տանում` սիրտս կծկվեց: Դա հայոց մի հնամենի բնակավայր էր, որն անցել էր Ադրբեջանին ու ստացել «-լու» վերջածանցով անվանում: Դա այն տարածքներից էր, որի կարգավիճակի բնութագրման շուրջ Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչները դիվանագիտական վեճեր էին մղում եվրոպական կառույցներում: Նրանք ասում էին` գրավյալ տարածք, մերոնք` ազատագրված:

Երկաթե դարպասն սկսեց մերթընդմերթ բացվել եւ դուրս թողնել ավտոբուսները: Յուրաքանչյուրին բազմությունը դիմավորում էր գոռում-գոչյուններով, սուլոցներով: Բախտս բերեց. հերթական ավտոբուսի մեջ նկատեցի պատուհանի մոտ մեկուսի, ինքնամփոփ նստած Կարենիս, որը տրտում, հենց այնպես, ձեւականորեն ձեռքը թափահարում էր՝ բնականաբար մարդկային ամբոխի մեջ չտեսնելով ո՛չ ինձ, ո՛չ եղբորը: Կոկորդս սեղմվեց, լուսադեմին նոր կհասներ զորամաս, եւ մտածեցի, որ ճանապարհին կմրսի:

Երեք օր անց Կարենիցս ստացանք առաջին նամակը: Ծռտիկ ձեռագրով, «կարոտագիր» բառով, խայտառակ հայերենով, այն ժարգոնով, որով խոսում էր բակում ու փողոցում` անկեղծորեն գրել էր մեզնից բաժանված օրերի զգացողությունների ու տպավորությունների մասին: Գրել էր, թե սնունդը շատ լավ է, ամեն օր մսով ճաշ են տալիս, պանիր, կարագ: Ամեն օր Երեւանից երթուղային տաքսի է գալիս անցնում, եւ կարող ենք իրեն նամակ ուղարկել՝ նույն օրը տեղ է հասնում: Հանդիպել էր մեր շենքի Հակոբին:

…Երեք շաբաթ անց զինվորական երդմնառության արարողությունն էր, եւ պատրաստվեցինք մեկնել տղայիս զորամաս: Դժվարը մեքենա ճարելն էր: Իմացանք, որ մեր շենքի Հովոյենք վերադարձել են, իսկ Հովոն «Նիվա» ուներ: Կինս բանակցել էր նրա կնոջ հետ, ապա` ամուսնու, վերջինս համաձայնել էր: Մնում էր, որ ես գնամ-խնդրեմ: Գնացի: Հովոն քոթոթի նման էր` կարճահասակ, գնդլիկ, թավ գանգրահեր ու հաստլիկ բեղերով: Պայմանավորվեցինք:

Երեք շաբաթ անց, գիշերվա ժամը 2-ին ես, կինս, երկու որդիներս նստեցինք Հովոյի «Նիվան»: Գիշերով ճանապարհ ընկանք, որպեսզի առավոտյան 9-ին լինեինք զորամասում:

Հովոն վարում էր շատ արագ, բայց շատ վարժ: Ճանապարհին հրաշալի ծանոթ էր: Երբ լույսը բացվեց` Սիսիանի ճանապարհին էինք: Ետեւի նստարանի վրա մերոնք քնած էին:

Հասանք լեռան գագաթին ծվարած վերջին գյուղին: Ամենուրեք ցածլիկ քարաշեն տներ էին, խոտի դեզեր, սագ, շուն, խորդուբորդ ցեխոտ փողոցներ, տեղ-տեղ դեռեւս չհալված ձյուն: Զարմանալի չէր. այստեղ տարվա յոթ-ութ ամիսը ձմեռ է:

Մինչեւ զորամաս 30 կմ էր, եւ դեռ չգիտեինք, որ դա ճանապարհի ամենադժվար հատվածն է: Սկսեցինք վայրէջքը:

Առաջին զարմանալի բանը, որ գրեթե անմիջապես զգացվեց, եղանակի փոփոխությունն էր, օրը տաքացավ, եւ տարածքը, ուր հայտնվեցինք, նման էր դրախտի: Ալպիական մարգագետիններ, բուսածածկ ծով կամ օվկիանոս:

Ճանապարհ, որպես այդպիսին, չկար (զարմանալի է, որ այստեղով ամեն օր երթուղային տաքսի էր անցնում), համատարած կանաչի միջով երկու անվահետք էր երեւում, եւ «Նիվան» քիթն իջեցրած դանդաղորեն առաջ էր ընթանում: Կես մարդաբոյ ծաղկազարդ, գույնզգույն խոտաբույսերն այնքան շատ էին ու տարատեսակ, որ մեքենայի բոլոր պատուհաններն իջեցրած, հմայված նայում էինք` մի՞թե հնարավոր է այդպիսի հրաշք:

Վերջապես հերթական բլրագլխից երեւացին ներքեւում փռված գյուղի տները: Մեքենայի շարժմանը զուգընթաց` համայնապատկերն ընդլայնվեց: Ներքեւում բացվեց անտառապատ սարերի արանքում ընկած երկարավուն հովիտը, որտեղով հոսում էր խելառ Որոտանը:

Զորամասը գետի ձախ ափին էր: Արդեն հեռվից նկատեցինք մեքենաների ու մարդկանց բազմություն եւ զարմացանք, որ առաջինը մենք չէինք:

Քիչ անց իրարանցում սկսվեց, խուլ աղմուկ, որից պարզ դարձավ, թե ներս են թողնում: Խառնվելով մարդկանց ամբոխին` դարպասից ներս մտանք: Տարածքը մաքուր էր ու կոկիկ: Հոսանքի հետ շարժվեցինք, անցանք բարեկարգ զորանոցների արանքով եւ կանգ առանք. զինվորները փակեցին ճանապարհը: Նրանցից այն կողմ ընդարձակ շարահրապարակն էր, որտեղ կազմուպատրաստ, կուռ շարքերով, նոր-նոր համազգեստներով եւ արեւի տակ պսպղացող կարճ սապոգներով կանգնած էին երկու գումարտակ զինվորներ: Մարդիկ փնտրում էին իրենց որդիներին: Կարենին շուտ նկատեցիք, քանի որ բարձրահասակ էր` առաջին վաշտում երկրորդն էր: Ինձ զարմացրեց տղայիս լուրջ տեսքը: Մեր երես տված, սիրո մեջ մեծացրած, ցրված երեխայից կարծես հետք չէր մնացել: Ավտոմատը պինդ սեղմել էր կրծքին, ուղիղ առաջն էր նայում եւ գլխարկի տակից աչքերը ծռած մեզ էր փնտրում: Երբ եղբայրների գոռոցների վրա ամբոխի մեջ նկատեց` լայն ժպտաց: Դա իմ որդու ժպիտն էր…

Բազմության ճանապարհը կտրած զինվորների շղթան ճնշմանը չդիմանալով, սկսեց տեղի տալ:

Մեծ շքախմբով եկավ գեներալը: Սպաները բարձրացան ցեմենտակուռ տրիբունայի վրա, արձակվեցին հրամաններ: Գումարտակները ձգվեցին, ու հնչեց պետական հիմնը.

Մեր Հայրենիք,

Ազատ, անկախ…

Նայելով երգող Կարենիս` աչքերս լցվեցին, արցունքները հոսեցին, եւ դեմքս շրջեցի, որպեսզի մերոնք չտեսնեն:

Գումարտակները խրոխտ քայլքով անցան տրիբունայի առջեւով, զգաստ կանգ առան: Շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասացին գեներալը, զորամասի հրամանատարը: Ապա սկսվեց բուն երդմնառության արարողությունը. զինակոչիկները հերթով մոտենում էին սեղաններին, վերցնում երդումի տեքստը, կարդում, ստորագրում ու տեղ զբաղեցնում շարքում` դառնալով նորակոչիկներ: Կարենիս կնքել էի երեք տարեկան հասակում. այն ժամանակ եկեղեցու քահանան ասաց, թե երեխան այսուհետեւ դարձավ քրիստոնյա հայ: Հիմա այդ մեծացած երեխան երդվեց ծառայել հայրենիքին ու պետությանը ու դարձավ հայ զինվոր…

Արարողությունը վերջապես ավարտվեց, եւ բազմությունն ու զինվորները միախառնվեցին: Ես, կինս, որդիներս գրկել էինք Կարենին:

Նորակոչիկների հետ տեսակցության համար հատկացրին երեք ժամ: Զորամասից դուրս եկանք: Մարդկանց խմբերը, յուրաքանչյուրն իր զինվորին առած, նստում էին ավտոմեքենաներ ու շարժվում:

Ես ու կինս նստեցինք «Նիվա», իսկ տղաները որոշեցին զրուցելով, ոտքով գալ: Հովոն «Նիվան» քշեց գետի ափ եւ այլ ընկերախմբերի արանքում մի հարմար տեղ գտնելով` կանգնեց: Ծածկոցները փռեցինք գետափի խոտածածկ ավազներին եւ պատրաստվեցինք խորոված անել: Մոտիկից Որոտանն ավելի ահարկու էր մռնչում:

Շարունակ լուսանկարվում էինք ու հարցուփորձ անում ծառայությունից: Կարենս մորը գրկած, ժպտալով ինչ-որ բան էր պատմում…

…Երեք ժամն աննկատ անցավ: Գետափին զինվորների հետ խնջույք անող մարդիկ սուփրաները հավաքեցին, եւ մեքենաները մեկը մյուսի ետեւից բռնեցին զորամասի ճամփան:

Հասանք դարպասի մոտ: Այստեղ համընդհանուր հրաժեշտի արարողություն էր. մարդիկ համբուրվում ու գրկախառնվում էին…

Հրաժեշտի պահը, այնուամենայնիվ, եկավ: Երբ Կարենին տվեցինք սպիտակեղենով եւ ուտելիքով տոպրակները, նայեց ու տեսավ, թե դրանց մեջ ինչ է. իր սիրած բաները` կոնֆետ, պեչենի, խտացրած կաթ, միրգ եւ էլի ուրիշ բաներ, հրաժարվեց, թե` ինչո՞ւ եք էս ամենը բերել, սրանցից մեզ ամեն օր տալիս են:

Ես հասկացա, որ որդիս տղամարդ է դառնում…

Կարենն ու ընկերները տոպրակները ձեռքներին մտան զորամասի դարպասից ներս: Հատեցին պատերազմի ու խաղաղության սահմանը…

«Նիվան» ճռնչալով ծանրորեն վեր էր բարձրանում: Հիմա անտրամադիր չէինք, բայց որքան հեռանում էինք, կարոտն այնքան մոտենում էր…

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

հատված «Հատուցման տարածք» վիպակից

Խորագիր՝ Պատմության էջերից


21/01/2022