Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՁմեռային զորակոչը շարունակվում է:

Կենտրոնական հավաքակայան են ժամանում զորակոչիկներին տեղափոխող հերթական ավտոբուսները:

Դիմավորող-ընդունող կետում մուտքագրում են զորակոչիկի տվյալները, հատկացնում թվապիտակներ, որից հետո՝ բուժզննում, հետո՝ ճաշարան, մանդատային հանձնաժողով, հետո՝ արդեն վիճակահանության սենյակում ամեն մեկն իր ձեռքով հանում է ապագա ծառայավայրի համարը…

Կենտրոնական հավաքակայանում ամեն ինչ հստակորեն կազմակերպված է՝ նորակոչիկների դիմավորում-ընդունումից մինչ ծառայավայր մեկնելը:

Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը զինվորացող տղաներին «Զինվորի աղոթագիրք» է նվիրում, հորդորում հանդուրժող, ներողամիտ լինել իրար հանդեպ և մեկմեկու թևութիկունք, մի բռունցք դարձած ծառայել. «Ազգը ձեզ է նայում, դուք եք ազգի հույսը: Թող Աստված օրհնի ձեզ, ձեր բազուկն է՛լ ավելի զորացնի»:

♦♦♦

ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀայաստան աշխարհի տարբեր անկյուններից են եկել տղաները, իրենց տարածաշրջանին բնորոշ խոսակցականի համուհոտով զրուցում են, կատակներ անում:

Ասում են՝ էական չէ, թե որտեղ կգնանք ծառայելու, ուր էլ գնանք, հայրենիքի մի անկյունն է, ամենակարեւորը՝ մեր հող ու ջուրն ենք պաշտպանելու, մեր ծնողներին, մեր սրբությունները…

Տղաներից շատերի մանկությունն անցել է կրակների տակ, կատակում են՝ մենք ծնված օրվանից ենք զինվոր. օրորոցային երգերից ավելի հաճախ ավտոմատի կրակահերթի ունկնդիրն ենք եղել. սահմանաբերանին՝ թշնամու անմիջական նշանառության տակ ապրող ամեն բնակիչ էլ սահմանապահ է, անժամկետ զինվոր….

Նարեկ Ստեփանյանը բանակ է զորակոչվել պոլիտեխնիկական համալսարանի առաջին կուրսից.

-Մերոնք արմատներով Ոսկեպարից են, մեր գյուղը թշնամին հաճախ է թիրախավորել, հիշում եմ՝ մթության մեջ ոնց էր կրակոցներից լուսավորվում շուրջբոլորը…

Սևակ Սահակյանն էլ Նոյեմբերյանից է, Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում է ուսանում:

ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Նոյեմբերյանի ուղղությամբ էլ թշնամին ինչ զինատեսակ ասես չի գործադրել, իմ հարազատներից շատերն են մասնակցել ինքնապաշտպանական կռիվներին, մայրական պապիս էլ 90-ականների սկզբին ադրբեջանցիները գերի էին տարել, տանջանքների ենթարկել, հետո բանակցությունների միջոցով ազատ են արձակել:

-Մեր ազգին դառը փորձություններով ճակատագիր է բաժին հասել, մեր պատմության որ էջն էլ թերթենք, անընդհատ կռիվներ են, կոտորած, ինքնապաշտպանական մարտեր,- զրույցին միանում է երևանցի Արթուր Մաճկալյանը,- չեն թողնում՝ հայն իր սեփական բնօրրանում հանգիստ սրտով ստեղծի, արարի, անընդհատ գոյապայքար է, կռվել են մեր պապերը, մեր հայրերը, մեր եղբայրները…

Արթուրի եղբայրը՝ Վահեն, 44- օրյա պատերազմի մասնակից է, «Եղնիկներում» է մարտնչել, ընկերներ կորցրել:

-Պատերազմը մեծ, աննկարագրելի մեծ կորուստներ պատճառեց, ցավ ու դառնություն,- լրացնում է բերդավանցի Արման Ղազարյանը,-տուն չկա, որ պատերազմի պատճառով հարազատ, բարեկամ կորցրած չլինի, մեր Բերդավանից էլ տղերք զոհվեցին…

-Մեր պապերը, հայրերը, մեր եղբայրները անձնվիրաբար կռվեցին, մաքառեցին, հիմա մեր հերթն է պաշտպանելու ու անառիկ պահելու հայրենիքը,- ասում են նորաթուխ զինվորները:

ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Հայկական դրոշը դարձյալ պիտի ծածանվի մեր տարածքներում,-մարզիկ Ալիկ Զարչյանի ամեն բառից հաստատակամություն է կաթում: Իջևանի Ազատամուտ գյուղից է Ալիկը, 11 տարի կարատեով է զբաղվել, Հայաստանի հնգակի չեմպիոն է, Եվրոպայում էլ 3-րդ տեղն է զբաղեցրել, բրոնզե մեդալակիր է:

Սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի կինեզիոլոգիայի ֆակուլտետում:

Ասում է՝ ծառայությունից հետո շարունակելու է կարատեով զբաղվել եւ վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձր է պահելու նաև միջազգային ասպարեզում:

Մեկը մարզիկ է, մեկը՝ երաժիշտ, մեկը՝ ապագա բժիշկ, ռեժիսոր, իրավաբան… Հիմա բոլորը զինվոր են, բանակ են եկել գրելու հայրենյաց պաշտպանի սեփական կենսագրությունը…

ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի և ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/01/2022