Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԻՏԻ ՓԱՅՓԱՅԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ



ՊԻՏԻ ՓԱՅՓԱՅԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆԷմիլյա Խաչիկյանը զինվորական է, ծառայում է զորամասի կապի բաժանմունքում: Նրա ամբողջ ընտանիքը՝ ամուսինը, երկու որդիները, ամուսնու եղբայրն ու քույրը 44-օրյա պատերազմը դիմավորեցին զինվորական համազգեստով: Ավագ որդին՝ Սպարտակ Մնացականյանը, 44 օր պայքարեց թշնամու դեմ կռվի ամենաթեժ կետերում, զոհվեց պատերազմի ավարտից ժամեր առաջ, անօդաչուի հարվածից:

 

-Էմիլյա, ինչպե՞ս է եղել, որ Ձեր ընտանիքում բոլորը զինվորականներ են:

-Մենք Մեղրիից ենք, Ագարակից: Ամուսինս՝ Լևոն Մնացականյանը, հրետանավոր է, փոխգնդապետի կոչում ունի: Երբ ծնվեց իմ առաջնեկը՝ Սպարտակը, ամուսինս դիվիզիոնի հրամանատար էր, ու միայն նա էր զինվորական մեր ընտանիքում: Նա առավոտից երեկո ծառայության մեջ էր, էլ չեմ խոսում գործուղումների մասին. շատ քիչ էր տանը լինում: Բայց ամուսնուս եղբայրը նույնպես ցանկացավ ծառայության անցնել զորամասում: Երևի նրան հրապուրեց զինվորականների բարձր հեղինակությունը հասարակության շրջանում, նրանց գործի կարևորությունը, այն հպարտությունը, որով զինվորականները կրում էին սեփական համազգեստը: Ամուսնուս եղբորը հետևեց նրանց քույրը…

Երբ քո ընտանիքում բոլորը զինվորականներ են, ունեն ընդհանուր հետաքրքրություններ, զրույցի ընդհանուր թեմաներ, ընդհանուր աշխարհ, ինքդ էլ ես ուզում միանալ նրանց, դառնալ նրանցից մեկը: Ու ես էլ որոշեցի ծառայության անցնել զորամասում:

-Իսկ երեխաներին ո՞վ էր խնամում:

-Երբ ես սկսեցի ծառայել, Սպարտակս 14 տարեկան էր, Հայկս՝ 12: Նրանք սովորեցին ինքնուրույն կյանքին. ոչ միայն ինքնուրույն պատրաստում էին դասերը, ինքնուրույն կազմակերպում էին իրենց կենցաղը, այլև պատահում էր՝ օրերով մենակ էին մնում, երբ ամուսինս գործուղման մեջ էր լինում, իսկ ես հերթապահում էի զորամասում: Զարմանալի է. տղաներս մենակ ավելի հաշտ ու միասնական էին, քան երբ ես ու ամուսինս տանն էինք: Մեր ներկայությամբ վեճերն անպակաս էին, իսկ երբ մենակ էին, դառնում էին զգոն, հավասարակշիռ, հոգատար ու պատասխանատու:

-Պիտի խնդրեմ, որ Սպարտակի մասին ավելի մանրամասն պատմեք:

ՊԻՏԻ ՓԱՅՓԱՅԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ-Ուսուցիչներն ասում էին, որ Սպարտակը դպրոցի հոգին է: Բացի այն, որ գերազանցիկ էր, նաեւ եռանդուն էր, նախաձեռնող: Տղաներն ասում էին, որ Սպարտակը շատ ընկերասեր է, նա առհասարակ մարդասեր էր: Մի ուրիշ սիրով էր օգնում մարդկանց. մեծ հոգեկան բավարարություն էր ստանում ուրիշների հոգսերը հոգալուց: Չափազանց ներողամիտ էր: Բոլոր բացասական հույզերը թողնում էր նախորդ օրվա մեջ ու նոր օրը դիմավորում էր լուսավոր հոգով… Չափազանց լավատես էր, նրա համար չկային վատ մարդիկ, միշտ ինչ-որ արդարացում գտնում ու ներում էր: Շատ էր սիրում կենդանիներին, իսկ շներին առանձնահատուկ կարեկցում էր:

Սպարտակը պարտաճանաչ էր: Նա բարոյականության մասին իր ամուր պատկերացումներն ուներ ու երբեք չէր շեղվում դրանցից անգամ ամենափոքր հարցերում: Օրինակ՝ միշտ դասի էր գնում 15 րոպե շուտ:

Սիրում էր պատմական ֆիլմեր դիտել: Սիրում էր երգել: Շատ հմուտ էր խոհանոցում, այնքան համեղ էր պատրաստում: Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, երազում էր դառնալ Եգիպտոսում Հայաստանի դեսպանը: …Մի ակնառու հատկանիշ էլ ուներ. ոչ մի բանից չէր վախենում: Հայկս զգուշավոր է, իսկ Սպարտակս այնպես էր ապրում, ասես՝ ապահովագրված էր բոլոր փորձանքներից: Ես շատ էի անհանգստանում նրա համար նույնիսկ խաղաղ ծառայության ժամանակ;

-Ինչպե՞ս էր անցնում Սպարտակի ծառայությունը նախքան պատերազմը:

-Սպարտակս սերժանտի կոչում էր ստացել, իր գիտելիքները ուսուցանում էր ավելի կրտսեր անձնակազմին: Սիրով ու պատասխանատվությամբ էր ծառայում: Բազմաթիվ խրախուսանքներ ուներ՝ «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ»: Հրամանատարներն ասում էին, որ նա օրինակելի զինվոր է: Հայրենիքին անձնվիրաբար ծառայելը Սպարտակի համար այնքան սովորական էր ու պարտադիր, որ երբ իրեն ցանկացել էին լեյտենանտի կոչում շնորհել, հրաժարվել էր: Զինվոր ընկերներն ասել էին՝ բա որ փոխգնդապետի տղա ես, ինչո՞ւ ես Մատաղիսում, ինչո՞ւ ավելի անվտանգ վայրում չես ծառայում…Սպարտակս ասել էր՝ փոխգնդապետի տղա եմ, դրա համար էլ պիտի վտանգավոր վայրում լինեմ: Նա պատվի իր ուրույն ըմբռնումն ուներ: Նրա համար դժվարությունները (մանավանդ՝ երբ դրանք բանակում էին, սահմանին) պատիվ էին, ոչ թե պատիժ:

…Երբ պատերազմն սկսվեց, արդեն Հայկս էլ էր զորակոչվել: Երկու որդիներս էլ մարտադաշտում էին: Սպարտակս հրետանավոր էր, Հայկս՝ սակրավոր: Սպարտակս սկզբում ասում էր՝ ամեն ինչ լավ է, կրակոցներ չկան: Հետո հասկացավ, որ անիմաստ է հորինելը, երբ արկերի պայթյունի ձայները լսվում են հեռախոսով: Բացի այդ, ես էլ, ամուսինս էլ լինելով զինվորականներ, հնարավորություն ունեինք իմանալու, թե ինչ է կատարվում սահմանի այս կամ այն հատվածում: Էդ ժամանակ էլ ասում էր՝ կոտորեցինք, հաղթեցինք:

-Էլի հորինո՞ւմ էր:

-Դե, եղել են հաղթական կռիվներ, բայց նաև հարկադրված են եղել նահանջել: Դժոխքի միջով են անցել տղաները՝ զոհեր, վիրավորներ: Մի անգամ Սպարտակս շատ անտրամադիր էր: Չասաց՝ ինչ էր պատահել, բայց անասելի տխուր էր: Մի ուրիշ անգամ էլ, երբ մեր ամբողջ խոսակցության ժամանակ ռումբերի ձայներ էին լսվում, ասաց՝ մա՛մ, ինձ Աստված է պաշտպանում, արկերն ու ռումբերը ինձնից այնքան հեռու են պայթում, որ ողջ մնամ: Բայց պահ առ պահ սպասում էր պատերազմի ավարտին:

Մի օր, երբ հասկացա, որ ուժերն անհամեմատ անհավասար են, ու թուրքերը վաղ թե ուշ գրավելու են այն տարածքը, որը որդիս ու իր ընկերներն էին պաշտպանում, ասացի՝ թողե՛ք դիրքը, հետ քաշվեք: Ապշեց, թե՝ մամ, հասկանում ես, չէ՞, որ հայրենիքի դավաճանության մասին ես խոսում: …Վերջերս ընկերները պատմում էին, թե ինչպիսի քաջությամբ է կռվել Սպարտակս Շուշիի մատույցներում, Քարինտակում…

-Իսկ Հայկը որտե՞ղ էր:

-Ջրականում: Ու հրաշքով էր փրկվել կողքին պայթած արկի բեկորներից: Իսկ Սպարտակս զոհվեց պատերազմի ավարտից ժամեր առաջ, «Բայրաքթարի» հարվածից, հոսպիտալի ճանապարհին:

-Դուք շարունակո՞ւմ եք ծառայել զորամասում:

-Ես էլ, ամուսինս էլ, ամուսնուս եղբայրն ու քույրն էլ շարունակում ենք ծառայել Հայրենիքին: Որքան էլ ցավս խորն ու անամոք լինի, ես հասկանում եմ, որ վտանգված Հայրենիքը պաշտպանելու պարտքը առաջին հերթին մեր որդիներինն է: Նրանք առաջին հերթին Հայրենիքի զավակներն են: Երբեմն փակում եմ աչքերս ու երազում՝ եթե չլիներ պատերազմը….Հազարավոր երազանքներ մնացին անկատար…

Եվ որպեսզի հայոց բարձրացող սերունդը կարողանա երազել սեփական հայրենիքում, որպեսզի Հայաստանը ապրի ու ապագա ունենա, եւ հանուն նրանց, ովքեր իրենց կյանքով ապրողներին երազելու իրավունք նվիրեցին, պիտի աչքի լույսի պես փայփայենք Հայաստանի ապագան…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #04 (1426) 11.04.2022 - 15.04.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


13/04/2022