Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՈՒՂԻՆ



ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՈՒՂԻՆ20-րդ դարավերջին անկախությամբ պսակված հայոց ազգային զարթոնքն անցավ ազատագրական պայքարի ճանապարհով: Թշնամու համար պահը պատեհ էր՝ Արցախը վերջնականապես կտրելու Մայր հայրենիքից, ջնջելու հայկական հետքերը մեր հինավուրց հողից, հայրենազրկելու արցախցիներին, եղեռնով սկսված 20-րդ դարը ավարտելու նոր եղեռնագործությամբ՝ պարտության խարանը անդառնալիորեն դաջելով մեր ճակատագրին: Պահը պատեհ էր, որովհետև երկրաշարժը ավերել էր երկիրը, տասնյակ հազարավոր մարդիկ հարազատներ էին կորցրել. վշտահար էին ու հուսահատ, մնացել էին անօթևան, երկիրը տնտեսական ճգնաժամի ճիրաններում էր, աշխատանք չկար, սովը, խավարը, ցուրտը մոլեգնում էին ամենուր… Բայց անկախ, ազատ ու արժանապատիվ հայրենիք ունենալու, հարազատ տունը սեփական ձեռքերով կառուցելու, սեփական կյանքով պաշտպանելու, պատմական Հայրենիքից թշնամու շունչը վերացնելու գաղափարն այնպես էր խանդավառել մարդկանց, որ նրանք պատրաստ էին զոհել ամենաթանկը՝ այդ մեծ երազանքն իրականացնելու համար: Առաջինը զենք վերցրին կամավորականները՝ մեր ազգի սերուցքը: Նրանք երկրի բոլոր անկյուններից գնացին սահման՝ դառնալով կենդանի վահան մեր հողը մտած թշնամու առջև: Նրանք ազգային բանակի ավետաբերներն էին: Հենց նրանք էին, որ ֆիդայական խմբերից դարձան դասակ, վաշտ ու գումարտակ, պարտիզանական պատերազմից անցան մարտավարական պայքարի՝ նորակազմ բանակի հիմքերը շաղախելով հայրենասիրությամբ ու քաջությամբ, նվիրումով ու արժանապատվությամբ: Այնուհետև կամավորականներին միացավ հայ կադրային զինվորականների սերուցքը: Թողնելով ապահով կյանքն ու հանգիստ ծառայությունը Խորհրդային Միության տարբեր երկրներում՝ հայազգի զինվորականները վերադարձան վտանգված հայրենիք՝ կառուցելու սեփական բանակն ու իրենց բաժին կռիվը տալու երկրի սահմաններին:

Ազգային բանակի առաջին զինակոչը մարտակոչ էր, հայրենիքը կյանքով պաշտպանելու հրամայական: Բանակը ծնվեց բառացիրոեն պատերազմի բոցերում: Հայկական բանակի առաջին սպաների մի ոտքը խրամատում էր, մյուսը՝ այնտեղ, որտեղ կազմավորվում էին բանակի առաջին ստորաբաժանումները, կառուցվում ու նորոգվում էին զորանոցները, գրվում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին հայատառ փաստաթղթերը, զորակոչ էին կազմակերպում, զինվորի համար հաց ու կոշիկ հայթայթում, միաժամանակ ազատագրում էին մեր գերեվար պատմական հայրենիքը թշնամուց: Մեր ժողովուրդը բանակին տվեց ամենը, ինչ կարող էր: Մեր զոհողություններն ու զրկանքները դարձան զենք՝ զինվորի ձեռքին, ճաշ՝ զինվորի սեղանին, սաղավարտ ու անկողին, զրահաբաճկոն ու փամփուշտ… Ժողովուրդը դիմացավ թիկունքում, զինվորը հաղթեց սահմանին:

Բանակ կերտելու մեր կորստաշատ ուղին նաև «Եռաբլուրով» անցավ: Արցախյան պատերազմի հաղթանակը մեզ ոչ միայն ազատ հայրենիք, այլև Փառքի պանթեոն տվեց ու ազդարարեց Բանակաշինություն անունով մի նոր պայքարի սկիզբ, որը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր պատերազմական նվաճումները պաշտպանելու ու դժվարին հաղթանակը ամրագրելու համար: Մենք գիտեինք, որ զրոյից սկսելը բնավ էլ դատավճիռ չէ, մանավանդ, երբ արդեն հաղթել ես քո առաջին կռիվը, երբ հավատարիմ ես այն նվիրական գաղափարին, որի շուրջ համախմբվել էր ամբողջ հայ ազգը՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, միասիրտ ու միակամ լծվել բանակաշինության գործին:

Մենք անհավատալի արագ անցանք բանակաշինության առաջին փուլը: Բանակի կադրային համալրումը՝ երեք ակունքից՝ Արցախյան ազատամարտի կամավորականներից, կադրային զինվորականներից ու քաղաքացիներից, և այս երեքի սահուն միաձուլումը բանակի կազմավորման առաջին փուլի ամենաակնառու ձեռքբերումներից էր: Հաջորդը զորանոցաշինությունն էր, զինվորի կենցաղային պայմանների բարելավումը, որն անընդհատ ու տքնաջան աշխատանք էր և շարունակվում է մինչ օրս: Զուգահեռաբար, ձևավորվում էր բանակի օրենսդրությունը. կարգավորվում էին ներքին իրավահարաբերությունները՝ կանոնավոր բանակի բովանդակությամբ ու մեթոդներով:

Բանակաշինության հաջորդ փուլը ամենաերկարն էր ու ամենադժվարը: Այն կարելի է անվանել նաև կատարելագործման շրջան, երբ վերազինվում էր առաջնագիծը, զուգահեռաբար բանակը համալրվում էր արտերկրում և Հայաստանի ռազմական կրթօջախներում ուսանած կադրերով, որոնք բերում էին արհեստավարժության նոր որակ, նոր մտածելակերպ ու աշխատաոճ՝ մերժելով ինքնագործունեությունն ու հաստատելով կանոնադրային հարաբերությունների նոր մակարդակ:

2016 թ. քառօրյա պատերազմը սեփական ուժերը վերաարժևորելու և հակառակորդի հնարավորությունները վերագնահատելու առիթ էր, որն ի ցույց դրեց ինչպես մեր առավելություններն ու ձեռքբերումները, այնպես էլ բացթողումներն ու թերությունները, հակամարտող կողմերի ուժերի նոր հարաբերակցությունը: Ապրիլյան պատերազմը հուշեց, որ պետք է ակտիվացնել բանակի արդիականացման տեմպերը, ձևավորել առավել արագաշարժ ու ճկուն զորքեր, զինված ուժերը համալրել 21-րդ դարի բանակներին հարիր սպառազինությամբ, բարեփոխել առաջնագծի կահավորումը… Սակայն 44-օրյա պատերազմը ընդհատեց բանակի խաղաղ զարգացման ընթացքը: Ադրբեջանաթուրքական ստորաբաժանումները հարձակվեցին մեր հայրենիքի վրա՝ հայկական բանակի դեմ հանելով իրենց ամբողջ առաջատար զինանոցը, թիկունքին ունենալով մի շարք հզոր ռազմական տերությունների բացահայտ աջակցությունը և չխորշելով անգամ հազարավոր վարձկանների ծառայություններից: Թեև ուժերի բացարձակ անհավասարությանը, այդուամենայնիվ, հայ զինվորն ու սպան թշնամու դեմ կռվեցին անհավանական քաջությամբ ու նվիրումով… Այս պատերազմում մենք ունեցանք մարդկային ու տարածքային ցավալի կորուստներ, սակայն մեր ժողովրդի ու բանակի միասնական կամքի, անձնուրաց հայրենասիրության ու անհավանական խիզախության շնորհիվ թուրք-ադրբեջանական ահաբեկչական բանակը չկարողացավ ավարտին հասցնել իր զավթողական ծրագիրը՝ վերացնել Արցախի Հանրապետությունը: Այս պատերազմը նաև յուրօրինակ հերոսապատում էր հազարավոր  հայորդիների, որոնց սխրանքները դարերով են մնալու մեր ժողովրդի հիշողության մեջ՝ որպես Հայրենիքին անմնացորդ նվիրումի բացառիկ օրինակներ։

Այսօր բանակաշինությունը թևակոխել է մի նոր փուլ, որի ընթացքում պիտի լուծվեն բանակաշինության՝ նախորդ փուլերում թույլ տրված սխալները վեր հանելու, դրանք շտկելու, կորուստները վերականգնելու և հայկական նոր՝ 21-րդ դարի բոլոր պահանջներին համապատասխան  բանակի ձևավորման կարևորագույն խնդիրները։ Բանակ, որը կլինի մեր ժողովրդի անվտանգության ու մեր համազգային երազանքների իրականացման երաշխավորը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #02 (1424) 29.03.2022 - 01.04.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/01/2022