Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՄ ԿՏԱՎՈՒՄ ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՆ Է ՊԱՏԿԵՐՎԱԾ»



«ԻՄ ԿՏԱՎՈՒՄ ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏՆ Է ՊԱՏԿԵՐՎԱԾ»Ժասմինա Հովսեփյանը 11 տարեկան է: Չորս տարեկանից Նոր Նորքի մշակույթի կենտրոնում հաճախել է նկարչության դասերի, այժմ էլ սովորում է նույն կենտրոնի ակադեմիական դասարանում։ Ժասմինան ասում է, որ նկարչության հանդեպ սերը և նկարչուհի դառնալու ցանկությունը արթնացրել է փոքր մորաքույրը՝ Գայանեն, որը արվեստաբան-նկարչուհի է։ Ժասմինան շնորհակալ է նաև Խաչիկ պապիկին, որը մշտապես եղել է իր կողքին ու քաջալերել։

11 տարեկան Ժասմինան հասցրել է մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների և մրցույթների՝ արժանանալով մրցանակների և պատվոգրերի։

Նա «Ֆրանսիական շունչը Հայաստանում» խորագրով պլաստիկ արվեստների մրցույթում գրավել է 1-ին պատվավոր տեղը։ Իսկ «Ֆրանսիական գրականության և անիմացիայի հերոսներն՝ իմ ստեղծագործություններում» խորագրով պլաստիկ արվեստների մրցույթում ներկայացրել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործությունը և գրավել 1-ին տեղը՝ գրանցելով կրկնակի հաղթանակ։

Գերմանիայի Միջազգային պատանեկան գրադարանի և «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի կազմակերպած միջազգային նկարչական առցանց ցուցահանդեսին մասնակցած 30 հայաստանցիների նկարներից ընտրվեցին չորսը, այդ թվում՝ Ժասմինայի ինքնանկարը: Ժասմինայի ստեղծագործությունը կազմակերպիչների որոշմամբ 2021 թ. մասնակցեց Գերմանիայում բացված ցուցահանդեսին, այնուհետև ցուցադրվեց աշխարհով «ճանապարհորդող ցուցահանդեսին»։

Ժասմինան մասնակցել է «Alma_Mater-8» նկարչական մրցույթին, որի ժյուրիի կազմում աշխարհի տարբեր երկրների նկարիչներ էին։ Մրցույթին մասնակցում էր 37.000 նկար։ Ժասմինայի աշխատանքն ընդգրկվեց 10 լավագույն նկարների ցանկում և արժանացավ հատուկ մրցանակի:

Բայց Ժասմինայի համար ամենահուզիչ ձեռքբերումներից էր հայ հերոս զինվորներին նվիրված «Արտ-Մյուզիք» արվեստի միջազգային 12-րդ մրցույթ-փառատոնը, որտեղ ներկայացրել էր «Հայ զինվոր» խորագրով ստեղծագործությունը և արժանացել 1-ին մրցանակի։

Փոքրիկ Ժասմինան այսպես է մեկնաբանում իր նկարը.

-«Կտավում, որպես կենտրոնական կերպար, պատկերված է 44-օրյա հերոսական պայքարի խորհրդանիշներից մեկը՝ զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը: Նրա կողքին երեխաներ են՝ ձեռքերը պարզած դեպի աղավնիներն ու արևը՝ դեպի խաղաղությունն ու երջանիկ ապագան: Կտավում պատկերված են նաև Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ու թավջութակահարը՝ որպես մեր հավատքի ու մշակույթի խորհրդանիշներ: Իմ կտավում գալիք հաղթանակի հավատն է պատկերված։

Ժասմինան բանակային թեմայով ունի ևս մեկ նկար։ Այնտեղ պատկերված է իր մայոր մայրիկը՝ ավտոմատը ձեռքին: Նա այդ կտավը նկարել է, երբ մայրիկը 2020 թ. առաջին տեղը գրավեց հրաձգության մրցույթում:

Ժասմինան երազում է, որ աշխարհում չլինեն պատերազմներ, որ Հայաստանը հզոր լինի ու պաշտպանված: Նաև երազում է դառնալ մեծ նկարչուհի, շրջել աշխարհով մեկ, ամենուր ասել, որ ինքը հայ է ու պատիվ բերել Հայաստանին իր վրձնած կտավներով։

Ամռանը բացվելու է Ժասմինայի անհատական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում: Նա այդ իրադարձությանը սպասում է սրտի թրթիռով ու անհամբերությամբ:

Գ.Պ.

Խորագիր՝ #06 (1428) 20.04.2022 - 26.04.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ


04/02/2022