ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄ ՉԵՆՔ ՆԿԱՏՈՒՄ
Զրույց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի ադրբեջաներենի դասախոս, ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանի հետ:
–44-օրյա պատերազմից հետո յուրահատուկ հարաբերություններ են ստեղծվել երկար տարիներ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդրի շուրջ հակամարտության մեջ գտնվող հայկական և ադրբեջանական պետությունների միջև: Այժմ փորձ է արվում պատերազմում որոշակի հաջողության հասած կամ իր նպատակներին հասած Ադրբեջանի հետ դիվանագիտական ճանապարհով խաղաղության ընդունելի տարբերակների մասին խոսել և համապատասխան որոշումներ ընդունել: Այս առումով շատ կարևոր է հասկանալ Ադրբեջանի մոտեցումը, պաշտոնական և հասարակական տրամադրվածությունը խաղաղության եզրերի որոնման գործընթացին: Դուք մշտապես հետևում եք ադրբեջանական լրահոսին: Ի՞նչ ազդակներ են մեզ հասնում Ադրբեջանի՝ հիմնականում սուղ տեղեկատվական հոսքերից:
-Ցավոք, պետք է նշել, որ տարիներ շարունակ Ադրբեջանում բավականին համակարգված բնույթ է կրել հակահայկական քարոզչությունը: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ձևավորվեց անկախ Ադրբեջանի Հանրապետությունը, այդ երկրում առաջին հերթին վերածնվեց արմենոֆոբիան՝ հայատյացությունը, որը բավականին խորը արմատներ ունի: Խորհրդային Միության տարիներին այն, բնականաբար, չէր վերացել, կարելի է ասել, թմբիրի մեջ էր: Եղած կաղապարներն էին պարտադրում: Իսկ առաջին Արցախյան պատերազմի ընթացքում և հատկապես պատերազմից հետո, երբ Ադրբեջանը պարտություն կրեց, անմիջապես սկսեց համակարգված հակահայկական քարոզչական քաղաքականություն մշակվել Հայաստան պետության և առհասարակ հայության հանդեպ: Բնական է, որ դա պետք է լիներ արտաքին քաղաքականության ուղենիշը ու նաև տարածվեր ներքին լսարանի վրա: Մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք արել այդ խնդիրների վերաբերյալ և տեսնում ենք մի կարևոր բան, որ երկրի նախագահից ու պետական պաշտոնյաներից սկսած մինչև շարքային անհատի մեջ նստած է նույն գաղափարախոսությունը և ընկալումը: Առհասարակ, կարող ենք ասել, որ ադրբեջանական բազմազգ, էթնիկական տարբեր խմբերից բաղկացած հասարակությունը համախմբվում է հակահայկականության հիմքի վրա: Հաջողվել է այս գաղափարի շուրջ համախմբել նաև տեղաբնիկ ժողովուրդներին: Եվ չնայած բազմաթիվ հակասություններին և անկախ խտրական վերաբերմունքից, որ մշտապես կիրարկվել է այս ժողովուրդների հանդեպ (օրինակ՝ զինվորական ծառայության առումով միշտ առաջնագծում կանգնած են եղել հենց ոչ թյուրք, տեղաբնիկ զինծառայողները), նրանց շրջանում մի այսպիսի գաղափար է ձևավորվել. «Մենք ծագումով թալիշ ենք, լեզգի ենք և այլն, այսինքն՝ թյուրքական էթնիկական պատկանելություն չունենք, բայց մենք բոլորս պայքարում ենք ընդհանուր հայրենիքի համար»:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք այժմ այսպիսի մի խնդրի հետ ենք բախվում. 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո հայատյացության վերաձևափոխում ենք տեսնում՝ ավելի ուժեղ երանգներով: Այսինքն՝ եթե ակնկալվում էր, որ պատերազմից հետո որոշակի լիցքաթափում տեղի կունենա հակամարտող կողմերի հարաբերությունում, ապա չենք տեսնում այդ տրամադրվածությունը և ազդակները այդ երկրից: Ես ինքս պատերազմն սկսվելու օրից ուսումնասիրում եմ այդ երկրի նախագահի բոլոր ելույթները: Եթե պատերազմի օրերին ինչ-որ չափով տրամաբանական համարվեին նրա սուր, բայց երկրի նախագահին ոչ վայել արտահայտությունները, ապա դրանից հետո արած հակահայ հայտարարությունները չեն խոսում այն մասին, որ թշնամանքը որոշակիորեն լիցքաթափվել է: Խոսքն այստեղ ոչ միայն թշնամի երկրների մասին է, որ ընդհանուր կոնֆլիկտ ունեն և միասին փորձում են լուծել այն, այլեւ այն, որ մենք գործ ունենք հայատյաց ղեկավարի հետ: Սպառնալիքները, որոնք պարբերաբար հնչեցնում էր Ալիևը պատերազմի օրերին և շարունակում է մինչև օրս, ուղղված են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլեւ հայ ժողովրդին և պարունակում են նաև ֆիզիկական ոչնչացման սպառնալիք: Անդրադառնամ Իլհամ Ալիևի վերջին ելույթներից մեկին. նույն այս շեշտադրումները կան նաև այս տարվա հունվարի 30-ին Գանձակում հնչեցրած նրա հայտարարություններում: Բացվում էր պատերազմում զոհվածներին և տուժածներին նվիրված հիշատակի հուշահամալիրը: Այդ հուշահամալիրի բնույթն ինքնին շատ հետաքրքիր է: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ այդ տարածքում ավերածությունները չեն վերացվելու: «Մենք չենք վերանորոգելու շենքերը: Մենք այսօր հայտարարում ենք, որ հանուն տարածաշրջանի կայունության պատրաստ ենք այդ երկրի հետ խաղաղության պայմանագիր կնքել, բայց երբեք չպետք է մոռանանք հայկական վայրագության մասին, և սա միշտ պետք է լինի մեր սերունդների աչքի առաջ: Այդ համատեքստում նաև Խոջալուի ցեղասպանությունը պետք է անպայման շեշտենք, նրանց ցեղասպան գործիչներին»: Մինչդեռ, բացի սումգայիթյան ցեղասպանական գործողություններից, 44-օրյա պատերազմի ընթացքում օրեր շարունակ բոլոր արգելված զինատեսակներից ռմբահարվում էր Ստեփանակերտը… Անգամ ծննդատունը ռմբահարվեց: Զոհեր ու վիրավորներ եղան խաղաղ բնակչության շրջանում…
Եվ վերջապես քարոզչական առումով ամենակարևոր շեշտադրումը Ալիևը արեց հունվարի 28-ին՝ մեր բանակի 30-ամյակի կապակցությամբ. նա բնականաբար անդրադարձավ այդ օրվան և ինչպես պարբերաբար ասում է, այս անգամ էլ նշեց, որ հայկական բանակն իրենից ներկայացնում է ֆաշիստական, ահաբեկչական խմբավորում, որը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այլ նաև տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը: Եվ վերահաստատեց այն միտքը, որ եթե իրենք որևէ սպառնալիք զգան, ապա անպայման այդ սպառնալիքը կվերացնեն: Այս առումով պատահական չէ նաև այս պատերազմի կարգախոսը: Ալիևը պատերազմի ժամանակ իր ելույթներից մեկում նշեց «երկաթե բռունցք» արտահայտությունը. «Մեր երկաթե բռունցքը կիջնի հայերի գլխին»: Այս արտահայտությունը ֆետիշացվեց, դարձավ կարգախոս և իր խոսքում նորից ու նորից շեշտում է, լրատվամիջոցների միջոցով հասարակության մեջ է տարածում: «Մենք պահում ենք մեր երկաթե բռունցքը և ցանկացած պահի պատրաստ ենք այն գործադրել»: Բոլորովին պատահական չէր, որ անդրադարձավ նաև Գարեգին Նժդեհի կերպարին և նշեց, որ Հայաստանում «ֆաշիստները հերոսացվում են»: Ֆաշիստները չեն կարող լինել լավը կամ վատը. չեն կարող լինել հերոս: Եվ այս հայեցակարգից բխեցրեց իրենց քարոզչական արկը. եթե այդ երկրում նման գործիչները հերոսացվում են, ուրեմն մենք գործ ունենք ահաբեկիչ պետության հետ: Ալիևն այդ օրը «զարգացրեց իր տեսությունը» և «աշխատեց» նաև միջազգային լսարանի համար. կոչ արեց «ուշադիր լինել և թույլ չտալ, որպեսզի «ահաբեկչական» հայկական բանակը «վերակազմավորվի և գլուխ բարձրացնի»: Համենայն դեպս, իր անունից նշեց, որ թույլ չի տալու: Սա, բնականաբար, սպառնալիք է առաջին հերթին հայ ժողովրդի գոյությանը, որովհետև մենք այս տարածաշրջանում՝ մեր բնիկ տարածքում, հենց թյուրքերի դեմ վարել ենք գոյաբանական պայքար: Եվ այդ գոյությունն ապահովողը եղել է հենց մեր բանակը: Արցախյան ազատամարտից հետո բազմիցս լսում էինք Ալիևի ռազմատենչ հայտարարությունները: Ի վերջո, նա օգտագործեց հարմար պահը:
Մի կարևոր հանգամանք կուզեմ շեշտել, որ Ալիևի համար վերջին պատերազմը նաև փրկօղակ էր, որին ինքը դիմեց: Դրանից առաջ ներքաղաքական բազում խնդիրներով ծանրաբեռնված Ադրբեջանում բոլորն էին խոսում ալիևյան կլանի, այսպես ասած, մոտալուտ վերջի մասին: Նա շատ լավ էր հասկանում, որ իր իշխանությունը պահելն արդեն խնդիր է դառնում: Դժգոհությունները հասարակության մեջ, բնականաբար, հիմնականում սոցիալական էին: Շատ էր խոսվում, որ ալիևյան կլանը սեփականացնում է պետական բյուջեի մինչև 70 տոկոսը, և երկրում տիրում է ծայրահեղ աղքատություն: «Մենք պատրաստվում ենք պատերազմի»,- սա էր պատասխանը ժողովրդին: Չպետք է մոռանալ նաև, որ Ադրբեջանը դասական բռնապետական պետություն է՝ խոսքի և մամուլի ազատության լիարժեք բացակայությամբ: Ընդդիմադիր հայացքներ ունեցող անհատներն ու գործիչները անձնական ազատությունից զրկվելուց մինչև ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի առջև են կանգնած, և այս ամենը, բնականաբար, մի օր պետք է պայթեր: Երբ վիճակը գրեթե օրհասական էր ալիևյան կլանի համար, նրանք արագ հասունացրին պատերազմը: Թուրքիայի համար էլ նպաստավոր պահ էր իր քաղաքական ու ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում ապահովելու համար: Այս պատերազմում պարտությունը ալիևյան կլանի համար լուրջ խնդիր կարող էր լինել: Հիմա, իհարկե, այդ բռնատիրական կարգերն ավելի են ուժեղացվել: Ընդդիմադիր գործիչներին է՛լ ավելի մեծ ուժով ու եռանդով են լռեցնում: Սակայն հաղթանակը հասարակության լայն շերտերին ստիպեց ընդունել Ալիևի «հերոսական» կերպարը: Ալիևի նոր, ակտիվորեն շրջանառվող բնորոշումն է «հաղթանակած նախագահը»:
Բնականաբար, պատերազմը թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական առումով ծանրագույն հետևանքներ է ունեցել երկրի համար: Խնդիրներ կան կապված նրանց զոհվածների և անհետ կորածների հետ: Տպավորություն են ստեղծել, թե իրենց վիրավորներն ամենալավ բուժումն են ստանում, բայց շատ են բողոքները հատկապես հասարակության ցածր խավերի շրջանում:
Ներկայումս երկրում ճգնաժամ է ստեղծվել ինչպես համավարակով, այնպես էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, որն աննախադեպ գնաճի պատճառ է դարձել: Հիմա էլ ասում են՝ «մենք պատերազմով ենք անցել»:
Շատերը համոզված են, որ մի քանի տարի հետո կարող է պարզվել, որ սա ոչ թե հաղթանակ էր, այլ հաղթանակի միֆ, անգամ պարտություն: Նրանց հասարակությունն սպասում էր, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքն է անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ: Խորանում են հատկապես հակառուսական տրամադրությունները: Ալիևին մեղադրում են Ռուսաստանի հետ համագործակցության գնալու և դիվանագիտական դաշտում պարտվելու մեջ:
–Իսկ ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը երկու երկրների միջև խաղաղության գործընթացին:
-Ադրբեջանական հասարակության լայն շերտերը այն նույնպես չեն ընդունում, քանի որ հասարակությունը պատրաստ չէ խաղաղության պայմանագրին:
Ի դեպ, հունվարի 30-ից առաջ արած հայտարարության մեջ Ալիևը նշեց, որ խաղաղության պայմանագիրը եթե ստորագրվի էլ, ապա դա Հայաստանի համար զուտ թուղթ է լինելու, և իրենք խաղաղություն չեն ակնկալում Հայաստանից: Ասաց, որ ցանկացած պարագայում իրենք պատրաստ են ռազմական ուժ գործադրելու:
–Իսկ իրենց՝ Հայաստանի սուվերեն տարածքում լինելն ինչպե՞ս են մեկնաբանում հատկապես միջազգային հանրության առջև:
-Հղում են անում իրենց իսկ ստեղծած պատմությանը: Պատահական չէր պատերազմից հետո Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը: Ստեղծեցին վարչական երկու միավոր՝ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր: Ալիևը բառացիորեն ասաց հետևյալը. «Կա նաև Արևմտյան Զանգեզուր, որը Հայաստանի ժամանակավոր օկուպացիայի տակ է: Մենք մի օր անպայման այնտեղ գնալու ենք, և հենց այդտեղով էլ անցնելու է միջանցքը, որը մեզ կապելու է մեր եղբայր ժողովրդի հետ»: Իր հասարակությանը և միջազգային լրատվամիջոցներին ուղղված նրա ելույթները տարբեր են: Երբ միջազգային լրատվականները հարց են տալիս. «Դուք հայտարարել եք, որ, օրինակ, Երևանը ձերն է, ի՞նչ ի նկատի ունեք՝ Հայաստանից տարածքային պահանջնե՞ր ունեք»: Ասում է. «Ո՛չ, ես այդպես չեմ ասել. ես պահանջներ չեմ ներկայացրել: Բայց ես չեմ կարող անտեսել իմ երկրի պատմությունը և չասել, որ, այնուամենայնիվ, դա ադրբեջանական հող է: Երևանի խանության մասն է: Ե՛վ Սևանը, Եղեգնաձորը, Սյունիքը և այլն, նույնպես պատմական Ադրբեջանի մասն են»: Այս ուղղությամբ արված քայլ էր նաև հայկական տեղանունների օգտագործման արգելումը: Իր ելույթներից մեկում նա ասաց. «Բոլոր մեր լրատվամիջոցներին հորդորում եմ չգրել՝ Վարդենիս: Դա Բասարգեչարն է: Եվ ընդհանրապես այս տարածքների տեղանունները ճի՛շտ գրեք»:
–Հայտնի փաստ է, որ հատկապես ներկայիս պատերազմների առիթը հենց ջրային ռեսուրսներն են լինում: Արդյո՞ք Ալիևը իրենց կեղծ պատմությանը հղում անելով, հող չի նախապատրաստում տարածաշրջանում խմելու ջրի ամենամեծ ավազանը սեփականացնելու իր ջանքերը հիմնավորելու համար:
-Այո՛, անշուշտ: Եվ սա, իհարկե, սպառնալիք է ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականությանը: Պատահական չէ, որ երբ պատերազմն սկսվեց, երկու երկրների հասարակական, քաղաքական գործիչներն այն որակեցին Հայրենական պատերազմ: Այսինքն՝ այժմ էլ, ինչպես միշտ, մենք գոյաբանական խնդրի առջև ենք կանգնած և պետք է շատ լուրջ արձագանք տանք թշնամու նկրտումներին:
–Թե Ալիևն ինչ ասաց, թերևս նույնիսկ պետք չէ քննարկել: Մենք ինչպե՞ս ենք պատասխանում այս բոլոր հերյուրանքներին:
-Մենք ունենք այս բոլոր կեղծ օրակարգերի և «պատմական փաստերի» մանրամասն և անբեկանելի հակափաստարկները՝ լրջագույն ուսումնասիրություններ փաստագրական բազում տվյալներով: Տվյալներ կան «ցեղասպանություն» դարձած «Խոջալուի» վերաբերյալ, որը նրանք հմտորեն օգտագործում են հայերի ցեղասպանության պատմական փաստը միջազգային հանրության աչքին «չեզոքացնելու» և սեփական հասարակության մեջ հայերի հանդեպ ատելություն սերմանելու նպատակով: Եթե անդրադառնում ենք պատմությանը, ինչպես փորձում է անել Ալիևը, ապա մենք լրջագույն ապացույցներ ունենք, որ հենց նույն Ադրբեջանի տարածքն է մեր պատմական Հայրենիքը: Այդ երկրում հայկական հազարամյակների պատմական հետք կա, որն, իհարկե, հետևողականորեն վերացվում է: Այսինքն՝ գիտական մակարդակով բոլոր հակափաստարկներն էլ առկա են: Ադրբեջանական դպրոցներում միջին՝ 5-6-րդ դասարանների պատմության դասագրքերում Հայաստանի բոլոր մարզերը ներկայացված են որպես Ադրբեջանի պատմական տարածք: Ադրբեջաներենի միջին դասարանների դասագրքերից մեկում հանդիպել եմ մի տեքստի՝ «Վրեժ» վերնագրով: Այստեղ ներկայացվում է «Հայի կերպարը»՝ բոլոր «վատ հատկանիշներով՝ գող, մարդասպան», և տեքստի բառացի կոչը՝ «ադրբեջանցին պետք է վրեժ լուծի հայերից»: Այս առումով հատկապես հագեցած են մանկագրությունը, հեքիաթները: Դրական հերոսը միշտ ադրբեջանցին է, բացասականը՝ դևը, վիշապը՝ հայը: Հեքիաթներից մեկի հերոսուհին հայուհի Սիրանույշն է: Ադրբեջանցի տղան ազնիվ մղումներով սիրահարվում է աղջկան, իսկ աղջիկը դավադրություն է պատրաստում, որ սպանի նրան: Այսպիսի փաստերը շատ են: Վերջերս թվիթերում տարածվեցին նաև նյութեր, որոնցում ադրբեջանցի երեխաները մանկապարտեզներում պարում են հայկական դրոշի վրա: Կամ հանդեսներին երեխաները հայ պաշտոնյաների դիմակներով են հանդես գալիս նվաստացնող դերերով: Մեր մանկապարտեզներում երբևէ նման բանի հնարավո՞ր է հանդիպել: Կամ Արցախյան պատերազմից հետո ադրբեջանցի ժողովրդի հանդեպ նման տրամադրությունների գեներացում ե՞րբ է եղել: Նրանք մեծ հաջողության են հասել «Խոջալուի դեպքերի» քարոզչության առումով: Սա շատ կարևոր քարոզչական արկ է հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստերի դեմ, ինչպես Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. իրականացված, այնպես էլ Արցախյան պատերազմից առաջ Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերի փաստերին հակադարձելու համար: Երբ 44-օրյա պատերազմից հետո ուսումնասիրում էինք այն տեսանյութերը, որոնցում զինվորականները խոշտանգում էին հայ զինծառայողների մարմինները կամ զինվորի ու քաղաքացիական անձի սպանություն իրականացնում, հենց տեսագրության մեջ ասում էին. «Ես անում եմ այն, ինչ դուք արել եք Խոջալուում»: «Դուք մեր հայրենակիցներին սպանել եք՝ կտրելով ականջը, ձեռքը, հիմա ես քեզ հետ նույնն եմ անում»: Հատկանշական է, որ 44-օրյա պատերազմում այդպիսի խոշտանգումներ են կատարել ոչ միայն հատուկ նշանակության զորքերի ծառայողները, այլ նաև հասարակ ժամկետայինները: Այսինքն՝ նրանք իրենց դպրոցում քարոզած վրեժի հիմքով էին եկել: Ալիևը իր ելույթներից մեկում նշեց, որ երբ ինքը 2003 թ. դարձավ նախագահ, այն շարքային զինվորները, որ կռվեցին պատերազմում, նոր էին ծնվում, բայց իրենք կարողացել են պատերազմը չտեսած սերնդին սնել թշնամու նկատմամբ ատելությամբ:
Հակահայկական տրամադրություններ են տարածում մասնավորապես մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչները: Սա նույնպես մտահոգիչ փաստ է, քանի որ հենց այս մարդկանց է վերապահված հասարակական կարծիքի ձևավորման գործառույթը: Ինչպե՞ս մեկնաբանել, օրինակ, ադրբեջանցի մշակութային գործիչ Վահիդ Ազիզի կոչերը. «Հայերը բացի քաոսից ոչ մի բան չեն կարող ստեղծել: Հայերը մարդասպաններ են, Հայաստանը՝ ահաբեկիչ երկիր, և գերիներին, գերեվարվող հայերին անմիջապես պետք է տեղնուտեղը սպանել՝ գլխատելով»:
Երբ ուսումնասիրում էինք վերջին պատերազմի ընթացքում տեղ գտած խոշտանգումները, հանդիպել ենք նաև զուտ իսլամական բնույթի խոշտանգումների: Օրինակ՝ թլպատման դեպքերի: Այս մասին մեր տարածած հայտարարություններին ի պատասխան ասում էին. «Այո՛, իսլամացումը մեր սրբազան պատերազմի անբաժան մասն է, բայց հայերի հանդեպ իսլամացման պարտադրանքը մենք չենք ընդունում, որովհետև իսլամը «հարամ» չի ընդունում: Ասում են, եթե նույնիսկ նման դեպք եղել է, դա անընդունելի է, քանի որ դա անարգանք է իսլամի հանդեպ: Այսպիսի արտահայտությունների հանդիպում ենք հատկապես սոցցանցային գրառումներում: Այս կարգի արտահայտություններ անողների պրոֆիլներից պարզվում է, որ նրանց մեջ շատ են կրթության ոլորտի ներկայացուցիչները՝ ուսուցիչներ, դասախոսներ, որոնք և այդ քարոզչությունը հրամցնողներն են:
Անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» արտադրության մեջ նոր արտադրանք են դրել, որը անվանել են «Շանը քշող»: Ալիևի հայտնի արտահայտությունն ես մտաբերում. «Մենք հայերին շան պես կքշենք»: Այս կարգախոս դարձած խոսքով փորձում են ադրբեջանական ժողովրդի գերակայությունն ընդգծել հայերիս նկատմամբ: Հատկապես մեծ վտանգ են տեսնում Սփյուռքի հետ մեր հարաբերություններում: Սա նրանց հիշեցնում է ցեղասպանության մասին: Պատահական չէ Ալիևի խոսքը, որ՝ «Հայերը թունավորված են, և այդ թույնը գալիս է սփյուռքից»:
Ի վերջո, խորքային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ամենը ոչ այնքան հռետորաբանություն է, որքան կրթություն, մշակույթ: Եվ եթե անգամ հռետորաբանությունը վերացվի, ատելությունը, որը փոխանցվում է կրթությամբ և մշակույթով, չի վերանա, եթե այսպես շարունակվի…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ