Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻ…



ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻ...Ապագա հրետանավորների դարբնոցում մարտավարաշարային  պարապմունքներ են. ստուգվում է ե՛ւ ուսումնական, ե՛ւ մարտական  ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը:

Զորամասի հրամանատարական կազմը հետևում է պարապմունքների ընթացքին, անհրաժեշտ ցուցումներով ուղղորդում:

44-օրյա պատերազմի ժամանակ զորամասի ստորաբաժանումները ներգրավված էին ռազմական գործողություններում:

-Երկու ամսվա ծառայող էի, երբ  պատերազմն սկսվեց,- ասում է  դասակի հրամանատարի տեղակալ, սերժանտ Հայկ Սահակյանը:- Ինքս անձամբ պատերազմին  չեմ մասնակցել, բայց կռվի մասնակից սպաներն ու զինվորները զրույցների ժամանակ  հաճախ են պատմում մարտի դաշտում հրետանավորների կատարած սխրանքներից, թե որքան թշնամու տեխնիկա, կարեւոր օբյեկտներ ու կենդանի ուժ են ոչնչացրել։

ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻ...«Պատերազմի աստծո՝ հրետանու կրակը մարտի դաշտում չափազանց որոշիչ է»՝ հրետանավոր կուրսանտներին ուսուցանելիս հաճախ եմ կրկնում այդ միտքն ու հիմնավորում՝ առաջին գծում  կռվող մարտիկները սպասում են, որ հրետանին իրենց թիկունքից կրակի դիպուկ,  հուժկու հարվածով աջակցի  եւ զսպի  թշնամու  ախորժակը։ Կեսկատակ-կեսլուրջ թեւավոր խոսք եմ դարձրել՝ մեծ հաշվով մեր կյանքի 90 տոկոսը կախված է գիտելիքից, 10 տոկոսն էլ՝ բախտից։  Ասում եմ՝ տղե՛րք,  այստեղ դուք պարտավոր եք լավ սովորել. դպրոցում  դուք սովորել եք ձեր ցանկությամբ,  ձեզ համար, իսկ այստեղ ձեր չսովորելը,  թերանալը  մարտի դաշտում կարող է վճռորոշ լինել, ճակատագրական  ոչ միայն ձեր, այլեւ առաջին հերթին առաջնագծում կանգնած ձեր զինակից ընկերների համար։ Մշտապես պահանջում եմ գերազանց ու հիմնավոր տիրապետեն թե՛ գործնական, թե՛ տեսական գիտելիքներին ու մինչ լիարժեք չեն յուրացնում մատուցված նյութը, հաջորդ դասին չենք անցնում։ Բացատրում  եմ նաեւ, որ մարտական գործողությունների ժամանակ  պետք է կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնուրույն գործել, հարկ եղած դեպքում՝ մարտկոցի ավագ սպային փոխարինել։

-Պետք է գերազանց տիրապետես մասնագիտական բոլոր նրբություններին, որ խնդիր ստանալուն պես կարողանաս  վճռական եւ անսխալ գործել. ռազմական գիտելիքի լավ իմացությունը, բնականաբար,  վստահություն է հաղորդում,- մեկմեկու լրացնելով հավելում են Վարդան եւ Վազգեն Թադեւոսյան եղբայրները։ Վարդանը ջոկի հրամանատար է, Վազգենը՝ դասակի հրամանատարի տեղակալ։

-Երբ պատերազմն սկսվեց, ընդամենը երկու ամսվա ծառայող էինք, նեղվում էինք, որ  մենք էլ կռվողների շարքում չենք,  ամեն րոպե կազմ ու պատրաստ  սպասում էինք ճակատ մեկնելուն։

ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻ...Այդ օրերին կրկնապատիկ եռանդով, կրկնապատիկ ջանասիրությամբ էինք սովորում՝ չանտեսելով եւ ոչ մի մանրուք, որ հարկ եղած պահին մարտական առաջադրանքը գերազանց կարողանանք կատարել։

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից են եղբայրները։

-12 տարեկանից ընտանիքով Ռուսաստանում էինք ապրում, ծառայության նպատակով  ենք հետ  վերադարձել։ Մեր արմատները Սասունից են. հայ ժողովուրդը քանի անգամ է  սրի ու հրի մատնվել, բռնի տեղահանվել  բնօրրանից, դարձել գաղթական… Մեր պատմության որ էջն էլ թերթեք՝ պայքար է, գոյապայքար… 90-ականների ազատամարտին մեր հայրն էլ է  մասնակցել։

ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻ...-Հայրս էլ 44-օրյայի մասնակից է, կամավոր մեկնել է կռվի դաշտ, վաշտ ղեկավարել, վաշտի 32 կամավորականներից տասներկուսն են միայն տուն վերադարձել: Հայրս մարտի դաշտում վիրավորվել է արկի պայթյունից: Մեր այս փոքր Հայրենիքը անառիկ պահելու համար մեզնից յուրաքանչյուրն ամեն ինչ պետք է անի, ասում է հրետանավոր զինվորների շարքերը բոլորովին վերջերս համալրած շարքային Ռուստամ Ինջիղուլյանը: Արմավիրցի երիտասարդը բանակ է զորակոչվել Փ. Թերլեմեզյանի անվան  գեղարվեստի պետական քոլեջի չորրորդ կուրսից, ապագա քանդակագործը ուսումնական փուլն անցնելուց հետո ծառայելու է արդեն որպես հաշվարկի հրամանատար:

Շնորհալի երիտասարդը նաեւ առաջիկայում մասնակցելու է նկարիչների եւ քանդակագործների համաբանակային մրցույթին։ Հետաքրքրվում եմ՝ եթե մրցույթի թեման խաղաղությունը լինի, ի՞նչ կպատկերի, ի՞նչ կքանդակի։

-Տուն վերադարձող զինվորի  եւ ծաղկած այգի. ծաղկած այգին զարթոնքի, հույսի, վերածննդի  խորհրդանիշ է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (1424) 29.03.2022 - 01.04.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


04/03/2022