ԻՄ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՕՐԸ
Կրտսեր սերժանտ Արամ Խանգալդյանը զորամասի օրինակելի զինվորներից է, այդ պատճառով էլ հենց նրան խնդրեցինք պատմել բանակի անցուդարձի մասին:
Վերկաց
Ես արթնանում եմ վերկացի ազդանշանից 10-15 րոպե առաջ: Աչքերս բացում եմ, ու մի պահ թվում է՝ տանն եմ:
Ես միշտ շուտ եմ արթնացել. գյուղի երեխաները առավոտ ծեգին են արթնանում, որ օգնեն ծնողներին: Հազար գործ կա անելու գյուղում՝ սկսած անասուններից մինչև կենցաղային ամենապարզ գործերը: Այնպես որ՝ վաղ արթնանալը ինձ համար խաղուպար է: Վերկացի ազդանշանից առաջ եմ արթնանում, որովհետև ես կրտսեր սերժանտ եմ, ջոկի հրամանատար ու պիտի մինչև տղաների վերկացը հասցնեմ ավարտել գործերս, որ ուշադրությունս սևեռեմ զինվորների վրա: Արթնացնեմ վերկացի ազդանշանից չարթնացածներին, հետևեմ, որ անկողինները կոկիկ հարդարեն, որ ամեն ինչ մաքուր ու դասավորված լինի: Ես մաքրասեր եմ ու կարգուկանոն եմ սիրում: Շարք եմ սիրում եւ հավասարություն… Փայտ ունեմ, որը ծառայում է որպես հարթաչափ, որ ստուգեմ անկողինների հարդարանքի ուղղությունը: Մեր զորանոցում բոլոր իրերը «շարք են կանգնած»՝ անկանոն ոչինչ չեք գտնի, նույնիսկ դարակներում է ամեն ինչ խնամքով դասավորված: Ես պարբերաբար ստուգում եմ ու անհրաժեշտության դեպքում օգնում եմ թերացողներին. բոլոր տղաները չեն, որ կարող են մի գծով հարդարել անկողինը, կամ պատրաստ են դարակներում իրերը գեղեցիկ դասավորել: Բայց երբ կրտսեր հրամանատարը հետևողական է, զինվորները զգոնությունը չեն կորցնում:
… Ես սիրում եմ օգնել մարդկանց: Իմ կարծիքով՝ հրամանատարը ավելի շատ պարտականություններ ունի, քան արտոնություններ: Սա ես սովորել եմ մեր սպաներից, եւ մարդկային հարաբերությունները բանակում, ըստ իս, սպաներն են թելադրում՝ իրենց վարքով, պահվածքով: Եթե նրանք հարգալից են զինվորի նկատմամբ, զինվորները հարգում են մեկը մյուսին: Եթե սպաները հոգատար են ենթակա անձնակազմի հանդեպ, զինվորներն էլ միմյանց են ջերմությամբ վերաբերվում: Որպես օրինակ՝ երբ գնում ենք կրակային պատրաստության, զենքը ես եմ տանում: Զենքը ծանր է, ուստի, ես դժվարությունը վերցնում եմ ինձ վրա , որ զինվորների համար հեշտ լինի:
Նախավարժանք
Ինձ համար բանակային օրվա ամենասիրելի ժամանակահատվածներից մեկը ֆիզպատրաստությունն է: Ես տանը երբեք չեմ մարզվել, ինձ կոփել են գյուղական գործերը: Ես աշխատասեր եմ, առավոտյան, մինչև դպրոց գնալը, ահագին գործ էի անում: Իսկ շաբաթ, կիրակի օրերը խանութում բեռնակիր էի աշխատում, որ օգնեմ ընտանիքիս… Ասածս այն է, որ ես միշտ էլ ֆիզիկապես ծանրաբեռնված եմ եղել, բայց աշխատանքային ծանրաբեռնվածությունը չես համեմատի ֆիզպատրաստության հետ:
Վաշտի նախավարժանքը ես եմ ղեկավարում ու պարտավոր եմ հաղթահարել բոլոր վարժությունները: Ես ուզում եմ, որ իմ ղեկավարած փոքր զորքում լինեն ուժեղ տղաներ, ուզում եմ, որ նրանք միմյանց կապված լինեն տղամարդկային ազնիվ ընկերությամբ՝ ոչ թե ընդգծելով սեփական առավելությունները, այլ օգնելով թույլերին, թերացողներին ու միասին հաղթահարելով բոլոր դժվարությունները:
Ես քաղաքացիական կյանքում շատ ընկերներ չունեի, բայց իմ ընկերները իսկական ընկերներ էին: …Հիմա գարուն է, ու իմ ծննդավայրում՝ Վայոց ձորի Հորբատեղ գյուղում, բուսնել են առաջին ձնծաղիկները: Գյուղի տղաները սարերի լանջերին, սառույցի տակ կծկված առաջին ձնծաղիկները իրենց մայրերին են նվիրում: Իմացա, որ այս տարի ընկերներս ձնծաղիկներ են տարել մորս…
Նախաճաշ
Մանկուց երգել եմ, հաճախել եմ Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի դպրոց և ուզում եմ երգիչ դառնալ: Տղաներին երգերի մի մասը ես եմ սովորեցրել: Բանակում, անկեղծ ասած, ռազմի երգերը այնքան էլ շատ չեն, շարային երգերի, քայլերգերի մեծ բազմազանություն չկա: Բացը լրացնելու համար հայրենասիրական ոգեշունչ բանաստեղծությունների բառերը հարմարեցնում ենք հայտնի մեղեդիներին ու երգում: Ճաշարան երգելով ենք գնում; Ես ամենաբարձրն եմ երգում, որ տղաներին վարակեմ իմ խանդավառությամբ:
Բանակում լավ են կերակրում, ամենաբծախնդիր, ամենաքմահաճ զինվորն էլ կարող է ուտելու բան գտնել իր համար՝ ձու, կարագ, պանիր, թթվասեր կամ զանազան ճաշերից որևէ մեկը, բայց տապակած կարտոֆիլին ոչինչ չի հասնի:
Կարևորը՝ ճաշարանը մաքուր է, այլապես, նույնիսկ տապակած կարտոֆիլը կուլ չի գնա: Ամենակարևորը՝ բանակը այն հազվագյուտ վայրն է, որտեղ բոլորը պիտի հավասար լինեն՝ հարուստը, աղքատը, բարձրագույնավարտը, դպրոցը կիսատ թողած տղան, ուժեղը, թույլը, տաղանդավորն ու անտաղանդը…, որովհետև բանակում նրանք հայրենիքին են ծառայում… Եթե ինձ հարցնեն, թե որոնք են սպայի, հրամանատարի ամենակարևոր հատկանիշները, ես կասեմ՝ արդարամտությունը, զինվորներին հավասար աչքով նայելն ու մասնագիտական գիտելիքները: Իհարկե, շատ լավ կլինի, որ սպան նաև բազմակողմանի զարգացած ու կիրթ լինի, բայց նա առաջին հերթին պիտի բացառի տարբերակված մոտեցումը զինվորների հանդեպ, զինվորին պատժելիս և խրախուսելիս լինի արդար ու իր զինվորական մասնագիտությանը տիրապետի հմտությամբ: Եթե հրամանատարը տարբերություն է դնում զինվորների միջև, զինվորները կոտրվում են, կորցնում են ոգևորությունը, հաջողության հասնելու ձգտումը: Եթե զինվորները նկատում են անարդար վերաբերմունք իրենց կամ ծառայակից ընկերների հանդեպ, այլևս չեն վստահում հրամանատարին: Ուստի, բանակի մարտունակության հիմքը պարտաճանաչ ու լավ հրամանատարն է:
Ռազմական ուսուցում
…Այն ամենը, ինչն ուսուցանվում է բանակում ի վերջո հայրենիքն ու ժողովրդին թշնամուց պաշտպանելու համար են: Ու սա հասկանալով պետք է կարեւորել ռազմական ուսուցումը: Մանավանդ հիմա, երբ ամեն պահի հնարավոր է հայրենիքը զենքով պաշտպանելու կարիք լինի: Որքան էլ մենք գնահատենք զինվորի կարգապահություը, ընկերասիրությունը, աշխատասիրությունը ու մյուս առաքինությունները, չենք կարող չխոստովանել, որ հայրենիքի պաշտպանի առաջին արժանիքը զենքին տիրապետելն է ու զինվորական գործի իմացությունը: Իմ ջոկի տղաները սա հրաշալի են գիտակցում: Գառնիկը Ռուսաստանից է: Երբ եկել է պարտադիր զինծառայության ժամանակը, նա Տյումենից վերադարձել է հայրենիք, որ կատարի զինվորական պարտքը: Գառնիկը հրաշալի է կրակում: Նա ամենադիպուկն է ջոկում: Գեղամը Գառնիկի մտերիմ ընկերն է ու նույնպես լավ նշանառու է:
Հովիկն ու Գևորգը նորեկներ են, բայց արդեն մերվել են զինվորական ընտանիքին ու պատրաստակամ են կատարել իրենց բոլոր պարտականությունները:
Սասունն ու Ներսեսը պինդ տղաներ են, ձիգ, պատվախնդիր, հայրենասեր: Երբ նրանք դիրքերում են, ոչ ոք չի կարող սպառնալ մեր պահած սահմանին:
Ինքնապատրաստում
Վաղը դիրքեր ենք բարձրանալու: Վաղվա տողանը այսօրվա նման չի լինի, հրամանատարները անպայման կխոսեն, կոգևորեն, կհորդորեն, որ աչալուրջ լինենք սահմանին, խորհուրդներ կտան: Իսկ մենք այսօր մեկ անգամ ևս կմաքրենք զենքերը, կպատրաստենք պայուսակները, կտեղավորենք անհրաժեշտ իրերը, որ առավոտյան տողանից հետո մեկնենք դիրքեր: Բոլորի տրամադրությունը բարձր է, որովհետև բոլորն էլ անհամբերությամբ են սպասում դիրքեր գնալուն: Այս տարածաշրջանի մարդիկ շատ բարի են, հյուրասեր, զինվոր սիրող, երախտապարտ: Նրանք շատ ջերմ են զինվորների հանդեպ: Նրանց հայացքում այնքան սեր ու շնորհակալություն կա, երբ տեսնում են մեզ սահման բարձրանալիս; Հետո սկսվում է անտառը, ձմռանը՝ սպիտակ, ձյունածածկ, ամռանը՝ սաղարթախիտ, կանաչ, անուշաբույր: Իսկ երբ երևում են դիրքերը, այնպիսի զգացողություն է, ասես՝ բացակայությունից հետո տուն ես դառնում: Դիրքը աշխարհի ամենահիասքանչ ու հպարտ կառույցն է՝ իր բոլոր բաղադրիչներով: Դիրքերում, առհասարակ, ամեն ինչ գեղեցկանում է՝ և՛ մարդկային հարաբերությունները, և՛ քո ներաշխարհը: Դիրքերում նույնիսկ սուրճի ու ճաշի համն է ուրիշ: Դիրքերում ավելի խորն ես զգում, թե ինչ թանկ ու անփոխարինելի է ազատությունը: Ու դու դրա պաշտպանն ես: Դիրքերում քեզ հերոս ես զգում, մի տեսակ ազնվանում ես, դիրքերում պատրաստ ես կուրծքդ բաց կանգնել ամեն ուժի առաջ ու կյանքդ չխնայել հարենիքիդ համար:
…Դիրքերում ավելի հաճախ եմ հիշում մեր տունը, մորս, հարազատներիս, մեր գյուղը. երևի դիրքերում ավելի մոտ եմ հայրենիքիս… Իմ գյուղը չքնաղ է: Լերկ սարերով օղակված մի ուրիշ վեհություն ունի: Լեռներն, ասես, զինվորներ լինեն, որոնք ժամապահի պես հսկում են գյուղի անդորրը: Գարնանը լանջերը ծաղկում են, օդը ծաղկահոտ է բուրում…
Անվանականչ
Մենք է՛լ ավելի ուժեղ ենք, որովհետև հայրենիքի համար զոհված տղաների ոգին մեզ հետ է, նրանք միշտ ներկա են զորամասում: Որքան էլ նույնը կրկնվի անվանականչին, իմ հուզմունքը չի նվազում: Կարդում են հերոսների անունները, ու բոլորս միաձայն գոռում ենք՝ հավե՛րժ փառք: Նրանք ցած չդրեցին զենքը, նրանք ամբողջ կյանքում զինվոր մնացին, որ զոհվելուց հետո էլ իրենց սխրանքով կոփեն մեր ոգին ու հայրենիքի համար կյանքը չխնայելու պատգամ հուշեն զորքին:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #02 (1424) 29.03.2022 - 01.04.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում