ԱՅՍՈՒՀԵՏ ՄԻԱՅՆ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ ԹՈՂ ԼԻՆԵՆ…
Երբ ապրիլի 3-ին համացանցում տեսա «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու դիմաց արված հրաշք զույգի՝ զինվորի և իր հարսնացուի լուսանկարը, անմեկնելի ուրախությամբ համակվեցի. ի՜նչ լուսավոր մարդիկ են այս մտահղացումն ունեցել, գաղափարական ի՜նչ մեծ ուժ, խաղաղություն ու սեր կա այս ամենի մեջ: Հետո իմացա, որ փեսան՝ զինվորը, «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ Մասիսի վաշտի լեգենդար հրամանատար, հետմահու ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանների ասպետ, մայոր Հրաչ Խաչիկի Թադևոսյանի թոռն է՝ Խաչիկ Թադևոսյանը: Հրաչ Թադևոսյանը Արցախյան ազատամարտում ներգրավված էր 1988 թ., մասնակցել է կամավորական ջոկատների ստեղծմանը, պատերազմի ընթացքում եղել է Մոնթեի զինակից ընկերը, մասնակցել է մի շարք կարևոր մարտական գործողությունների, այդ թվում՝ Քարվաճառի, Բերձորի, Մատաղիսի ազատագրմանը: Նրա անունն է այժմ կրում գյուղի դպրոցը: Նրա օրինակով սերունդներ են դաստիարակվել:
Զրուցեցի նորափեսայի հոր՝ Գրիգոր Թադևոսյանի հետ, հաջողվեց զրուցել նաև հաջորդ օրը զորամաս մեկնող որդու՝ Խաչիկի հետ, ծանոթանալ արտասովոր ճակատագրով ու Հայրենիքի հանդեպ պապերից ժառանգած անսպառ սիրով ապրող այս մարդկանց հետ:
Զինվորի ընտանիքն ապրում է Մասիսի Արևաբույր փոքրիկ գյուղում, որը բոլոր պատերազմներին իր չափերին անհամապատասխան մեծաթիվ կամավոր կռվողներ է տվել ճակատին:
-Զինվորական ընտանիք ենք,- իր խոսքն այսպես սկսեց հերոս հրամանատարի որդին՝ Գրիգոր Թադևոսյանը, որի երեք տղաներից ավագն է Խաչիկը:-Պապիս հայրն էլ երեք որդի է ունեցել, պապս, հայրս՝ նույնպես: Ինքս որոշ ժամանակ ծառայել եմ Արցախում՝ որպես պայմանագրային, հետո դուրս եկա. Հայաստանում էին երեք փոքր երեխաներս ու կինս: Բայց մենք մեր ամբողջ ընտանիքով հոգով-սրտով զինվորներ ենք:
Ինչպե՞ս որոշեցինք, որ Խաչիկի պսակադրության արարողությունը հենց «Եռաբլուրի» եկեղեցում անենք՝ զինվորական կարգով: Նպատակն այն էր, որ այս կերպ ազդարարեինք, որ այլևս բավական է վիշտ ու կորուստ, այսուհետ պիտի միայն զինվորի հարսանիքներ լինեն: Երբ քահանային հայտնեցի մեր ցանկությունը, նախ զարմացավ, հետո շատ ուրախացավ: Ասաց, որ նախորդ պատերազմից հետո եղել է, որ այստեղ պսակադրվեն, բայց 44-օրյայից հետո սա առաջին դեպքն է: Խորհրդակցեցի նաև «Արծիվ մահապարտների» ջոկատի հրամանատար Հովսեփ Հովսեփյանի, պատերազմի մասնակից մեր մյուս ընկերների հետ: Բոլորին էլ շատ դուր եկավ գաղափարը: Յուրաքանչյուր հայ իր կյանքի ցանկացած կարևոր պահի՝ ուրախ, թե տխուր, պետք է խոնարհումով ու շնորհակալությամբ մոտենա մեր տղաների հիշատակին և նաև պետք է ապրելու, պայքարելու ու արարելու խոստում տա նրանց:
Մեր հարսիկը՝ Նունեն, Շիրակ գյուղից է: Ե՛վ տղաս, և՛ հարսս, շատ սիրով ընդունեցին այս գաղափարը: Որդուս ասացի. «Տղա՛ս, դու զինվոր ես: Սա մեր երկրի համար կլինի հայրենասիրության, հույսի կոչ, նաև՝ զոհվածների ծնողներին որոշ սփոփանք, մխիթարություն»: Եկեղեցու մոտ այդ օրը անծանոթ զինվորականներ մոտեցան, զոհվածի ծնողներ, իրենց օրհնանքը տվեցին նորապսակներին, արցունքների միջից ուրախացան: Անկախ այսօր երկրում, երկրի շուրջ ու երկրից դուրս տիրող խառը իրավիճակից, մենք այդպես ենք զգում, այդպես ենք ընկալում: Մեր Սպարապետն ի՞նչ էր ասում. «Բավակա՛ն է բողոքեք խավարից, ավելի լավ է՝ ամեն մեկդ մի մոմ վառե՛ք խավարը վանելու համար»: Մենք էլ այս կերպ որոշեցինք մեր մոմը, մեր լույսը վառել:
Հորս զինվորական կյանքի հետ կապված շատ հիշողություններ կան,- խոսքը շարունակեց Գրիգորը,- Բերձորն ազատագրելուց հետո Մոնթեի ֆրանսիացի ընկերները ռեպորտաժ էին արել. ֆրանսիական մի հանդեսում հրապարակել էին Մոնթեի ու Հրաչ Թադևոսյանի լուսանկարը: Լրագրողները Մոնթեին այդ օրը ֆրանսիական թանկարժեք կոնյակ էին նվիրել, նա էլ՝ հորս: Հորս ընկերներից Անդրանիկ Մարուքյանը, Մոնթեն և հայրս որոշել են այդ օրը չխմել կոնյակը: Պայմանավորվել են, որ Մասիսի լանջին պետք է բացեն ու խմեն, իսկ շշի պիտակի վրա գրել են. «Ցանկանում ենք, որ այս շիշը բացվի Մասիսի լանջին: Թող բացի նա, ում բախտ կվիճակվի»… Մինչև օրս մեր տանն է այդ կոնյակը, սրբորեն պահում եմ. սպասում ենք, տեսնենք՝ ո՞ւմ բախտ կվիճակվի:
…Գանձասարի համար մղվող մարտերի ժամանակ հորս հրամանատարությամբ կռվող 30 զինվորներ շրջապատման մեջ են ընկել, Տեր Հովհաննեսը՝ Գանձասարի քահանան էլ իրենց հետ: Տեր Հովհաննեսն ասել է. «Փրկվելու հույսը քիչ է: Եկեք մկրտեմ նրանց, ովքեր մկրտված չեն: Գոնե որպես քրիստոնյա մեռնենք»: Ով կնքված չէր, կնքում է, հայրս էլ՝ որպես հրամանատար, կնքահայր է դառնում այդ տղաներին: Երեք օր այդպես մնացել են շրջապատման մեջ: Թշնամին երեք կողմից շրջապատել է իրենց, միայն թիկունքն է ազատ եղել, բայց եկեղեցին չէին կարող թողնել, նահանջել: Թշնամին հարձակվել է հարյուրներով, բայց հրաշք է եղել. բոլորին հաջողել են վերացնել՝ իրենցից ոչ մի զոհ չտալով: Երրորդ օրը նրանց թիկունքում փոշի է բարձրացել: Մտածել են՝ վերջ, արդեն թիկունքից են հարձակվում: Պատրաստվել են վատթարագույնին: Բայց պարզվել է, որ մերոնք են օգնության գալիս: Երբ այդ օրերին խփել, պայթեցրել են եկեղեցու զանգը, մի շատ փոքրիկ՝ ափի մեջ տեղավորվող մասնիկ, հայրս իր հետ է վերցրել՝ որպես Գանձասարի այդ օրերի հրաշքից հիշատակ-մասունք:
Մյուս դեպքը, որ հիշեց Գրիգորը, հայրը՝ Հրաչն է պատմել.
-1992 թ.-ն էր: Հորս ջոկատը սարի վրա էր, իսկ դիմացի սարին թուրքն էր. փորձում էին իջնել մեր գյուղ, մերոնք թույլ չէին տալիս: Կատաղի կռիվ էր գնում գյուղի համար: Մերոնց փամփուշտներն արդեն վերջանում էին, երբ հայրս ու ջոկատի տղաները նկատում են, որ գյուղի կողմից մի 14-ամյա երեխա է բարձրանում սարն ի վեր՝ դեպի իրենց կողմը՝ փամփուշտներով լի արկղը պարանով ուսերից կապած քարշ տալով: Պարանը մխրճվել էր ուսերի մեջ, արյուն էր հոսում, բայց նա լացելով, ատամները սեղմած՝ շարունակում էր բարձրանալ: Ջոկատի տղաները օգնության են հասնում: Պարզվում է՝ տղայի մորն ու հորը սպանել էին թուրքերը: Այդ երեխայի բերած փամփուշտներով էլ գյուղը պահում են…
Ճուտոն, այդպես էին անվանում տղային, կռվի ամբողջ ընթացքում հորս վաշտի հետ է եղել: 1994 թ. ապրիլի 11-ին Մատաղիսն ազատագրելիս հայրս ականի պայթյունից մահացու վիրավորում ստացավ ու զոհվեց ապրիլի 17-ին: Այդ ժամանակ Ճուտոն 16 տարեկան էր, իսկ ես՝ 12, երկու եղբայրներս՝ ավելի փոքր: Մենք երեխա էինք, խորությամբ չէինք հասկանում՝ ինչ է կատարվում: Հիշում եմ՝ ինչպես էր լալիս Ճուտոն…
Մեր գյուղի բոլոր տղաները հորս՝ Հրաչ Թադևոսյանի ոգով են դաստիարակվում: Մեծ թվով պահեստազորայիններ ու կամավորներ գնացին կռիվ: Փա՜ռք Աստծո, զոհեր չունեցանք, միայն 9 վիրավոր: Ջրականից մերոնց ջոկատն ամենավերջինն էր դուրս եկել: Երբ արդեն Ջրականը թշնամու վերահսկողության տակ էր, զանգել էին, թե՝ մենք դիրքերում ենք: Զարմացել էին՝ «Ջրականն արդեն երեք օր է՝ մեր վերահսկողության տակ չի. դուք ո՞նց եք ողջ մնացել»: Մի կերպ հաջողվել էր նրանց անվնաս դուրս բերել շրջափակումից:
…Մեզնից յուրաքանչյուրը ամեն ինչ պիտի անի հայի ոգին բարձր պահելու համար,- մտորում է Գրիգորը:- Մեր երկրին նվիրյալներ են պետք: Եթե մենք իրոք ճիշտ ենք ապրում, ապա մեր անձնական կյանքը պետք է լիովին թաթախված լինի Հայրենիքի հոգսերի մեջ: Մեր զինվորը մեր հենասյունն է: Սա եղել է ու միշտ այսպես կլինի: Այսօր մեր տղաներից յուրաքանչյուրը, որ պատրաստ է զինվորական համազգեստ կրելու, հերոս է: Այնպես է ստացվել, որ զինվորականին ամուսին ընտրող աղջիկն էլ հերոսուհի է: Ամեն մի հայ պետք է հասկանա, որ եթե ապրում է այս հողի վրա, պետք է զինվոր լինի՝ աղջիկ, թե տղա, պատերազմի մեջ, թե խաղաղության: Մեր պատմության ընթացքում մեզ միշտ էլ հավատքն է ոտքի հանել: Դժվար է, բայց ես վստահ եմ, որ մեր հայկական գենի մեջ մի ուժ կա, որը մեզ միշտ ոտքի է կանգնեցնում…
Գրիգորի որդու՝ Խաչիկ Թադևոսյանի հետ զրուցեցինք մինչև կրկին զորամաս՝ ծառայության մեկնելը: Նա դեռ մի քանի ամսվա զինծառայող է, բայց արդեն հասցրել է լիովին ներգրավվել ծառայողական կյանքի մեջ:
-Ամեն ինչ շատ լավ է,- ասաց երիտասարդը,- շատ գոհ եմ: Նկատել եմ՝ որքան փորձում եմ ծառայությանս որակը բարձրացնել, այնքան ժամանակն ավելի արագ, ավելի աննկատ է անցնում զորամասում:
…44-օրյա պատերազմի, անցած տարվա նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ընթացքում ինձ շատ վատ էի զգում, որ տղերքը՝ ընկերներս, էնտեղ են, իսկ ես՝ տանը. այդ միտքն ինձ շատ էր տանջում: Մտածում էի՝ պապիս գործը շարունակելու իմ հերթն է: Հրաչ պապիս օրինակը, նրա կերպարը, սխրանքները միշտ ինձ համար ներշնչանքի աղբյուր են եղել: Պապս իր ծառայողական կյանքն ամբողջությամբ նվիրել է հայկական բանակին: Նրա գործած սխրանքներից ինձ համար ամենաոգևորիչը Բերձորի միջանցքի ազատագրման դրվագն է: Նա այդ գործողության հրամանատարն է եղել: Այն ժամանակ ընդունված էր գործողություններին անուններ տալը: Այդ մեկինը եղել է «Հրաչ» գործողություն:
Վաղը արդեն ես կվերադառնամ զորամաս ու կշարունակեմ ծառայությունս: Պետք է փորձեմ հնարավորինս օգտակար լինել մեր Հայրենիքին:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՍԵՎԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ և ԽԱՉԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ընտանեկան արխիվից
Խորագիր՝ #05 (1427) 16.04.2022 - 19.04.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում