Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՄԵՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԵՐՈՍԱՑԱԾ



ԱՐՄԵՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԵՐՈՍԱՑԱԾԿնյազյանների բակից պարզկա եղանակին Մասիսը բացառիկ շքեղ է։  Դեռ պատանեկան տարիքում այգում աշխատելիս, հորը հողագործական աշխատանքներում օգնելիս Արմենը հաճախ է փառավորվել այս տեսարանով։

Ապրելով և աշխատելով հեռավոր Իսպանիայում, զգալի հաջողություններ գրանցելով գործարար աշխարհում՝ Արմենը երբեք չի կտրվել Հայրենիքից: Հաճախակի է այցելել Հայաստան, Արցախ…

Կարող էր նյութապես իր օժանդակությունը ցուցաբերել Հայրենիքին, սակայն նրա տեսակն ուրիշ էր. նա առաջամարտիկ էր ու օրհասի պահին իր Հայրենիքի ճակատագրի կրողը դարձավ։ 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների օրերին Արմեն Կնյազյանը, զենքը ձեռքին, առաջնագծում էր՝ զինվորի կողքին:

-44-օրյա պատերազմի նախօրեին աղջկա՝ Մարիաննայի հետ կրկին Արցախում էր: Նոր էին մեկնել Իսպանիա, երբ սեպտեմբերի 27-ին տարածվեց բոթը՝ թշնամին հարձակման է անցել։  Կարծես կանխազգացել էր պատերազմը. նախապես Իսպանիայից պատվիրել էր զինվորական համազգեստ, որ գար, հագներ ու գնար,- պատմում է հերոսի հայրը՝ Արտավազդ Կնյազյանը: -Արմենենց ջոկատը կռվել է Հադրութի ուղղությամբ։ Մի օր Արմենը զանգեց ու ռադիոսարքավորումներ, հեռակապի վահանակներ ուզեց, ասելով, որ իմ 60-ամյակին ինձ նվիրած մեքենայում տեղավորեմ դրանք ու տամ իր ընկերոջը, որ հասցնի Արցախ։

ԱՐՄԵՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԵՐՈՍԱՑԱԾ…Վերջին անգամ Արմենիս զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին եմ հետը խոսել: Երբ հետաքրքրվեցի, արդյոք  ուղարկածը պատշաճ կերպով տեղ հասե՞լ է, նա խնդրեց, որ չսրտնեղեմ, կվերադառնա ու նոր մեքենա կնվիրի ինձ: Ես էլ    որդուս հորդորեցի մեքենայի մասին չմտածել, խնդրեցի, որ անպայման հաղթանակով վերադառնա…

Սա էր եղել հոր և որդու վերջին զրույցը: Եվ Արմենը վերադարձավ հերոսացած…

Հոկտեմբերի 11-ից Արմենի հետ կապ հաստատել չի հաջողվել: Որոշ տեղեկություններով՝ Արմենը զոհվել է հոկտեմբերի 11-ին, Հադրութի անտառներում՝ անօդաչու սարքի հարվածից…

 

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արմեն Արտավազդի Կնյազյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #07 (1429) 27.04.2022 - 03.05.2022, Ճակատագրեր


28/04/2022