ԴԱՆԻԵԼ ՄԱՐԱՏԻՉԸ
Հազարից ավելի փրկված կյանքեր, օջախների չմարած ճրագներ… Բառերով արտահայտելը հեշտ չէ, բայց առավել դժվար է պատկերացնելը, թե վերջին պատերազմի ընթացքում մեր վիրավոր զինծառայողների, կամավորականների և պահեստազորայինների այսքան կյանքեր միայն ամենածանր՝ հարավային ուղղությունում փրկած բժշկական գումարտակի անձնակազմը ինչպիսի՜ հերոսական մարտեր է վարել իր՝ բժշկական ռազմադաշտում: Այժմ արդեն դրվագ առ դրվագ փորձում ենք ամբողջացնել այս նվիրյալ պայքարի պատկերը: Ու պատահական չէ, որ ամենակարևոր օղակներից մեկին՝ ղեկավար կազմին ու հատկապես բոլորի կողմից ջերմորեն սիրված ու հարգված բժշկին՝ Դանիել Մարատի Մկրտչյանին, անդրադառնում ենք առանձնահատուկ հարգանքով ու շնորհակալությամբ: Եթե դաշտային հոսպիտալի բուժանձնակազմի, ավելի ճիշտ՝ այս մարտական ընտանիքի յուրաքանչյուր անդամին հարցնես՝ ո՞րն էր ձեր հաջողության գրավականը, առաջին հերթին կնշեն դաշտային հոսպիտալի իրենց ղեկավարի՝ ռազմական բժիշկ-վիրաբույժ Դանիել Մկրտչյանի, կամ ինչպես նրան սիրով ու հարգանքով դիմում են նրա մարտընկերները՝ Դանիել Մարատիչի անունը, նրա անգնահատելի դերը այդ գործում: Բժշկի մասին խոսելիս բոլորը առաջին հերթին նրա մարդկային բացառիկ տեսակն ու համեստությունն են նշում: Նա այսօր էլ շարունակում է իր նվիրյալ գործը զինված ուժերում: Ի թիվս բազմաթիվ պարգևների, որ ծառայության ընթացքում շնորհվել են բժշկին, 2020 թ. պատերազմից հետո նախագահի հրամանագրով նրան շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան:
Ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը՝ Դանիել Մկրտչյանը ուսումը շարունակել է ՌԴ-ում: 1998 թ. ծառայության է անցել Սյունիքի կայազորային հոսպիտալում՝ որպես երկտարեցի պարտադիր ժամկետային զինծառայության սպա: Բուժծառայության աշխատանքներում ընդգրկվելով՝ զգացել ու վերարժևորել է զինվորական բժշկի անուրանալի դերը և որոշել ժամկետային զինծառայությունից հետո էլ շարունակել ռազմական բժշկի նվիրական գործը. պայմանագրային հիմունքներով շարունակել է ծառայությունը զինված ուժերում, եւ տարիներ շարունակ ծնունդով սիսիանցի բժիշկը ղեկավարել է հոսպիտալը: Այդ ընթացքում զինվորական հոսպիտալն ընդունում էր ոչ միայն զինծառայողներին, այլև տեղի բնակչությանը: Տեղյակ լինելով բժշկի արհեստավարժությանը և մարդկային բարձր որակներին՝ վիրահատվելու համար նրան էին դիմում նաև մեծ թվով քաղաքացիական անձինք:
Դանիել Մկրտչյանը հոսպիտալի պետի պաշտոնում էր 2016 թ. Ապրիլյան քառօրյայի ընթացքում, երբ բուժհաստատության վրա խնդիր դրվեց առաջնագծից Ստեփանակերտ տեղափոխվող վիրավորների մի մասի բուժսպասարկումը: Այնուհետև Իշխանաձոր համայնքում կազմվեց առանձին բժշկական ջոկատը, որը տեղակայվեց առաջնագծին մոտ, և վիրավորներին ընդունում էին հենց մարտի դաշտից:
Փորձառու բժիշկը պաշտոնավարել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի պաշտոնում, այժմ Դանիել Մկրտչյանը ծառայում է ռազմաբժշկական վարչությունում՝ որպես ԶՈՒ գլխավոր վիրաբույժ:
Ծառայողական ամբողջ կյանքի ընթացքում Դանիել Մկրտչյանին միշտ հաջողվել է ստեղծել համախմբված ու միաբան թիմ, որն իր գործը գերազանց է կատարել:
-Բոլոր բժշկական ստորաբաժանումներում շատ կարևոր գործոն է անձնակազմի համախմբված աշխատանքը,- ասում է բժիշկը,- իսկ լավ անձնակազմ ստեղծելու կարևորագույն պայմանը թիմ ստեղծելն է, որտեղ բոլորն աշխատում են՝ մեկը բոլորի և բոլորը մեկի համար սկզբունքով:
…2020 թ. 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ԶՈՒ գլխավոր վիրաբույժի առջև խնդիր դրվեց Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում վիրաբուժական ծառայություն կազմակերպելը: Ստեփանակերտում միայն մեկ վիրահատություն է հասցրել կատարել. անհրաժեշտությունից ելնելով՝ հենց նույն օրը մեկնել է Մարտունու առանձին բժշկական ջոկատ, որտեղ մասնագիտական և կազմակերպչական խնդիրներ է իրականացրել մինչև սեպտեմբերի 30-ը: Այնուհետև մեկնել է Իշխանաձոր՝ որպես դաշտային հոսպիտալի ղեկավար:
Այստեղ դաշտային հոսպիտալի անձնակազմն արդեն իսկ անհավասար կենաց-մահու կռիվ էր մղում վիրավորների կյանքի համար: Երեք ծանր օր անցկացրած բուժանձնակազմը աննկարագրելի ուրախությամբ դիմավորեց Դանիել Մարատիչին: Պատերազմի առաջին, ծանր տպավորություններից հետո, հույսի ու ապահովության զգացում ունեցան:
-Միշտ, ամեն տեղ, ուր իմ կարիքը եղել է, գնացել եմ ոգևորությամբ, տրամադրված,- վերհիշում է բժիշկը: Իշխանաձոր մեկնելս, որը թշնամու հիմնական հարվածի ուղղություններից էր, շատ ավելի պարտավորեցնող էր: Հույզերս սառած էին. միայն գիտակցում էի պատասխանատվությանս աստիճանը, որպեսզի կարողանանք իմ և մեր ամբողջ գումարտակի առջև դրված խնդիրը լիարժեք ու պատվով կատարել: Պետք էր վիրավորների հսկայական հոսքի պայմաններում նրանցից ոչ մեկին առանց օգնության չթողնել: Անկեղծ ասեմ, երբ ինձ դիմավորեցին Իշխանաձորում, տեսնելով անձնակազմիս ջերմությունը, ուրախությունը, ես ինքս էլ ոգևորվեցի: Նրանց վերաբերմունքը, վստահությունը և պատրաստակամությունը ինձ համար լրացուցիչ խթան դարձան:
Մարտական գործողությունների ընթացքում Իշխանաձորում բուժանձնակազմը աշխատել է օր ու գիշեր: Ամեն մեկը հերոսանում էր կյանքեր փրկելով: Բուժակները օրը մի քանի անգամ մոտենում էին ռազմական գործողությունների շրջաններին, երբեմն հենց կրակի տակ դուրս էին բերում վիրավորներին, առաջին օգնություն ցուցաբերում ու հասցնում բժիշկներին: Այստեղ նույնպես անհավասար կռիվ էր. բժիշկները վիրահատական հրաշքներ էին գործում, կյանքի էին կոչում վիրավորներին: Երբ վիրավորը կենդանության նշաններ ցույց չէր տալիս, Դանիել Մարատիչն անձամբ ստուգում էր՝ համոզվելու համար, որ այլևս հույս չկա:
-Մի շատ հետաքրքիր դեպք եմ հիշում,- պատմում է,- «Ինկասատորի» մեքենայով Իշխանաձոր բերեցին մի վիրավորի, որը կենդանության ոչ մի նշան ցույց չէր տալիս: «Ինկասատորի» մեքենան տեսե՞լ եք, շատ նեղ է, մեջը շատ քիչ տեղ կա: Մեր դոկտոր Սուքիասյան Հարութը՝ ցավազրկող-վերակենդանացնողը, հրաշալի մի բժիշկ, շատ բարձրահասակ է՝ մոտ երկու մետր, ես էլ գեր եմ: Մի կերպ խցկվեցի «Ինկասատորի» մեջ, զննեցի վիրավորին: Հարութը դռան մոտ սպասում էր: «Այստեղ կենդանության նշաններ ունենք,-ասացի,- Հարո՛ւթ, շո՛ւտ, բե՛ր ինտուբացիայի ապարատը»: Թե ինչպես ենք երկուսով մտել ու ինտուբացիա արել վիրավորին, հիմա արդեն չեմ պատկերացնում,- ժպիտով է հիշում բժիշկը:- Եթե հիմա ասեն՝ մտե՛ք, նույն գործողություններն արեք, չենք կարողանա: Հարութն էլ իր «երկու մետրով» մի կերպ խցկվեց ներս, վիրավորին շնչափողի ինտուբացիա արեցինք, և շնչառությունը վերականգնվեց: Մի կերպ դուրս բերեցինք ու ինքներս դուրս եկանք մեքենայից: Փառք Աստծո, պահեստազորային այդ տղան ողջ է այսօր:
…Բուժանձնակազմը չէր ուզում ընդունել, որ գերհոգնած է: Դանիել Մարատիչը ստիպում էր հերթով հանգստանալ: «Գնա՛, սուրճ խմիր, մի քիչ պառկիր: Եթե կարիքդ լինի, կապով կկանչենք»:
Իսկ ղեկավար կազմը՝ Մարատիչի գլխավորությամբ, հանգստանում էր երբ ոնց ստացվեր: Եղել է, որ երեք օր ու գիշեր անդադար վիրահատություններից հետո աշխատել են նաև չորրորդ օրը:
-Նման օրերին հանգստի, սնվելու կանոնակարգ չկար. ամեն ինչ իրավիճակով էր պայմանավորված: Միայն առաջին երեք օրերին ես զգում հոգնածություն, հետո մոռանում ես՝ դա ինչ է: Հույզերդ անջատված են. կենտրոնացած ես խնդրի կատարմանը: Կարող է տեսնես անդամահատված մարդուն, ու ոչ մի հուզական ռեակցիա չառաջանա: Օրգանիզմդ կենտրոնացնում է բոլոր ֆիզիկական ու հոգեբանական պաշարները: Այս հոգեվիճակները դժվար է խաղաղ պայմաններում մեկնաբանելը: Հոգեբանական ընկճվածություն, եղել է, երբեմն ապրել եմ և ես, բայց թաքցրել եմ, փորձել եմ ցույց չտալ, ու կարծում եմ, հաջողվել է: «Թիմ» հասկացության մեջ մտնում է նաև նման դժվար պահերին միմյանց օգնության հասնելը: Հենց մեկը նկատեր, որ մյուսը անտրամադիր է, անմիջապես մի հումոր-կատակով, մի ոգևորիչ խոսքով բարձրացնում էինք միմյանց տրամադրությունը: Ծանր սթրեսային վիճակ՝ թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական գերհոգնածություն անձամբ ես զգացել եմ մարտական գործողությունների ավարտից հետո…
Յուրաքանչյուր բժիշկ նախ և առաջ պետք է լավ հոգեբան լինի,- շարունակում է Մարատիչը:- Երբեմն մասնագիտական միջամտությունից առաջ շատ ավելի կարևոր է լինում հոգեբանական աշխատանքը վիրավորի հետ՝ լինի ժամկետային զինվոր, սպա, գեներալ, կամավոր, թե քաղաքացիական անձ: Կարևորը՝ հիվանդի վիճակը, խնդիրները հասկանալն է, նրա ցավը կիսելը: Կարևոր է, երբ ուշադիր ու համբերատար լսում ես նրա գանգատները, հաշվի ես առնում անգամ իր ընթացիկ խնդրի հետ կապ չունեցող, բայց նրան այդ պահին հուզող հարցերը: Այսպիսի շփումը հիվանդի մեջ վստահություն է ամրապնդում բժշկի հանդեպ և ապահովում է բուժման պրոցեսի հաջող ընթացքի կեսը: Թիվ չասեմ, բայց տասնյակ ռազմիկներ այդ օրերին նաև հոգեբանական առումով վերականգնվեցին ու վերադարձան շարք:
Օրեր շարունակ բարձր ջերմությամբ բժիշկը հրաժարվել է թողնել դաշտային հոսպիտալը: Գիտակցելով իր այնտեղ լինելու կարևորությունը՝ չնայած կողքից անդադար հնչող հորդորներին, հրաժարվել է կարճ ժամանակով անգամ լքել իր անձնակազմին.
-Նման քայլը դավաճանություն կհամարեի:
Հոկտեմբերի 10-ը Դանիել Մարատիչը չէր էլ հիշի որպես առանձնահատուկ օր, եթե բուժանձնակազմը անակնկալ չմատուցեր.
-Մարտական գործողությունների ամենաթեժ շրջանն էր: Ծանրաբեռնված աշխատում էինք՝ օր ու գիշեր: Հոկտեմբերի 10-ին իմ անձնակազմը, Իշխանաձորի ամբուլատորիայի տնօրեն Լուսինե Սարգսյանի գլխավորությամբ, որոշել էր ինձ անակնկալ մատուցել: Պատերազմական այդ դաժան պայմաններում հաջողել էին մի մեծ տորթ պատվիրել՝ ՀՀ և Արցախի դրոշներով, զինանշանով, մեր ռազմաբժշկական ծառայության նշանով և «Հաղթելո՛ւ ենք» մակագրությամբ: Հիշեցրին, որ տարեդարձ էր այդ օրը: Իհարկե, նշելը երկար չտևեց, հոկտեմբերի 9-ը, 10-ը ամենածանր օրերից էին, բայց անակնկալն, իհարկե, հիշվեց:
Բուժանձնակազմը Իշխանաձորում իր խնդիրները կատարել է նաև հրետակոծությունների, ԱԹՍ-ների հրթիռակոծությունների պայմաններում.
-Հնարավոր չէր կիսատ թողնել վիրահատությունը, վիրավորին սեղանին թողած թաքստոց մտնել: Մի անգամ մեր շենքում վիրահատություն էր ընթանում, ու տեսա, թե ինչպես 5-8 ԱԹՍ-ներ մոտենալով շենքին, մոտ 30-40 մ հեռավորության վրա սկսեցին պտտվել երկնքում: Այդ պահին վիրահատարանում չէի: Անմիջապես «օդային տագնապ» հայտարարեցի, բայց ուշ էր. հանկարծ իրեն բնորոշ դզզոցով ԱԹՍ-ներից մեկը ցած սլացավ ու շենքին շատ մոտիկ մի տեղ պայթեց: Ինձ թվաց, որ բժշկական գումարտակի վիրահատարանին էր հարվածը: Հաջորդ պահին տեսա՝ շենքն անվնաս կանգնած էր, ուրեմն՝ ողջ էին մերոնք…
Բժշկական գումարտակի հիմնական խնդիրը վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելն էր: Բայց որպես հրամանատար՝ Դանիել Մարատիչի համար կարևորագույն խնդիր էր նաև սեփական անձնակազմի անվտանգությունը հոգալը: Գումարտակի բուժանձնակազմն անգամ վիրավոր չի ունեցել: Չի եղել նաև բժշկական սարքավորումների և մեքենաների կորուստ: Երբ թշնամին արդեն մուտք էր գործել Իշխանաձոր, ստիպված էին նահանջել ավելի խորը թիկունք՝ դեպի քաղաք Որոտան տեղափոխել հոսպիտալը:
-Ոչինչ չթողեցինք թշնամուն,- կատակում է Դանիել Մարատիչը,- ինչ ունեինք-չունեինք հավաքեցինք, տեղափոխեցինք: Ընդհուպ մինչև մազ կտրելու սարքավորումներն ու սառնարանը:
Գումարտակը տեղափոխելիս պետք է այնպես կազմակերպեին աշխատանքները, որ վիրավորների սպասարկումը անդադար բնույթ կրեր: Այդ խնդիրը նույնպես լիարժեք իրագործվեց: Բժիշկների երկու խումբ էր գործում: Երկու կետում էին վիրավորների ընդունում՝ թե՛ Իշխանաձորում, որից դուրս էին բերում հոսպիտալը և թե՛ Որոտանում, ուր տեղափոխվում էին:
Ի մի բերելով դաշտային հոսպիտալի աշխատանքի արդյունքները՝ Դանիել Մկրտչյանը նշում է.
-Պատերազմի ամբողջ ընթացքում բոլոր բժշկական ստորաբաժանումները, այդ թվում նաև մեր բժշկական գումարտակը համալրված է եղել և՛ բժշկական անձնակազմով, և՛ անհրաժեշտ բոլոր միջոցներով: Չի եղել մի վիրավոր, որին բժշկական օգնություն չցուցաբերվեր: Չի եղել մի դեղամիջոց կամ սարքավորում, որ անհրաժեշտ լիներ, ու մենք չունենայինք: Մեր բոլոր վիրավորները լիարժեք բժշկական օգնություն են ստացել: Դրա ապացույցն է փրկված կյանքերի մեծ թիվն ու մահացության շատ քիչ դեպքերը:
…Բժշկական գումարտակի անձնակազմի անդամներն այսօր պատերազմական օրերի ծանր հիշողություններից զատ, ժպիտով ամենատարբեր դեպքեր ու դիպվածներ են հիշում Դանիել Մարատիչի հետ կապված: Հիշում են, թե ինչպես էր վիրավորներին զննելուց առաջ հոգատար հոր պես իր ձեռքով լողացնում, մաքրում վերքերը: Թե ինչպես օգնության շտապելիս ճակատը վնասել էր «Ինկասատորի» մեքենան մտնելիս և ուրիշ շատ դեպքեր: Նրանք տեսել ու զգացել են, թե ինչ է Դանիել Մարատիչի հիշատակած թիմային աշխատանքը, որի արդյունքում պատվով հաղթահարել են իրենց կյանքի, թերևս, ամենամեծ ու դժվար փորձությունը և բազում կյանքեր փրկել…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
և ԴԱՆԻԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ անձնական արխիվից
Խորագիր՝ #07 (1429) 27.04.2022 - 03.05.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում