Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ԶԻՆՎՈՐԸ



ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ԶԻՆՎՈՐԸՀայ զինվորը պարզապես Հայրենիքի պաշտպանը չէ, այլ Հայրենիքի խորհրդանիշը, ինչպես պետական դրոշը, հիմնը, Մասիս սարը, Էջմիածինը… Այդպես եմ ես մտածում հիմա, երբ հասուն այր եմ, այդպես եմ մտածել երեկ, երբ դպրոցական տղեկ էի։ Փախչում էի հետճաշյա պարտադիր քնից, Թեհրանի կիզիչ արեւից, մի ստվերոտ անկյուն էի գտնում ու տրվում իմ մոտիկ ու հեռավոր Հայրենիքի երազանքներին։ Եվ զարմանալի կերպով ինձ համար, ի դեպ, նաեւ իմ տարեկից ընկերների, համադասարանցի տղաների համար, որոնք հիմնականում Նժդեհներ էին, Վրեժներ եւ Անդրանիկներ, մեր երազանքների Հայրենիքը երբեք չէր պատկերանում գյուղի ու քաղաքի, փողոցի, շենքի ու շինության տեսքով, այլ միայն ու միայն եռագույն տարբերանշանով համազգեստ հագած Հայ զինվորի կերպարանքով։ Ինչո՞ւ հենց զինվորի, ես այն ժամանակ չէի կարող հասկանալ, բայց հավանաբար այն պարզ պատճառով, որ ես ու իմ հասակակից ընկերներն ինչ-որ ներքին ձայնով, արյան կանչով հասկանում էինք, որ Հայ զինվորը հայրենիքի անկախության եւ ինքնիշխանության խորհրդանիշն է…

Արվեստագետների, մտավորականների, բանաստեղծների ու գրողների կողմից զինվորականի գովքը, զորական ուժի փառաբանումը մեկ եւ միակ նպատակ ունի` Հայրենիքի անվտանգություն, պատերազմի մերժում եւ բացառում, խաղաղության ամրապնդում։ Այս կարծիքին են, համոզված եմ, աշխարհի բոլոր առաջադեմ արվեստագետներն ու գրողները, այս կարծիքին են նաեւ իմ հայրենիքի  գրչակից ընկերները, այս կարծիքին են նաեւ իրանական գրականության եւ մշակույթի մշակները։ Ժամանակակից իրանցի գրողներից շատերը իրանաիրաքյան երկարատեւ եւ արյունահեղ պատերազմը սեփական աչքերով տեսած, պատերազմի արհավիրքները սեփական մաշկի վրա զգացած մարդիկ են։ Եվ եթե պատերազմական թեման այսօր իրանական ժամանակակից գրականությունում  ամենից շատ արծարծվողներից է, ապա միայն մանկան արցունք չտեսնելու, կանանց ու մայրերի լաց չլսելու եւ հայրենիքը խաղաղ տեսնելու մտահոգությամբ է թելադրված։ Այս պատճառով է, որ հայ գրողների այն ստեղծագործությունները, որոնք այս կամ այն կերպ  առնչվում են պատերազմական թեմային կամ Արցախյան պատերազմի անդրադարձներն ունեն, այդպես հասկանալի ու սրտամոտ են իրանցի մտավորականին ու հասարակ ընթերցողին։

Նման գնահատականները խոսում են ոչ միայն գրական մշակների, այլեւ ամբողջ ժողովրդի ու պետության առ Հայաստանն ու հայ ժողովուրդն ունեցած անկեղծ ուշադրության եւ բարեհաճ վերաբերմունքի մասին։

Ավելորդ չեմ համարում ասել, որ Իրանի ժողովրդի եւ պետության ջերմ վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ խոր արմատներ ունի։ Հայերը մեծ ներդրում են ունեցել եւ ունեն այդ երկրի հասարակական, քաղաքական, կրթական եւ մշակութային կյանքում։ Հեռու չգնամ եւ տամ Շեքսպիրի անզուգական թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանի անունը։  Նա այդ երկրի լիազոր դեսպանն է եղել Անգլիայում, Ճապոնիայում, բազմաթիվ անգամ ղեկավարել է Իրանի դիվանագիտական պատվիրակությունները եվրոպական տարբեր երկրներում։ Պատմում են, որ երբ ստեղծվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Հովհաննես Մասեհյանը դիմում է ներկայացրել պարսից արքունիք` խնդրելով իրեն ազատել պարսկահպատակությունից եւ դիվանագիտական պարտականություններից, քանի որ ինքը հիմա էլ ուզում է իր փորձն ու կարողությունները ծառայեցնել իր նորանկախ հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը։ Շահը պատասխանել է, որ հարգարժան դեսպանն ազատ է իր ընտրության մեջ, բայց նրա պարսկահպատակությունը մեծ պատիվ է Իրանի ժողովրդի համար։ Ափսոս, մեծ հայրենասերի երազանքն անկատար է մնում. նա վախճանվում է Ճապոնիայից Իրան վերադառնալու ճանապարհին…

Հա՛յ զինվոր, դու ունես Աստծո օրհնությունը, ուրեմն, քո գործն արդար է, առաքելությունը` սուրբ։

 

ԱՆԴՐԱՆԻԿ ԽԵՉՈՒՄՅԱՆ

դրամատուրգ, թարգմանիչ

Խորագիր՝ #07 (1429) 27.04.2022 - 03.05.2022, Բանակ և հասարակություն


28/04/2022