Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԱՐԳԱՑԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ



ԶԱՐԳԱՑԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿԶրույց Երկրապահ կամավորականների միության Երևանի կենտրոն բաժանմունքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՌՈՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ

 

-Պարոն Մխիթարյան, Դուք անկախությունից ի վեր՝ երկու պատերազմների մասնակից եք, երկու անգամ վիրավորվել եք, պարգևատրվել եք «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ու բնական կլիներ, որ մենք զրույցն սկսեինք հենց ազատագրական պայքարից, հիշեինք անցյալ դարի 90-ականները: Այդ տարիների նկարներում և մամուլի հրապարակումներում դուք երկարամազ տղա եք, իսկ հոդվածներն էլ պատմում են «Էլիպս-ռոք» անսամբլի մասին, որը հաջող ելույթներ էր ունենում Հայաստանում ու նրա սահմաններից դուրս: Դուք այդ խմբի մեներգիչն էիք: Ինչպե՞ս եղավ երկարամազ երգչից անցումը ռազմիկի:

-Ես արվեստագետի ընտանիքում եմ ծնվել: Մայրս՝ Լենա Մխիթարյանը, Թաթուլ Ալթունյանի օրոք պարել է երգի-պարի պետական անսամբլում: Ես, կարելի է ասել, կուլիսներում եմ մեծացել: Մի օր պոլիտեխնիկում սովորող ընկերներս խնդրեցին ինձ որպես երգիչ մասնակցել «Ուսանողական գարուն» փառատոնին: Մենք խումբ հավաքեցինք, երգեր գրեցինք: Մեր ելույթը այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ որոշեցինք շարունակել համագործակցությունը:

-Այդ ժամանակաշրջանի հրապարակումները վկայում են, որ Դուք երգի ժամանակ բեմում պատռել եք Գորբաչովի նկարը: Փաստորեն, քաղաքական երգեր եք երգել:

-Այո՛, մենք մերժում էինք բռնապետությունն ու երգում էինք ազատության մասին: Հետո մեզ ծեծում էին ոստիկանության կամ ԿԳԲ-ի նկուղներում, բայց մենք շարունակում էինք երազել, մինչև եկավ գործելու ժամանակը՝ սկսվեց ազգային-ազատագրական շարժումը: Երեք եղբայրներով՝ ես, Ժանն ու Ռոլանդը, կամավորական ջոկատ կազմավորեցինք ու մեկնեցինք ռազմաճակատ: Ես եղել եմ ջոկատի, այնուհետեւ՝ կամավորական գումարտակի փոխհրամանատարը։ 2016 թվականից Ռոլանդի ծանր հիվանդանալուց հետո ստանձնել եմ հրամանատարի պաշտոնն առ այսօր։ Նաև ղեկավարում եմ «Արծիվ-28. Արցախյան ազատամարտի մասնակիցների միություն» հասարակական կառույցը, որը համախմբում է ջոկատի նախկին մարտիկներին, ինչպես նաեւ քառօրյա մարտական գործողությունների և 44-օրյա պատերազմի մասնակից պահեստազորայիններին և զինծառայողներին:

-Ճի՞շտ է, որ Դուք հենց առաջին մարտական հերթապահության ժամանակ կարողացել եք դիվերսանտ գերեվարել:

ԶԱՐԳԱՑԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ-Վայքի Նոր Զնաբերդ գյուղի դիրքերում էր: Դիվերսիոն խմբի հրամանատարին ե՛ս գերեվարեցի, մյուսներին՝ մեր տղաները: Հետո ես ու գերեվարված հրամանատարը զարմացած նայում էինք իրար՝ ես իր աժդահա չափսերին, նա՝ իմ վտիտ մարմնին, ու զարմանում էինք, թե ինչ կատարվեց:

Նա, ով թեկուզ մեկ օր եղել է պատերազմի դաշտում, գիտի, որ հայն ու ադրբեջանցին խիզախության առումով անհամեմատելի են: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները բոլոր նախադրյալներով, մեկնարկային հնարավորություններով տասնապատիկ գերազանցում էին մեզ: Երկրաշարժի վերքերը դեռ թարմ էին, հազարավոր մարդիկ մնացել էին անօթևան, նրանց էին միացել Ադրբեջանից տեղահանվածները: Երկրում բառացիորեն մոլեգնում էր սովը: Թիկունքը թշվառության մեջ էր, իսկ ռազմաճակատում թշնամին զենքով ու մարդկային ներուժով բազմապատիկ գերազանցում էր մեզ: Բայց մենք հաղթեցինք, այն պարզ պատճառով, որ ավելի քաջ էինք: Մենք կրակում էինք մինչև վերջին շունչը, իսկ թշնամին փախչում էր՝ փրկելով իր կյանքը: Ե՛վ ապրիլյան մարտական գործողությունների, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ պատկերը նույնն էր: Թեև ուժերի հարաբերակցությունը աներևակայելի մեծ էր, բայց որտեղ ադրբեջանցի զինվորն ու սպան հանդիպել են հայ զինվորին ու սպային, պարտվել են: Մերոնք մեկը տասի, քսանի դեմ են կռվել: Մեր խրամատները լցված էին ադրբեջանցի զինվորների դիերով: … Մենք ապշում էինք, թե ինչպես են նրանք հագնված, զինված: Հնարավոր ամեն ինչ ունեին:

Բացի այդ, մեր սահմանների զգալի մասում միայն առաջնագիծն էր կահավորված. մինչդեռ պիտի երկրորդ, երրորդ գծերը ամենայն բծախնդրությամբ կահավորված լինեին: Ըստ իս՝ մենք պատրաստ չէինք այս վերջին պատերազմին:

Դեռ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ պարզ դարձավ, որ ուժերի հարաբերակցությունը մեծապես փոխվել է հօգուտ Ադրբեջանի:

-Բայց Ադրբեջանն է զինադադար խնդրել:

-Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանը շոշափեց մեր հնարավորությունները: Նա հանդիպեց մեր բանակի, մեր զինվորի կատաղի դիմադրությանը ու հասկացավ, որ հաջողության հասնելու համար պետք է ուժերի տարբերությունը հասցնել առավելագույնի:

-Ու գործին միացավ Թուրքիան…

-Եթե Ադրբեջանը իր ամբողջ ներուժով առանց Թուրքիայի դուրս գար մեր դեմ, մենք կհաղթեինք նրան: Ալիևը դա գիտի: Գիտեն ադրբեջանական բանակի բոլոր սպաներն ու զինվորները:

Դուք երբեք չեք տեսել իրար դեմ կանգնած հայ ու ադրբեջանցի զինվորի, դրա համար գուցե չհասկանաք ասածս: Դուք չեք տեսել տասը, տասնհինգ ադրբեջանցու առաջ մեն-մենակ կանգնած հայ զինվորի աչքերի կրակը ու ադրբեջանցիների սոսկումը, փախուստը… Չեք տեսել:

-44-օրյա պատերազմո՞ւմ…

-Այո՛, և՛ Արցախյան առաջին պատերազմում, և՛ ապրիլյան մարտական գործողություններում, և՛ 44-օրյա պատերազմում: Ես այնքան հպարտ եմ իմ ազգային պատկանելությամբ: 44-օրյա կռվից հետո այդ հպարտությունը բազմապատկվեց; Մի բան ասեմ՝ նոր սերունդը մեզնից լավն է: Մեզնից հայրենասեր է, մեզնից քաջ է, մեզնից կենսունակ է:

…Հայոց քաջարի, պատվախնդիր, վեհագույն երիտասարդ սերունդը 44 օր կռիվ տվեց աշխարհի լավագույն զենքերի դեմ: Զենքի դեմ համապատասխան զենքը պիտի կռվեր, իսկ մեր տղաները հայրենիքը պաշտպանեցին կանգնելով ՆԱՏՕ-ի երկրորդ պետության սպառազինության դեմ: Ադրբեջանցիները գիտեն՝ աշխարհում չկա մի զենք, մի ուժ, որը կարողանա զսպել հայի էն ոգին, որ իրենք տեսան պատերազմի դաշտում: Տեսան նաև իրենց թշվառությունը: Նրանք հասկանում են, որ մեր հաղթանակն ընդամենը հետաձգվեց:

-Ճիշտ եք. հաղթող երկիրը այդքան դաժան չի վարվում գերիների հետ: Վրիժառության ծարավ չի ունենում: Ջանքեր չի անում իր ժողովրդի ոգին բարձրացնել՝ ցուցադրելով ռազմավարը…

-Ադրբեջանը պարտված երկիր է: Թուրքական բանակի ու օտարերկրյա ահաբեկիչները թիկունքից ծիկրակող բանակին բռնազավթած հողերն անգամ չեն կարող փրկել վախի ու թերարժեքության բարդույթից:

-Դուք դպրոցում զինղեկ եք, այս ամենը պատմո՞ւմ եք Ձեր աշակերտներին:

-Նախնական զինվորական պատրաստությունն ամենակարևոր առարկան պիտի լինի Հայաստանի դպրոցներում, իսկ ռազմագիտության ուսուցիչը՝ ամենասիրվածն ու հեղինակավորը: Ես մասնագիտական առարկա չեմ դասավանդում, ես աշակերտներիս նախապատրաստում եմ գալիք զինծառայությանը ու նրանց երակներում հայրենասիրություն եմ ներարկում: Նախնական զինվորական պատրաստությունը գիտություն է Հայրենիքը պաշտպանելու մասին: Մենք միասին սովորում ենք, թե ինչպես սիրենք հայրենիքը և ինչպես նվիրվենք երկրին ու պետականությանը: Հրաշալի սերունդ է բարձրանում: Ես ու աշակերտներս այնքան կապված ենք մեկմեկու, այնքան ենք սիրում իրար. մեզ մտերմացրել է Հայրենիքը: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ծնողները որոշել են գնալ արտերկիր, աշակերտներս հրաժարվել են մեկնել ծնողների հետ, ծնողները ստիպված փոխել են իրենց որոշումը:

– Ինչո՞վ է զբաղվում Ձեր ղեկավարած «Արծիվ-28. Արցախյան ազատամարտի մասնակիցների միություն» հասարակական կառույցը:

-Հակիրճ կպատասխանեմ՝ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական խնդիրներով, ՀՀ և ԱՀ սահմանների պաշտպանությամբ, ինչպես նաեւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:

-Ի՞նչ է լինելու մեր ապագան:

-Փայլուն: Մենք դուրս եկանք հաղթողի թմբիրից ու մի կողմ ենք դնելու մեր բոլոր տարաձայնությունները, միանալու ենք ու սկսելու ենք կառուցել մեր երկիրն ու բանակը: Զարգացած տնտեսություն, հզոր բանակ՝ սա է թունելի վերջում վառվող լույսը…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #08 (1430) 04.05.2022 - 10.05.2022, Բանակ և հասարակություն


05/05/2022