Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՌՆԻԿԱ



ԳԵՌՆԻԿԱԼԻԼԻ ՊՐՈՄԵՏ

 

«Գեռնիկան» պատկերում է տառապող մարդկանց, կենդանիներին, շինությունները, որոնք պատերազմի ու քաոսի ազդեցությամբ այլակերպվել են։ Աշխարհում ոչինչ չի փոխվել…

 

Դոն Խոսե Ռուիսը ծաղիկներ եւ աղավնիներ էր նկարում,  իսկ կինը՝ Մարիան, ձեռքն ամուսնու ուսին հենած, հետեւում էր նրա աշխատանքին: Երբ նրանց որդին՝ Պաբլոն, մի քիչ մեծացավ, նա էլ հոր նման խաղաղության թռչուններ էր նկարում:

Պաբլոն դեռ վաղ հասակից իր համար բացահայտեց, որ ամեն իր, իրողություն, տրամադրություն ու միտք ունեն իրենց գուներանգը: Եվ գույները նույնքան բազմազան են, որքան եւ մտքերը. ռոմի շիշն ու բաժակը սեւ գույնի են, հովհարով կինը՝ երկնագույն բլուզով ու մուգ մազերով, մերկ բնորդուհին՝ կանաչ զուգագուլպաներով եւ կարմիր կոշիկներով, մանկան հետ նստած միմոսը՝ վարդագույն տրիկոյով եւ խեղկատակի թասակով, ագռավով կինը գորշ դեմքով է, Պիեռոն՝ ծաղկավոր գծավոր, Արլեկինը՝ կարմիր…

Բայց եկավ մի օր, եւ Պաբլոն դեն նետեց ներկապնակը. «Ի՞նչ գույն ունեն բռնությունը,  վրեժխնդիր ատելությունը, արյան հոտը…

Ի՞նչ գույնի են դուրս պրծած աչքերը, սպանությունը…»:

Գույները լռում էին:

«Ի՞նչ գույն ուներ 1937 թ. ապրիլի 26-ը։ Ի՞նչ գույնի էին ֆաշիստական «Կոնդոր» լեգեոնի ռմբարկուները: Ի՞նչ գույնի էր բասկերի քաղաք Գեռնիկայի ողբերգությունը,  այն երեք ժամերը,  երբ Գեռնիկան ջնջվեց աշխարհի երեսից… Եվ վերջապես՝ ի՞նչ գույն ունեին այն  երկու հազար դիակները …»:

Պաբլոն չէր ցանկանում  լոկ պատճենողը լինել զարհուրելի այդ երեք ժամերի, այլ կամենում էր մերկացնել դրանց էությունը…

Նա կամենում էր պատկերել, թե ինչպես են իրար հակադրվում սպանելու անասնական կիրքն ու վրեժխնդրության ծարավ ժողովրդի պոռթկումը…

Գույները համրացել էին, եւ նկարիչը մի կողմ նետեց ներկապնակը.

-Այնժամ թող խոսեն այլաբանություններն ու սիմվոլները, եթե ներկերը շարունակում են լռել,- բացականչեց Պիկասոն:

Եվ ամփոփեց Գեռնիկայի ողջ հանցագործությունները: Պատկերեց խեղդուկ մի տարածքում եւ՛ անասուններին, եւ՛ նրանց  զոհերին…

Եվ ծնվեց մի տարօրինակ ասք՝ հերոսության, բուռն ցասման, մեռելաթաղի լապտերների լույսի ներքո՝  մարդաորսի…

Այստեղ ատելությունից եւ ցավից խենթացած մայրն է, որ ձեռքերի մեջ սպանված զավակին պահելով, անեծք է տեղում տեւտոնական ցուլի երեսին:

Այստեղ մարդն է՝ դուրս պրծած աչքերով, լայն բացած երախով, որ մեռնում է եւ անելանելիությունից  ձեռքերն է երկինք կարկառել, ասես գութ է աղերսում ….

Այստեղ խողխողված մարտիկը ջղաձգորեն սեղմում է ձեռքում սրի մի կտորը, իսկ սրի շեղբը մխրճված է կենդանու որովայնը….

Սա գիտակցության կործանումն ու զարթոնքն է, միստիկական տեսիլքն ու իրականությունը համատեղ:

…. 1940 թվականին, գերմանական զորքերի` Փարիզ մտնելուց որոշ ժամանակ անց, Պաբլո Պիկասոյի մոտ են գալիս գեստապոյից։  Նկարչի սեղանին «Գեռնիկա» նկարի վերատպությամբ բացիկներ էին դրված։

Դիտելով սարսափների այս խառնիճաղանջ պատկերը, վերմախտի սպան շրջվեց դեպի նկարիչը.

-Սա Դու՞ք եք արել,- հարցրեց նա:

-Ո՛չ, դա դուք եք արել,-  պատասխանեց Պաբլո Պիկասոն:

Թարգմանությունը՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (1431) 11.05.2022 - 17.05.2022, Հոգևոր-մշակութային


13/05/2022