ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
Այդպես էլ գիտեի։ Ընկանք կրակի բերանը։ Լույսը բացվելուն պես թուրքերը նկատեցին ու սկսեցին կրակել։ Իսկ էդ տհասն աննկատ չքվել էր։ Ձեռքս ընկներ՝ կգնդակահարեի։ Հազար ասի՝ սա դիրքի համար հարմար տեղ չի։ Հողն էլ քարոտ, չոր՝ մինչեւ լուսանալը հնարավոր չէր խրամատավորվել։ Հիմա ինքն աննկատ չքացել է՝ սեփական զինվորներին թողնելով կրակի մեջ։ Քանի անգամ որոշեցի տղերքիս վերցնեմ, գնամ, բայց մարտական հրաման էր՝ անցնել իրենց տրամադրության տակ, որպես օգնական ուժ։ Մինչեւ լույսը բացվելը հազիվ երկու թզաչափ խորությամբ խրամատ փորեցինք։ Հիմա ութ հոգով, նորածին շան քոթոթների նման, շուլալվել են իրար, սեղմվել գետնին, կծկվելուց շնչահեղձ են լինում։ Իսկ թուրքը դիմահար կրակով ավելի ու ավելի է սեղմում գետնին։ Գետնից ընդամենը մեկ մետր բարձրության վրա տարբեր տրամաչափի փամփուշտների ցանց է առաջացել։ Անընդհատ կրակում են։ Աննշան սխալ շարժումը ծանր հետեւանքներով է հղի։
Ես դրսում եմ մնացել։ Տարիների փորձն ու կոփվածությունն օգնում են սառնասրտորեն ստեղծված իրադրությունից դուրս գալու ելք փնտրել։ Բոլորն անփորձ տղերք են։ Զորակոչվելով՝ միանգամից առաջին գիծ են խցկել մի քանի օր առաջվա անհաջող մարտերի պատճառով առաջացած ճեղքվածքը փակելու համար։ Մի քանիսը, որ պառկած են դեմքով դեպի ինձ, աղերսող հայացքով աչքերիս են նայում։ Նրանք էլի փոսի մեջ են, երիտասարդ, կարող են դիմանալ։ Իմ վիճակն ավելի վատ է՝ դրսում եմ, գնդակները, համազգեստիս քսվելով, անցնում են։
¬Ձեր էդ… հրամանատարն ո՞ւր է,¬ հայհոյում եմ ու հոգիս թեթեւանում է։ Երկու ելք կա՝ կա՛մ հարթավայրի այրող արեւի տակ գետնին կպած մնալ մինչեւ մութն ընկնելը, կա՛մ դուրս գալ։ Առանց ջրի մնալ դժվար կլինի։ Եթե դրան էլ ավելացնենք նյարդային լարվածությունը՝ անհնարին։ Նորից բարձրաձայն հայհոյում եմ անհետացած հրամանատարին. կարծես հիմա ամենակարեւորը դա է։
Ընդամենը տասը, քսան րոպե է անցել, բայց, թվում է, թե մի քանի ժամ պառկած ենք, կպած գետնին։ Արեւն սկսել է այրել։ Մեր ետեւից ու կողքից կրակում են, ինչ¬որ խորհուրդներ տալիս, բայց ոչնչով օգնել չեն կարող։
Զգուշորեն շրջվում եմ դեմքով դեպի մեր դիրքերը։ Համարյա հարյուր մետր առաջ ենք։ Փրկվելու համար պետք է այդ հարյուր մետրը ետ գանք։ Թե ինչու են այդքան առաջացել, չեմ հասկանում։ Կարծես դիտավորյալ թիրախ են դարձրել։ Հարյուր մետրը վազելը հեշտ է, քայլելը՝ ավելի հեշտ։ Բայց սողալը՝ երբ հետդ քարշ ես տալու ավտոմատը, գրպաններդ լցված նռնակներն ու պահունակները, երբ մեջքդ, հետույքդ, ուսդ մի քիչ անզգույշ բարձրացնելուց կարող ես վիրավորվել կամ զոհվել, երբ նյարդերիդ բոլոր, ամենաչնչին լարերը ծայրահեղորեն ձգված են, շատ դժվար է լինելու։ Սակայն դա միակ փրկությունն է։ Մեկին, որ դեմքով դեպի ինձ էր պառկած, փորձում եմ համոզել, որ դուրս գա փոսի մեջ անշարժացած կծիկից, ետ սողա։ Դեմքը ջղաձգվում է, աչքերի բիբերը լայնանում են, ոչ մի պատասխան չի տալիս։ Անհնարին է համոզել։
¬Տղե՛րք,¬ խնդրում եմ,¬ մեր միակ փրկությունը սողալով, զգուշորեն դուրս գալն է։
Ոչ ոք չի պատասխանում։ Զինվոր չեն, որ կարգադրես։ Ոչ ոք չի ուզում առանձնանալ։ Միասին իրենց ապահով են զգում։
Թուրքերը, զգալով, որ գնդացրից, ավտոմատից օգուտ չկա, սկսում են ականանետից կրակել։ Վիճակն ավելի է ծանրանում։ Արկերն ավելի ու ավելի մոտիկ են պայթում։
¬Տղե՛րք,¬ նորից եմ խնդրում,¬ մեկն առաջինը պիտի լինի։ Հետո բոլորդ հերթով դուրս կգաք։ Եթե մնանք, բոլորս անիմաստ սատկելու ենք։
Լռում են։ Հանկարծ մեկը ճչում է։ Անզգուշորեն ուսը բարձրացրել է։ Այդ վիճակում վիրակապելն էլ հնարավոր չի։ Անընդհատ գոռում է։ Ապա, երեւի ցավից շփոթահար, նստում եւ անմիջապես խոցվում է։ Փոսի մեջ անշարժացած կծիկը կարմրում է։
¬Դու՛, է՛յ,¬ գոռում եմ դեմքով դեպի ինձ պառկածին, անունն էլ չգիտեմ՝ չենք հասցրել ծանոթանալ,¬ դու՛, դու՛րս արի։ Առաջինը դու՛ պետք է լինես… Այսպես բոլորս հերթով սատկելու ենք, եթե մնանք։
¬Չէ՛,¬ սարսափահար գոռում է,¬ ինչու՞ հենց ես։ Թող մի ուրիշը դուրս գա։
¬Հենց դու՛,¬ ողջ կոկորդով մեկ գուռում եմ,¬ թե չէ՝ կսատկացնեմ,¬ ձեռքս տանում եմ ատրճանակին։
Մինչ մենք պայքարում ենք՝ միմյանց հոգեբանորեն կոտրելու, մնացածը լռում են։ Փոսի մեջ անշարժացած կծիկը կարծես մեկ մարմին լինի։ Ճակատագրի նույնությունը միավորել է, դարձրել մի հավաքական կամք, մի մարմին։
Դեմքով դեպի ինձ պառկածն արցունքոտված աչքերով նորից նայում է ինձ, ապա զգուշորեն սկսում անջատվել կծիկից։ Ձեռքը բռնում եմ եւ մանրամասնորեն բացատրում, սրտապնդելով առաջ մղում։ Շունչս պահած հետեւում եմ։ Թվում է, թե չի շարժվում։ Անցնում է մոտ տասը մետր, քսան, երեսուն… Ու անշարժանում՝ հոգնում է։
¬Չբարձրանա՛ս,¬ գոռում եմ,¬ հանգստացի՛ր, նորից շարժվիր, արդեն քիչ է մնում։
Վերջապես նորից սկսում է սողալ։ Շուտ¬շուտ կանգ է առնում։ Փորձում է ետ նայել։ Երեւի չի դիմանում նյարդային լարվածությանը։ Անսպասելիորեն ոտքի է կանգնում, սկսում վազել։
¬Պառկի՛ր,¬ գոռում եմ,¬ պառկի՛ր, ա՛յ ախպեր։ Պառկի՛ր, ես քու…
Դիրքերից էլ են գոռում։ Բոլոր մոտիկ դիրքերից հետեւում են։ Սակայն չի լսում։ Մոտ քսան մետր է մնում, որ դուրս գա կրակի գոտուց։ Կարծես ոտքը քարին է դեմ առնում։ Երեսնիվայր փռվում է գետնին ու անշարժանում։ Զգում եմ, որ հուսահատությունից գիտակցությունս կորցնում եմ։ Մարմինների կծիկից մի քանի դեմքեր շրջվել են դեպի վազողը։ Տեսել են նրա զոհվելը։ Հիմա այլեւս հնարավոր չէ համոզել որեւէ մեկին։ Լացը խեղդում է կոկորդս։ Քիչ է մնում՝ ոտքի կանգնեմ։ Սկսում եմ աննպատակ կրակել դեպի թուրքերը։ Արկերը պայթում են չորս կողմերում։ «Այսպես բոլորս կսատկենք,¬ մտածում եմ,¬ հարկավոր է արագ հեռանալ»։ Խրամատը փորել էլ չենք կարող՝ փամփուշտները խոտի նման հնձում են ճանապարհին հանդիպող ամեն ինչ։ Դեռ լավ է, որ տեղանքը թույլ չի տալիս ավելի ցածր կրակել։ Ճակատագիր ասվածը մեզ համար թողել է այդ մեկ մետր անվտանգ տարածությունը։ Հարկավոր է արագորեն օգտվել ընձեռված հնարավորությունից։
Մարտական ժիլետի գրպանները խցկած պահունակներն ու նռնակները ճնշում են կուրծքս։ Սիրտս նեղվում է։ Զգում եմ՝ ինչպես է արյունս ճնշում քունքերս, աչքերս կարծես դուրս են թռչում։ Փորձում եմ զգուշորեն փոխել դիրքս։ Արագորեն շրջվում եմ մեջքիս վրա, շունչս տեղը բերում։ Այլ ելք չկա, հարկավոր է դուրս գալ։ Շունչս տեղը բերելով՝ նորից գործի եմ անցնում։ Իմ դասակից Գեւորգը դեմքով դարձել է դեպի ինձ։
¬Գեւո՛րգ,¬ ասում եմ,¬ ես էդ հրամանատարի… Դուրս եկանք, սատկացնելու եմ։ Անջատվիր մսագնդից, տղամարդ եղիր…
Գեւորգը վախեցած շրջում է հայացքը։ Հասկանում եմ, որ անիմաստ է համոզելը։ Հուսահատությունից կատաղում եմ։
¬Գեւո՛րգ, վախկո՛տ շան տղա, դեմքդ մի՛ շրջիր, զինվորը գնդակից չի վախենա։¬ Ապա սողալով մոտենում եմ, սկսում խփել մեջքին, ծոծրակին, գլխին։ Ավելի է կծկվում։ Ձայն չի հանում։
¬Ախր, էսպես բոլորս սատկելու ենք։ Չենք դիմանա մինչեւ մութն ընկնելը։
Մոտիկ մի արկ է պայթում։ Մսագունդը ցնցվում է։ Ապա ավելի կծկվում։ Արյունոտ մսագունդ է։ Դիակը հրել են մի կողմ։ Բայց ձեռքերը, արտահագուստը, դեմքը, կոշիկները կորած են արյան ու հողի շաղախի մեջ։ Ութից երկուսն արդեն զոհվել են։ Անմիտ, անիմաստ երկու զինվոր կորցնելը ոչ մի հրամանատարի չի կարելի ներել։ Դուրս գանք, էդ դասալիք շան որդուն սատկացնելու եմ… Իմ ձեռքով եմ գնդակահարելու…
Դիրքերից շարունակում են կրակել թուրքերի ուղղությամբ։ Խորհուրդներ են տալիս։ Կարծես կինո դիտելիս լինեն։ Եթե մի տանկ ունենայինք, մի զրահամեքենա, կփրկվեինք։ Մի տանկի եղածն ինչ է, որ չկա:
Հիասթափված նորից շրջվում եմ մեջքի վրա, փակում աչքերս՝ կարծես թե հանձնվում եմ իրադարձությունների ընթացքին։ Նորից մի արկ է պայթում՝ բոլորովին մոտիկ։ Բեկորները կատաղած շան նման ժնգժնգալով թռչում են տարբեր ուղղություններով։ «Մի՞թե վերջն է»,¬ մտածում եմ։ Մի պահ որոշում եմ թողնել բոլորին, սողալ դեպի փրկությունը։ Կտրուկ շարժում եմ անում։ Հերն էլ անիծած, ո՛չ իմ մարտական ընկերներն են, ո՛չ էլ կարգին զինվոր։ Նույնիսկ զգուշորեն մի քանի մետր ետ եմ շարժվում։ Բայց մսե կծիկը մագնիսի նման ձգում է։ Կանգ եմ առնում։ «Հետո ամբողջ կյանքում երազում տեսնելու եմ… բայց ես չեմ սրանց բերել պատերազմ… Ոչ էլ ես եմ այս վիճակի մեջ գցել…,¬հակաճառում եմ ինձ,¬ եթե մնամ, ինքս էլ զոհվեմ, ի՞նչ օգուտ… Գոնե մեկը փրկվի, էլի գործ է…»։
Բայց չեմ շարժվում։ Կանգ եմ առել։ Միայն միտքս է գործում։ Վերջապես հասկանում եմ, որ չեմ կարող թողնել, հեռանալ։
Նորից չարչարանքով, մոտենում եմ մսակծիկին։
¬Տղե՛րք, ես ձեր ցավը տանեմ…Ես ձեր մերը… Ձեր մեջ մի տղամարդ չկա՞… Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ինչպես, երբ եք մեռնելու։ Ավելի լավ չի՞ տղամարդավարի զոհվեք։ Ախր, ճիճուների նման գնդվելով, չեք փրկվի։
Մսակծիկը չի արձագանքում։ Հաջորդ արկն ավելի մոտիկ է պայթում։ Նորից լսվում է մեկի ճիչը։ Բեկորը խոցել է ոտքը։
¬Չբարձրանա՛ս, պառկի՛ր,¬ գոռում եմ։
Ձեռքը ձգվում է դեպի վիրավոր ոտքը։ Բնազդորեն ուզում է սեղմել։ Կծիկից մեկը կենդանանում է, ընկերոջը ցած սեղմում, փրկում զոհվելուց։ Վիրավորը դիմադրում է, աշխատում հասնել արնահոսող ոտքին։ Ընկերը, բազուկների մեջ սեղմած, փրկում է։ Ընդամենը մեկ մետր կենսական տարածության մեջ ընկերոջ կյանքը փրկելու փորձն արդեն հուսադրող է։
¬Անունդ ի՞նչ է,¬ դիմում եմ մի քանի ժամվա ծանոթ զինվորին։
¬Վաչիկ,¬ հազիվ լսելի պատասխանում է։
¬Վաչիկ,¬ ասում եմ,¬ դու էս մսե կծիկի մեջ եղած միակ տղամարդն ես։ Դու՛ արա հաջորդ քայլը։ Եթե կարողանաս դուրս գալ, մնացածը կգան ետեւիցդ։
Նրա մարմինն սկսում է առանձնանալ մսե կծիկից։ Սողում է, տեղավորվում կողքիս։ Ես գրկում եմ նրան։ Այդ պահին նա ինձ համար ամենահերոս զինվորն է. իր կյանքը զոհելու գնով փորձում է իր ետեւից տանել մնացածին՝ ոչ թե հակառակորդի դիրքերը գրավելու, այլ՝ նահանջելու։ Բայց այդ պահին նրա նահանջն ավելի կարեւոր է բոլորիս համար։ Գրպաններից հանում եմ նռնակները, պահունակները։ Թողնում եմ միայն ավտոմատը եւ նորից գրկելով ասում.
¬ Անպայման կանցնես։ Ես համոզված եմ։
Սկսվում է տառապալից սպասումներով ժամանակը։ Լավ է սողում, համաչափ շարժումներով, գետնին կպած, առանց շտապելու, առանց նյարդային կծկումների։ Համոզված եմ, որ տեղ է հասնելու։
Այս փոքրամարմին տղայից է կախված մնացած բոլորիս ճակատագիրը։
Հույսով նայում եմ։ Համոզված եմ, որ կանցնի։ Աստիճանաբար հեռանում է։ Այդ հարյուր մետրը կարծես անսահմանություն լինի… Վերջապես տեղ է հասնում։ Վերջին պահին ետ է շրջվում։ Աչքերը փայլում են։ Ժպտում է, թվում է՝ ոչ թե աչքերով, դեմքով, այլ ողջ մարմնով։ Դեմքին դրոշմված վախը չքացել է։ Սիրտս ցնծում է ուրախությունից՝ նա արդեն իմ ընկերն է, եղբայրը՝ զինվոր է։ Մենք այստեղից անպայման դուրս կգանք ու միասին դեռ երկար ճանապարհ կանցնենք գնդակների ու պայթող արկերի միջով։ Կանցնենք ու չենք զոհվի…
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #09 (1431) 11.05.2022 - 17.05.2022, Հոգևոր-մշակութային