ԵՌԱՏՈՆԸ ԱՎԱՆՈՒՄ
Երևանի Ավանի վարչական շրջանի Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիներին նվիրված Փառքի հուշահամալիրում կայացավ տոնական հանդես՝ նվիրված Եռատոնին։ Ավանի վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Սուրբ Աստվածածին մատուռի սպասավոր Տեր Հարություն քահանա Ավագյանը, ինչպես նաև ՀՀ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի անդամները նախ ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Ազատամարտիկների պուրակում տեղադրված Հայոց զինվորի Փառքի հուշարձանի մոտ։ Այնուհետև հոգևոր հայրը Սուրբ Աստվածածին մատուռում կատարեց ոգեկոչման արարողություն։ Հիմնական միջոցառումը կայացավ Փառքի հուշահամալիրում, որտեղ մեկտեղվել էին ազատամարտիկները, զինվորականներ, Ավանի և տարբեր վայրերի բնակիչներ։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հազարավոր հայ զինվորներին նվիրված հուշաքարի մոտ։ Այնուհետեւ հանդիսավարն անդրադարձավ մեծ Հայրենականում մեր պապերի քաջագործություններին, հայ ժողովրդի կատարած մեծ դերին, Արցախյան ազատամարտին, Շուշիի ազատագրմանը։ Նաև ցավով խոսեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։ Նրա առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհվածների հիշատակը, հնչեց ՀՀ օրհներգը։ Տեր Հարություն քահանա Ավագյանը, շնորհավորելով Եռատոնի առթիվ, իր հայրական օրհնանքը բերեց ներկաներին։ «Հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայած մարդկանց միշտ հիշելու ենք, և յուրաքանչյուրս պարտք ենք մեր նահատակներին, ովքեր ծնվեցին մահկանացու, սակայն անմահացան։ Ես Ձեզ ասում եմ՝ Շուշին հայկական է, Արցախը՝ հայրենիք»,- դիմելով ներկաներին ասաց հոգևոր հայրը՝ նաեւ կոչ անելով հզորացնել մեր բանակը։ Ներկաներին ողջունեց ու օրվա առթիվ շնորհավորեց նաեւ Ավանի վարչական շրջանի ղեկավար Վ. Հակոբյանը՝ արժեւորելով մայիսյան հաղթանակները։ Նա հիշեցրեց նաեւ, որ մայիսի 9-ին կազմավորվել է Արցախի պաշտպանական բանակը, որն անցել է փառավոր հաղթական ուղի։ Ելույթներից հետո տեղի ունեցավ համերգ: Այնուհետեւ Ավանի թիվ 54 մանկապարտեզի զինվորական համազգեստով սաները՝ որպես խաղաղության խորհրդանիշ, երկինք բաց թողեցին կապույտ փուչիկներ…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #09 (1431) 11.05.2022 - 17.05.2022, Բանակ և հասարակություն