ՀՈԳՈՒ ԳՆՈՐԴԸ
Այնպես պատահեց, որ մի անգամ ոմանք պանդոկում գինի էին խմում եւ հարբած խոսում էին միմյանց հետ զանազան բաներից։ Հետո զրույց բացվեց, թե այս աշխարհից հեռանալուց հետո ի՛նչ է լինելու։ Այդ ժամանակ նրանցից մեկն ասաց.
-Քահանաները սնոտի կերպով մեզ ծաղրում են, երբ ասում են, թե հոգիներն այս կյանքից հետո կենդանի են մնում։
Այս լսելով՝ ամենքն էլ ծիծաղեցին։ Եվ ահա ուժեղ ու մեծահասակ մի մարդ, գալով, նրանց մոտ նստեց եւ, հրամայելով գինի բերել, սկսեց ըմպել եւ հարցրեց, թե միմյանց հետ ի՛նչ են խոսում։ Առաջինը պատասխան տվեց.
-Մարդկանց հոգիների մասին էինք զրուցում. եթե մեկը կամենար իմ հոգին գնել, նրան էժան կվաճառեի եւ ինչ-որ առնեի, հոժարությամբ ամենքի փոխարեն գինու գինը կվճարեի։
Եվ երբ բոլորը նրա անմիտ խոսքի վրա ծաղրում էին, հյուրն ասաց.
-Ես այդպիսի վաճառող եմ փնտրում եւ հոժարությամբ կգնեմ։ Ասա՛, ի՞նչ գնով ես վաճառում այն։
Իսկ նա, բերանը բացելով, պատասխանեց.
-Այսքան։
Եվ անմիջապես գինը որոշեցին, եւ հոգիների գնորդը գումարը տվեց։ Եվ երբ ամենքն ուրախությամբ լի բաժակով [գինի] էին խմում, նա, որ իր հոգին էր վաճառել, հոգ չէր անում։ Իսկ երբ երեկո եղավ, վաճառականն ասաց.
-Ժամանակն է, որ յուրաքանչյուր ոք իր տունը գնա, բայց մինչեւ գնալը՝ նախ դատաստան արեք։ Եթե մեկը ձի գնի, եւ այն բերանին սանձ ունենա, մի՞թե սանձը նրանը չի լինի, որ ձին գնել է։
Ամենքն էլ միաբերան պատասխան տվեցին.
-Այդպես է։
Եվ ահա հոգեվաճառ թշվառականն ահից սկսեց դողալ։ Իսկ վաճառականը, նրան առնելով, բոլորի աչքի առաջ վեր բարձրացրեց եւ հոգով ու մարմնով իր հետ դժոխք տարավ, քանզի մարդու կերպարանքով սատանան էր, քանզի մարդու հոգին էլ ուրիշ ո՞վ կգնի, եթե ոչ նա, ով մշտապես փնտրում է, որպեսզի մարդու հոգին կորստյան մատնի։
Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Հոգևոր-մշակութային