Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ՛ ՑԱՆԿԱՑԻՐ



Տասը պատվիրաններ

Նախորդ պատվիրաններով Աստված արգելում էր մարդուն որեւէ կերպով մեղանչել եւ վնասել, վիրավորել մերձավորին, իսկ այս՝ տասներորդ պատվիրանով, զգուշացնում եւ արգելում է նույնիսկ մտքով մեղանչել եւ ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա կամ որեւէ այլ բան, որի պատճառով կարող են մեծ ու ծանր հանցագործություններ ծնվել։ Եվ այս մասին է ասում Քրիստոս Ավետարանում. «Ներսի՛ց մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն» (Մարկ. Է 21-23)։

Ցանկությունը մեղքերի սկզբնապատճառն ու գլուխն է, եւ անհրաժեշտ է հենց սկզբից վերացնել այն, չթողնել, որ աճի ու զարգանա, այլապես ավելի դժվար կլինի նրա դեմ պայքարելը։ Որպեսզի հեռու մնանք այս մեղքից, պետք է աշխատենք մեր կյանքում եւ կենցաղում լինել համեստ, առաքինի, ազնիվ, անշահախնդիր, ողորմած, առատաձեռն, խոնարհ եւ զուսպ։ Այս առաքինություններով մենք կարող ենք ազատվել ցանկությունից ու նրանից ծագող բոլոր չար մեղքերից՝ զեխությունից, չարախոսությունից, բղջախոհությունից, կեղծավորությունից, շահամոլությունից, որկրամոլությունից, ժլատությունից, արծաթսիրությունից, հպարտությունից եւ այլն, որոնք էլ դառնում են մեր հոգեւոր եւ մարմնավոր հիվանդությունների, այնուհետեւ՝ ժամանակավոր եւ հավիտենական մահվան պատճառը։ Եթե որեւէ մեկը մեծահարուստ է, բայց նաեւ աստվածապաշտ, ողորմած եւ բարեգութ, ապա նա ագահ եւ ցանկասեր չէ, այլ արդար է եւ աստվածահաճո, ինչպես Աբրահամը եւ Հոբը։ Իսկ եթե մարդ ոչինչ չունի եւ իր կյանքի նպատակը դարձնում է հարստություն դիզելը եւ փառքի հասնելը, ապա նա դառնում է ագահ, ընչասեր եւ ցանկասեր։ Այս մասին առակողը խրատում է մեզ. «Եթե ունեւոր չես, մի՛ ձգտիր հասնել հարուստին, այլ քո իմաստությամբ հեռացի՛ր նրանից» (Առակ. ԻԳ 4)։

Արդ, հեռու մնանք անձնապաշտությունից եւ աշխատենք միշտ ուրախանալ մեր մերձավորների հոգեւոր կամ մարմնավոր հաջողություններով եւ նվաճումներով, երբեք չտարվենք եսասիրական բաղձանքներով եւ չթերագնահատենք ու չպարսավենք մյուսներին, այլ անձնվիրաբար, մաքուր սիրով սիրենք, որովհետեւ սերը վեր է ամեն ինչից եւ լրումն է բոլոր առաքինությունների. «Արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք երեքը. եւ սրանց մեջ մեծագույնը սերն է» (Ա Կորն. ԺԳ 13)։

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Հոգևոր-մշակութային


28/12/2011