ԿԱՆԱՅՔ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄ
Կանայք վաղուց են իրենց ուժերը փորձում ավանդաբար տղամարդկանց վերապահված գործունեության ոլորտներում, աշխատանքում։ Շատ մասնագիտություններ այլեւս միայն տղամարդկանց մենաշնորհը չեն։ Եվ ուրախալի է, որ կինը դառնում է հասարակության լիարժեք անդամը բառիս ամենաիսկական իմաստով։ Եվ առավել ուրախալի է, որ ասվածը վերաբերում է նաեւ հայ կնոջը։ Հայ կինն այսօր ոչ միայն մայր է, այլև տնտեսության ղեկավար, բիզնեսմեն, նաեւ զինվորական։ Արցախյան պատերազմը մերօրյա հայ կնոջ արիության լավագույն վկայություններից է։ Եվ հայ կինը ոչ միայն պատերազմի դաշտում է տղամարդու կողքին, այլեւ խաղաղության օրերին չի մոռանում հայրենիքի պաշտպանի իր դերն ու կարեւորությունը։ Եվ ինքս ուրախանում եմ, երբ զինվորական համազգեստով կանանց եմ հանդիպում փողոցում, տրանսպորտում, հանդիսությունների ժամանակ։ Եվ բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ ինքս էլ եմ զինվորական ու զինվորական համազգեստ եմ կրում, ո՛չ։ Ուրախանում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ բանակը, ինչքան էլ հզոր լինի, մեր տղամարդիկ ինչքան էլ ուժեղ լինեն, այնուամենայնիվ, կանացի խորաթափանցության, պարտաճանաչության եւ կարգապահության, ներողամտության եւ քնքշության կարիք ունի։
Անցնենք պաշտպանական համակարգի հիմնարկություններով, խոսքս միայն մայրաքաղաքում կամ քաղաքներում տեղակայվածների մասին չէ, այլեւ հեռավոր զորամասերի։ Ամենուրեք հայ կանանց կհանդիպեք, որոնք վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո, որքան պահանջում է օրենքը, կարգը, անտրտունջ զինվորական ծառայություն են իրականացնում։ Նրանք, առանց չափազանցության, իրենց ներկայությամբ հղկում են շրջապատը՝ տղամարդկանց ուժին գումարելով իրենց հոգատարությունը, կանացի իրենց մտքի ճկունությունը, սերն ու նրբանկատությունը։
Ես ինքս պաշտպանական համակարգում ծառայում եմ 21 տարեկանից եւ այս խոսքերի ճշմարտացիության մեջ համոզվել եմ բազմիցս։ Կարեւոր չէ, թե ով ինչպես, ինչ պատճառով է հայրենիքի պաշտպանությանն անդամագրվում, կարեւորը այն սերն ու նվիրվածությունն են, որ դու դնում ես քո գործի մեջ, կարեւորը քո ներկայության անհրաժեշտության գիտակցումն է։
Ինքս մեծացել եմ զինվորական կյանքին, առօրյային, հոգեբանությանը շատ մոտ կանգնած ծնողների ընտանիքում։ Եվ այստեղ եմ «հայտնվել» ոչ միայն «ժառանգականության» սկզբունքով։ Շատ շատերին ինձ նման ծառայության է բերել պարզապես հայրենիքին զինվորագրվելու կոչումը։ Ինքս էլ զինվորական կոչվելու ողջ պատասխանատվությունը զգացի, երբ առաջին անգամ համազգեստ հագա ու հասկացա, որ իմ գործը ոչ միայն պատվավոր է, այլեւ դժվարին ու պատասխանատու։
Ուզում եմ հավատացնել, որ այսօր հայ զինվորական կանանց պատասխանատու այն գործերն են վստահվում, որոնց «հախից» թերեւս տղամարդիկ չգային, այնպիսի գործեր, որոնք պահանջում են դիտողականություն, համբերատարություն եւ ուշադրություն։ Վաղուց անցել են այն ժամանակները, երբ բանակն ընկալվում էր որպես բիրտ ու կոպիտ ուժի խորհրդանիշ։
Մեր բանակն այսօր մի կուռ կառույց է, եւ ուրախ եմ, որ հայ կինն այդ կառույցի անքակտելի ու անբաժանելի մասն է։ Իմ սիրելի քույրեր, իմ ծառայակից ընկերներ, դուք ոչ թե պարզապես ծառայում եք, այլ առաքելություն եք կատարում՝ հայրենիքը պաշտպանելու առաքելություն։
ՏԱԹԵՎԻԿ ԲԱԲԱՅԱՆ
ենթասպա