Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵ՛Ն ՆԵՏԵՔ ԹԹԽՄՈՐԸ



Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման ԽՍՀՄ-ի կազմաքանդման գործընթացն է

– Պարո՛ն Մարգարյան, եկեք մի օրինակի վրա փորձենք հասկանալ, թե մարդու գիտակցության վրա կանոնավոր կերպով կատարվող նպատակաուղղված ներգործությունն ինչպե՞ս կարող է հանգեցնել այդ մարդու աշխարհայացքային կողմնորոշումների, նրա հոգևոր արժեքների փոփոխման:

– Խնդրեմ՝ ԽՍՀՄ փլուզումը, որի ժամանակ, այլ գործոնների հետ մեկտեղ, կարևոր դեր խաղացին «սառը պատերազմի» շրջանում տեղեկութահոգեբանական ոլորտում իրականացված եռանդուն գործողությունները:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Դեռ 1945թ. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ա.Դալեսը հայտարարել էր. «Կավարտվի պատերազմը, ամեն բան ինչ-որ կերպ կհարթվի, կշտկվի: Եվ մենք գործի կդնենք այն ամենը, ինչ ունենք` ամբողջ ոսկին, ամբողջ նյութական հզորությունը մարդկանց հիմարացնելու և խաբելու համար… Մարդու ուղեղը, նրա գիտակցությունը ենթակա են փոփոխման: Այնտեղ քաոս ստեղծելով` մենք աննկատելիորեն նրանց հոգևոր արժեքները կնենգափոխենք կեղծ արժեքներով և կստիպենք հավատալ այդ կեղծ արժեքներին»: Եւ նրանք հասան իրենց նպատակին:

– Ինչպե՞ս:

– Այդ հարցին պատասխանել է հենց Դալեսը: Մեջբերում եմ նրա հայտնի խոսքերը.

«Մենք համախոհներ, դաշնակիցներ կգտնենք հենց Ռուսաստանում: Դրվագ առ դրվագ կխաղարկվի ամենաըմբոստ ժողովրդի կործանման, նրա ինքնագիտակցության վերջնական, անդառնալի մարման` իր մասշտաբներով վիթխարի ողբերգությունը… Գրականությունը, թատրոնները, կինոն, այս ամենը կարտահայտի և կփառաբանի ամենաստոր մարդկային զգացմունքները…. Մենք ամեն կերպ կաջակցենք և կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետներին, որոնք մարդկանց ինքնագիտակցության մեջ կարմատավորեն և գլուխները կմտցնեն սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, մի խոսքով` ամեն տեսակի անբարոյականության պաշտամունքը… Պետության կառավարման համակարգում մենք կստեղծենք քաոս և խառնաշփոթ: Մենք աննկատելիորեն, բայց ակտիվորեն և մշտապես կնպաստենք չինովնիկների, կաշառակերների կամահաճություններին, անսկզբունքայնությանը… Ազնվությունն ու օրինավորությունը կծանակվեն և ոչ ոքի պետք չեն լինի, կվերածվեն անցյալի մնացուկի: Լկտիությունն ու լպիրշությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, անամոթությունը, դավաճանությունը,… ազգամոլությունը, այս ամենը մենք վարպետորեն և աննկատ կսերմանենք, այս ամենը կծաղկի թունդ գույներով… Եվ միայն քչերը, շատ քչերը կկռահեն և անգամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, ծաղրուծանակի առարկա կդարձնենք… Այսպիսով` մենք կքայքայենք սերունդ սերնդի հետևից: Մենք մարդկանց հետ աշխատանքի ձեռնամուխ կլինենք նրանց մանկական, պատանեկան հասակից, հիմնական շեշտը կդնենք երիտասարդության վրա, կսկսենք քայքայել, անբարոյականացնել, ապականել նրանց: Երիտասարդներին մենք կդարձնենք ցինիկներ, դատարկամիտներ, կոսմոպոլիտներ»:

– Պարոն Մարգարյան, բայց չէ՞ որ ԽՍՀՄ-ում գոյություն ուներ ոչ միայն քաղաքական, գաղափարական, այլև բարոյական խիստ գրաքննություն: Այդ ո՞վ կհամարձակվեր խոսել սեքսից կամ բռնությունից, էլ չասած՝ ցուցադրել: Ո՞վ կհամարձակվեր երիտասարդներին հայրենասիրությունից բացի ուրիշ բան սովորեցնել: Եւ կաշառակերությունն էլ այսօրվա չափերը չուներ: Այդ ինչպե՞ս է իրականացել Դալեսի ծրագիրը:

– Այն, ինչ դուք նշում եք, միանգամայն ճիշտ է: Բայց հիշենք` ո՞ր ժամանակաշրջանի համար: Մինչև 1980-ականների կեսը: Ընդ որում, մինչ այդ էլ, եթե հիշում եք, տեսաերիզների ստվերային մեծ շրջանառություն կար, և մարդիկ իրենց տներում գաղտնի դիտում էին ամեն ինչ` և՛ պոռնոգրաֆիա, և՛ սարսափ ֆիլմեր, և՛ բռնություն ու սադիզմ քարոզող մարտաֆիլմեր: Որտեղի՞ց էին այդ տեսաերիզները՝ Արևմուտքից:

– Այո, հիշում եմ, նույնիսկ գյուղերում մարդիկ ընտանիքներով, հարևաններով հավաքվում ու նման «կինոդիտումներ» էին կազմակերպում: Ընդ որում, իրար հետևից դիտում էին մի քանի ֆիլմ՝ «բոևիկ», «սարսափ», «սեքս» հերթականությամբ: «Ոզնի» թերթում նույնիսկ այդ երևույթը քննադատող ֆելիետոններ էին տպագրվում:

– Իհարկե: Ասեմ ավելին: Թեպետ ԽՍՀՄ-ում «երկաթե վարագույր» կար, բայց այն «պաշտպանում» էր միայն հասարակ ժողովրդին, իսկ պաշտոնյաների, մտավորականների, հատուկ ծառայությունների վերնախավը և՛ արտասահման էր գնում, և՛ արտասահմանյան մշակույթին էր ծանոթանում, և՛, բնականաբար, կրում էր դրա ազդեցությունը: Չէ՞ որ Արևմուտքի «անբարոյականությունը» և «սխալ գաղափարները» ջախջախիչ քննադատության ենթարկելուց առաջ խորհրդային մտավորականները նախ ծանոթանում էին դրանց: Կազմակերպվում էին «այլասերող» ֆիլմերի «փակ դիտումներ»՝ «ընտրյալների» համար: Բայց չէ՞ որ նրանք էլ երկաթից չէին, և իրենց «ցնցող» տպավորությունների մասին պատմում էին ուրիշներին, սրանք էլ՝ իրենց ծանոթներին, և այդպես այդ կեղծ արժեքները տարածվում-հասնում էին նաև հասարակ ժողովրդին՝ հընթացս գովազդվելով:

– Իսկ 1980-ականների երկրորդ կեսին այդ պրոցեսն ուժգնացավ՝ ընդգրկելով ավելի մեծ լսարան:

– Այո՛: Բավական է հետևել խորհրդային հեղինակավոր ամսագրերի բովանդակությանը: Դրանցում կաթիլ առ կաթիլ ավելացվում էր «արևմտյան» փիլիսոփայություն, գաղափարախոսություն և մշակույթ:

– Օրինակ՝ “Наука и религия” ամսագրի 1960-70-ական թվականների համարներում քննադատվում էին միստիցիզմն ու օկուլտիզմը, իսկ 1990թ. համարներում արդեն բացահայտորեն գովազդվում ու քարոզվում էր նույն այդ օկուլտիզմը:

– Ես էլ ուրիշ օրինակ բերեմ: Ո՞վ կսպասեր, որ “Литературное обозрение” ամսագիրը կարող է արծարծել «սեքսի» թեման: Բայց ահա 1990թ. համարներից մեկն ամբողջովին նվիրված էր հայտնի, հեղինակավոր (շեշտեմ՝ հենց խորհրդային ընթերցողի համար) գրողների այն ստեղծագործություններին, որոնցում կան էրոտիկ տեսարաններ: Խոսքը այնպիսի հեղինակների մասին է, ինչպիսիք են Բուլգակովը, Նաբոկովը, նույնիսկ՝ Դոստոևսկին: Պետք է ասեմ, որ ամսագրի այդ համարում բերված ստեղծագործություններում կար ոչ միայն էրոտիկա, այլև միասեռականության, սադոմազոխիզմի նկարագրություններ, որոնց հանդեպ ընթերցողի «լոյալությունը» ձեռք էր բերվում այդ գրողների մեծ հեղինակության շնորհիվ: Իսկ հիմա վերընթերցեք Դալեսի ծրագիրը. նույնը չէ՞:

– Հիշում եմ, թե 1980-ականների վերջին ինչ աղմուկ էր հանել Նաբոկովի «Լոլիտան», որի սյուժեի առանցքը հասուն տղամարդու սեռական հակումն է անչափահաս աղջկա նկատմամբ, փաստացի՝ մանկապղծությունը: Եւ այդ գիրքը ձեռքից ձեռք էր անցնում:

– Միանգամայն տեղին օրինակ է: Ես կավելացնեմ մեծ աղմուկ հանած “ԾՈսպվՖՍՈÿ ԹպՐՈ”, “ԼվՑպՐՊպՉՏփՍՈ” ֆիլմերը, որոնցից առաջինում սոցիալական խնդիրներ արծարծելու քողի տակ ԽՍՀՄ-ում առաջին անգամ խոշոր պլանով ցուցադրվեց սեռական հարաբերությունը, իսկ երկրորդը, փաստորեն, պոռնկության գովազդ էր, քանի որ գլխավոր հերոսները հասարակության վերնախավին սպասարկող ուսյալ, կրթյալ, մի քանի օտար լեզվի տիրապետող պոռնկուհիներն էին: Դե, իսկ իտալական ֆիլմերից մեկը (վերնագիրը մոտավորապես եմ հիշում՝ «Եղկելիները, տականքները, կեղտոտները»), որը մեծ էկրաններին ցուցադրվեց ԽՍՀՄ-ի վերջին տարիներին, բացահայտ պոռնոգրաֆիա էր՝ ընտանիքի անդամների միջև սեռական հարաբերությունների ցուցադրմամբ:

– Եւ այդ ամենը, փաստորեն, ուղղորդվում էր վերևից՝ իշխանության կողմից:

– Իրադարձությունների վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ, այո՛. ԽՍՀՄ-ում զանգվածային լրատվամիջոցներն ու առհասարակ՝ հասարակության ամբողջ «վերնաշենքը» իշխանության, հատուկ ծառայությունների և կուսակցության վերնախավի խիստ հսկողության տակ էին: Ուստի հասկանալի է, որ որևէ բան փոխել, այն էլ այդքան արմատական, հնարավոր էր բացառապես «վերևի» թողտվությամբ:

– Փաստորեն, ԽՍՀՄ-ի կազմաքանդման տեխնոլոգիան հիշեցնում է թթխմորը. վերջինիս մի փոքրիկ քանակ աստիճանաբար խմորում է ալյուրի ամբողջ զանգվածը: Նույն կերպ էլ այլասերված մտավորականներն ու հասարակության վերնախավը կարող են այլասերել ամբողջ հասարակությունը:

– Միանգամայն ճիշտ համեմատություն է: Ավելին՝ թերևս, մարդկությանը հայտնի հին ճշմարտություններից: Հիսուս Քրիստոսն ի՞նչ է ասում Ավետարանում. «Զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից» (Ղուկ. 12:1), իսկ Պողոս առաքյալն արտահայտվում է ավելի հստակ. «Չգիտե՞ք, թե ինչ է ասում առածը. «Մի քիչ թթխմորն էլ խմորում է ամբողջ զանգվածը»: Չարության հին խմորը դե՛ն նետեք ձեզնից, որպեսզի ամբողջովին նոր և անխմոր զանգված լինեք» (Ա.Կոր., 5:6-8): Այստեղից էլ՝ քրիստոնեության մեջ խմորը դարձել է վարակող անմաքրության կամ բարոյական ապականության հոմանիշ:

– Եւ ուրեմն՝ արդարացված է հասարակության թթխմորը դեն նետելը:

– Միանշանակ:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


28/12/2011